«Ժամանակն է նախապատրաստել լուծման հիմքերը, որ Շվեյցարիան ստանձնի առաջնորդող դեր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նոր դիվանագիտական նախաձեռնությունը՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վրա, կարող է օրինակ դառնալ ամբողջ տարածաշրջանի համար և նպաստել իրական ու կայուն խաղաղությանը՝ ոչ միայն Ղարաբաղի, այլև Ադրբեջանի և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար», — Ժնևի մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) շահերի պաշտպանության գծով տնօրեն Ժուել Վելդկամպը։
CSI-ը քրիստոնեական մարդու իրավունքների կազմակերպություն է, պայքարում է կրոնական ազատության և մարդկային արժանապատվության պաշտպանության համար ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1977-ին՝ Ցյուրիխ քաղաքում։ Այսօր այն ունի մասնաճյուղեր ութ երկրում, սակայն միջազգային կենտրոնակայանը շարունակում է գտնվել Ցյուրիխում։
Ժուել Վելդկամպը հայտնեց, որ այսօր լրանում է մեկ տարին, ինչ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհուրդն ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով բանաձևը։
Այս առիթով նշեց․ «Այդ ֆորումը պետք է միավորի Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ներկայացուցիչներին։ Այս յուրահատուկ շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն արձագանք է այս տասնամյակի ամենամեծ, սակայն հաճախ անտեսված ողբերգություններից մեկին։ Մինչև 2023-ի հոկտեմբերը Լեռնային Ղարաբաղը բնակավայր էր 120,000 հայ քրիստոնյաների համար, որոնք ինքնակառավարվում էին անկախ հանրապետությունում՝ Արցախի Հանրապետությունում։ Հայերը հազարամյակներ շարունակ անընդմեջ բնակվել են Լեռնային Ղարաբաղում։ 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Լեռնային Ղարաբաղը։ Հաջորդ ինը ամիսների ընթացքում Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ստեղծեց հումանիտար ճգնաժամ տարածաշրջանում։ Վառելիքի, դեղորայքի և սննդի պաշարները կտրուկ նվազեցին։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սովն ու հուսահատությունը Լեռնային Ղարաբաղում հասել էին գագաթնակետին, Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություն՝ այս տարածքը գրավելու և այն հայ բնակչությունից դատարկելու նպատակով։ Սա դարձավ ժամանակակից պատմության ամենաամբողջական էթնիկ զտման արշավներից մեկը։ Ընդամենը յոթ օրվա ընթացքում գրեթե ամբողջ՝ շուրջ 120,000 հայ բնակչությունը փախավ Լեռնային Ղարաբաղից դեպի հարևան Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Լեռնային Ղարաբաղը դարձել է ուրվականների երկիր»։
Կարդացեք նաև
Փաստելով, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի նոյեմբերի 17-ին հստակ արձանագրել է, որ «Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ», նշեց․ «Այդ սկզբունքը չի իրականացվել։ Էթնիկ զտումից մեկ ամիս անց Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ գտել է «ռազմական լուծում» Ղարաբաղյան հակամարտությանը։ Թվում է՝ շատ երկրներ լուռ հույս ունեն, որ նա ճիշտ է, այսինքն՝ խաղաղությունը կարելի է կառուցել էթնիկ զտման հիման վրա։ Միայն Շվեյցարիայի խորհրդարանն է առաջարկել մեխանիզմ, որը կարող է իրականություն դարձնել վերադարձի իրավունքը։ Այս առաջարկը համապատասխանում է Շվեյցարիայի երկարամյա խաղաղարար և միջնորդական ավանդույթներին։ Այն չի ենթադրում պատերազմ, ռազմական գործողություններ կամ տնտեսական պատժամիջոցներ։ Փոխարենը՝ առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ կողմերը կարող են հանդիպել որպես հավասարներ։ 24.4259 շարժումը կոչ է անում կազմակերպել միջազգային վերահսկողությամբ խաղաղության գագաթնաժողով՝ հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձը բանակցելու նպատակով։ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը աջակցություն է ստացել նաև այլ երկրներում»։
Նա ափսոսանքով արձանագրեց, որ մինչ այժմ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը քիչ տեսանելի քայլեր է ձեռնարկել իր ստացած մանդատն իրականացնելու ուղղությամբ․ «Երբ դաշնային խորհրդական Իգնացիո Կասիսին հարցրել են այս անգործության մասին, նա պատասխանել է, որ Շվեյցարիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, և որ այդ երկու երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ նման ֆորումով։ Իրոք, Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ չի պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Նա նույնիսկ վերադարձի իրավունքի քննարկումը անվանել է «վտանգավոր և վնասակար թեմա»։
Անցած շաբաթ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում՝ նա հայտարարել է, որ «Ղարաբաղի քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և մշտապես բնակվեն Հայաստանում»։ Ըստ նրա՝ խաղաղությունը կարելի է կառուցել էթնիկ զտման հիման վրա»։
Ըստ Ժուել Վելդկամպի՝ այս դիրքորոշումը հակափաստարկ չէ շվեյցարական նախաձեռնության դեմ․ «Ընդհակառակը՝ այն դրա օգտին ամենաուժեղ փաստարկներից մեկն է։ Հայաստանի կառավարությունը չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հայերի շահերը։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ նրանց ընտրված ներկայացուցիչներն ունենան հարթակ՝ իրենց ժողովրդի ձայնը ներկայացնելու համար։ Մեկ այլ պատճառ, որը նշել է Կասիսը, այն է, որ Շվեյցարիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես պետություն և, հետևաբար, կապեր չի պահպանում նրա ներկայացուցիչների հետ։
Սա առաջացնում է պարզ հարց՝ ինչո՞ւ։ Շվեյցարական օրենսդրությունում չկա որևէ բան, որը կխանգարի կապ հաստատել չճանաչված կամ ոչ պետական միավորների հետ։ Նախկինում Շվեյցարիան բազմիցս արել է դա։ Նրա չեզոք կարգավիճակը նրան դարձնում է իդեալական միջնորդ։ Ավելի քան երեսուն տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքով ընտրել է իր ղեկավարներին։ Թեև Արցախի Հանրապետությունը ճանաչված չէր, այն փաստացի անկախ պետություն էր՝ ունենալով մշտական բնակչություն, տարածք, կառավարություն և արտաքին հարաբերությունների հնարավորություն։ Այսօր էլ, տեղահանությունից գրեթե երկուսուկես տարի անց, նրանց կառավարությունը շարունակում է գործել։ Ազգային ժողովը ստեղծել է հանձնաժողով՝ վերադարձի իրավունքի համար պայքարելու նպատակով»։
Ըստ Ժուել Վելդկամպի՝ Շվեյցարիան չունի կարողության պակաս այս նախաձեռնությունն իրականացնելու համար․ «Պակասում է կամքը կամ տեսլականը։ Հնարավոր է՝ ինչպես շատ այլ երկրներ, նրանք կարծում են, որ հակամարտությունն արդեն «լուծվել է»՝ էթնիկ զտման միջոցով։ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները ցույց են տալիս, թե որքան կարճատես է նման մտածողությունը։ Զինուժի կիրառմամբ խաղաղություն հնարավոր չէ կառուցել երկարաժամկետ։ Մի բան հստակ է՝ ցանկացած պատերազմ վերջանում է, և վերջում միայն միջազգային իրավունքի վրա հիմնված համապարփակ դիվանագիտական լուծումն է կարող ապահովել կայունություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































