«Այսօր ապրում ենք մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ մարտահրավերները բազում են եւ շատ բարդ։ Պարզ է նաեւ,որ անընդհատ փոփոխվող իրավիճակ է, կա սահմանների շարժ, տարածաշրջանում կա պայթյունավտանգ իրավիճակ։ Սակայն մենք կդիմակայենք այդ մարտահրավերներին, այդ մարտահրավերներին կպատասխանենք այն նորարարությամբ, որը կատարելու ենք, այն աշխատանքով, որը տանելու ենք, այն լուծումներով, որոնք ներկայացվում են»,- Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Զվիկա Խայմովիչը:
Նա նշեց, որ ազգային անվտանգության ծրագիրն իրենց համար կողմնացույց է, որով առաջնորդվելու են։ Սա պարզապես փաստաթղթերի մի կույտ չէ, այլ իրական կողմնացույց, որով առաջնորդվելու են իրենց որոշումներում, գործողություններում՝ այնպես անելով, որ Հայաստանի զինված ուժերը լինեն ավելի ուժեղ։
«Ես երեք տասնամյակից ավելի եղել եմ զինված ուժերում, ես գիտեմ՝ ինչ ասել է պաշտպանել ձեր ժողովրդին, պաշտպանել ձեր հողը։ Եվ դուք նույնպես դա գիտեք։ Այսօր շատ են այն մարտահրավերները, որոնք ծառացել են մեր առջեւ, շատ են սպառնալիքները, եւ մենք գիտենք՝ ինչ պետք է անել այդ սպառնալիքներին դիմակայելու համար, ինչ տեղակայում պետք է ունենալ, ինչպիսին պետք է լինեն մեր զինված ուժերը, ինչ կարող ենք անել մենք, որպեսզի Հայաստանում զինված ուժերը լինեն հնարավորինս ուժեղ»,- ասաց նա։
Զվիկա Խայմովիչը նշեց, որ այսօր ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ նոր սպառնալիքներ կան, այս նոր սպառնալիքները նոր տեխնոլոգիաների տեսքով են ներթափանցում՝ դրանք են ԱԹՍ-ները, նոր հրթիռները, տարատեսակ տեխնոլոգիական զարգացումները, որոնց պետք է դիմակայել։ «Եվ ի՞նչ է սա նշանակում ձեզ համար, ի՞նչ է սա նշանակում՝ դուք գիտեք, ես գիտեմ, բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում։ Շատ կարեւոր է նաեւ փոխել մտածելակերպը, որպեսզի մենք կարողանանք դիմակայել, որպեսզի կարողանանք մշակել մի համակարգ, որը թույլ կտա պաշտպանությունը դարձնել ամենաբարձր մակարդակի»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Իսրայելցի գեներալը նաեւ ասաց, որ ազգային անվտանգությունը պահանջում է ուժեղ առաջնորդություն, որպեսզի հնարավոր լինի կայացնել ճիշտ որոշումներ: Սրանք այն որոշումներն են, որոնք կապված են յուրաքանչյուր մարդու կյանքի հետ, որոնք ազդելու են մեր ապագայի վրա։ «Ես հավատում եմ մեր թիմին, մեր առաջնորդությանը, ես հավատում եմ ծրագրին, որը մենք մշակել ենք։ Սա պարզապես կարգախոս չէ՝ ուժեղ խաղաղությունը գալիս է այն ուժեղ աշխատանքից, որը տարվում է։ Ուժեղ պաշտպանությունը թույլ է տալիս մնացածներին զսպել իրենց ուժը։ Եվ այսպիսով սա թույլ է տալիս մեզ կերտել ուժեղ ապրելաոճ, որովհետեւ ապրելու միակ տարբերակն ուժեղ լինելն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացմանը ներկա էր նաեւ Հունաստանից հատուկ նշանակության զորքերի փորձագետ Էֆտիմիս Տուրտիդիսը։ Նա իր ելույթում ասաց․ «Երբ մարդիկ քննարկում են ազգային անվտանգության հարցը, հաճախ կենտրոնանում են տեխնոլոգիաների, սարքավորումների վրա։ Սակայն, երբ մենք խոսում ենք Հայաստանի մասին, պետք է խոսենք մի պարզ ճշմարտությունից, որը վերաբերում է սահմաններին։ Հայաստանի սահմանները պարզապես գծեր չեն քարտեզի վրա, Հայաստանի սահմաններում է անվտանգությունը դառնում իրական»։
Մանրամասները՝ տեսանյութում
Էֆտիմիս Տուրտիդիսի խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք չի եղել անվտանգության երաշխիք։ Եվ այսպիսով՝ պատրաստված լինելը Հայաստանի համար պարտադիր է, այն թույլ է տալիս պաշտպանել երկիրն ու ժողովրդին։
Ամբողջական տեսանյութը այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































