Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստի օրակարգում է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 2025 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11.9 տոկոսով, 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 մլրդ դրամով: Ապահովվել է Կառավարության կողմից ճշտված ծրագրի 101 տոկոս կատարողականը՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 5.5 տոկոսային կետով բարելավում:
Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 2 տրիլիոն 725 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 100 տոկոս կատարողական եւ 7.6 տոկոսային կետով բարելավում նախորդ տարվա համեմատ: 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նախորդ տարվա համեմատ գրանցել են շուրջ 14 տոկոս աճ կամ հավելյալ 334 մլրդ դրամի եկամուտ, իսկ 2017 թվականի համեմատ գրանցվել է 2.4 անգամ աճ կամ հավելյալ 1 տրիլիոն 567 մլրդ դրամի եկամուտ:
Պետական բյուջեի ծախսերը կազմել են 3 տրիլիոն 305 մլրդ դրամ, 2024 թվականի համեմատ աճել են 11.8 տոկոսով կամ 350 մլրդ դրամով, իսկ 2017 թվականի համեմատ աճել շուրջ 2.2 անգամ կամ 1 տրիլիոն 800 մլրդ դրամով:
Կարդացեք նաև
Ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 95.8 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով շուրջ 2 տոկոսային կետով:
Նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերն ավելացել են 144 մլրդ դրամով կամ 26 տոկոսով՝ կազմելով ավելի քան 702.5 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 464 մլրդ դրամով կամ ավելի քան 2.9 անգամ: 2025 թվականի կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 89.6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով 4.9 տոկոսային կետով:
Շարունակվել են աճել տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված կապիտալ ծախսերը՝ կազմելով շուրջ 255 մլրդ դրամ՝ 2024 թվականի նկատմամբ արձանագրելով 35 տոկոս աճ, իսկ համայնքային ներդրումային ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացված սուբվենցիաների ներառմամբ՝ շուրջ 293 մլրդ դրամ՝ 2024 թվականի նկատմամբ արձանագրելով 31.6 տոկոս աճ:
Նախարարը մանրամասնել է նաեւ մի շարք ուղղություններով կատարված աշխատանքները, ներկայացրել թվային ցուցանիշներ: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ պետական պարտքի ռիսկերին, նշել, որ անընդհատ պարտքի կառուցվածքը մշտադիտարկվում է, պարտքի կայունության վերաբերյալ տարեկան վերլուծություն է իրականացվում եւ հաստատվում է միջնաժամկետ պարտքի ռազմավարությունը: «Մեր պարտքի մակարդակն ամենեւին խնդրահարույց չէ»,- արձանագրել է Վահե Հովհաննիսյանը:
Նիստում որոշ գերատեսչությունների ղեկավարներ խոսել են մի շարք ոլորտներում կատարված աշխատանքների ու ծրագրերի մասին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի, ընդերքի եւ պետական գույքի կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը: Զեկուցողը նշել է, որ 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում պետական բյուջեի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, նորոգվել ու հիմնանորոգվել է 504,5 կմ ընդհանուր ճանապարհ: Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 9,7 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով ավել է 2024 թվականի համեմատ: Դավիթ Խուդաթյանը փաստել է, որ մեր երկրում ավելացել է նաեւ էլեկտրաէներգիայի սպառումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով 2025 թվականին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3 մլն 667 հազար դրամ: Այն դոլարային արտահայտությամբ նախորդ տարվա համեմատ աճել է 10,7 տոկոսով: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 21 մլրդ ԱՄՆ դոլար, որից ներմուծումը՝ 13, իսկ արտահանումը՝ 8,4: Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 2.5 տոկոսով եւ կազմել է 2 մլն 263 հազար 642:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հարկային եւ մաքսային համակարգերում իրականացված բարեփոխումներին: Նշվել է, որ 2025 թվականին անկանխիկ գործարքներն աճել են 51,4 տոկոսով: Նախարարը նաեւ խոսել է ստվերի դեմ պայքարի հարցում էական արդյունքների մասին:
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրել է 10778 ընկերություն՝ 2024 թվականի դեկտեմբերին գրանցված 8072 ընկերության համեմատ: Նախորդ տարի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրիլիոն 207 մլն դրամ: Այս ցուցանիշը 2024 թվականին եղել է 942 մլրդ դրամ:
ԱԺ


















































