Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ factor.am

Մարտ 18,2026 23:30 Share

Factor TV-ի հյուրը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն է։ Ողջույն, պարոն դեսպան։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Պարոն դեսպան, վաղը սպասվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։ Կարո՞ղ եք ներկայացնել մանրամասներ այցի օրակարգից։

Շնորհակալ եմ Ձեր ունկնդիրների հետ զրուցելու այս հնարավորության համար։ Հանձնակատար Մարթա Կոսի այցը շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար։ Ինչպես գիտեք, մենք ռազմավարական համագործակցության պայմանագիր ենք ստորագրել Եվրամիության և Հայաստանի միջև տարբեր ուղղություններով, և սա Մարթա Կոսի երկրորդ այցն է։ Նա այստեղ էր անցյալ տարի՝ սեպտեմբերին։ Այս այցը տեղի է ունենում առաջին անգամ սպասվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից երկու ամիս առաջ, և հանձնակատարը տարբեր ուղղություններով երկխոսություն է վարելու՝ նախ և առաջ դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում։ Սա ֆինանսական աջակցության ձևաչափ է, որը երկու տարի առաջ նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից էր հայտարարվել։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել Հայաստանի դիմակայունության, տնտեսական բազմազանեցման, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգում։ Այդ ձևաչափում մենք կապակցվածության ուղղությամբ ենք ներդրումներ կատարում, և սրանք նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար, հայկական բիզնես համայնքի և քաղաքացիների համար, և ուզում եմ ընդգծել մեր աշխատանքը վիզաների ազատականացման ուղղությամբ։ Այն շատ կարևոր, էապես կարևոր գործընթաց է ՀՀ քաղաքացիների համար։ Ինչպես գիտեք, վերջերս ունեցանք նաև մեկ այլ հանձնակատարի այց՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների այցը Հայաստան։ Սրանք շատ կարևոր հիմնաքարային ուղղություններ են ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստելու տեսանկյունից։

-Շարքային հայաստանցիներին, ինչպես դուք նշեցիք, Եվրամիության հետ կապված թերևս ամենաշատը հետաքրքրում է վիզայի ազատականացման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը այս պահին բանակցում է վիզայի ազատականացման հարցը։ Օրերս, այո, Մագնուս Բրուները՝ Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը, Երևանում էր, և նա ասում էր, որ եթե Հայաստանում այս բարեփոխումների թափը շարունակվի, ապա առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդությունը իրատեսական է, և համապատասխան զեկույցը ներկայացվելու է 2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գագաթնաժողովի ժամանակ։ Ո՞ր ոլորտներում է, որ Հայաստանը, պարոն դեսպան, առաջընթաց է գրանցել, և ո՞ր հարցերում է, որ դեռևս անելիքներ կան։

Շնորհակալ եմ այս հարցի համար, շատ կարևոր հարց է, քանի որ երկու կողմն էլ՝ և՛ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը, շատ կարևոր քաղաքական կապիտալ են ներդրել այս գործընթացի ուղղությամբ և ստանձնել երկկողմանի ամուր հանձնառություն՝ հենանիշները բավարարելու տեսանկյունից և հատկապես ապահովելու, որպեսզի ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարողանան ճամփորդել։ Սա միայն վիզաների ազատականացմանը չի վերաբերում, այն վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, բիզնեսներին, կարևոր է ընտանիքների համախմբման համար և առնչվում է նաև երիտասարդներին։ Համոզված եմ, որ այս գործընթացը մեր ժողովուրդներին ավելի մոտ է դարձնելու և լայն հնարավորություններ է բացելու Հայաստանի քաղաքացիների համար՝ հասկանալու, թե ինչպես է Եվրոպական միությունը գործում, առօրյա կյանքը Եվրամիությունում ինչպիսին է։

Դուք հարցրիք գործընթացի մասին։ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վիզաների ազատականացման երկխոսություն է վարում։ Սա ցույց է տալիս, որքան կոնկրետ և էական են մեր գործընկերության ուղղությունները, և այդ գործընկերությունը չի վերաբերում ընդհանրական հայտարարություններին, այն կոնկրետ քաղաքացիների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար է։

Անցյալ տարի մենք տրամադրեցինք գործողությունների ծրագիրը։ Այստեղ այն պետք է տեխնիկական մակարդակում ԵՄ անդամ պետությունների փորձագետների աջակցությամբ իրականացվի և գնահատվի՝ դրա իրականացման և երկխոսության հիման վրա։ Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, պետք է գնահատում արվի։ Այդ գնահատումը պետք է լինի իրատեսական՝ ինչ է իրականացվում և որքանով է Հայաստանը հանձնառու այդ գործողություններն իրականացնել։

Մենք ակնկալում ենք կառավարության կողմից ստանալ կոնկրետ ժամանակացույցներ՝ հենանիշների իրականացման ուղղությամբ, և հանձնակատար Բրուների կարծիքն այն է, որ այո՛, եթե այս ուղղությունը շարունակվի, վիզաների ազատականացումը շատ շուտով իրականություն կդառնա։

Գործողությունների ծրագրերի ուղղությունները հետևյալն են՝ ոլորտային բարեփոխումների իրականացում՝ այն բարեփոխումների, որոնք անհրաժեշտ են ապահով, անվտանգ շարժունակություն ապահովելու համար, որպեսզի երկկողմանի չստեղծենք լրացուցիչ խնդիրներ։ Որոշ ռեֆորմներ կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերին են վերաբերում։ Շատ խրախուսելի է տեսնել, որ ՀՀ կառավարությունը մեկնարկել է այդ համակարգի ներդրումը։ Սա շատ կարևոր է։

Կլինի առաջին մակարդակի օրենսդրության ընդունում, հետո արդեն կլինի իրականացման բաղադրիչը․ խոսքը իրավունքի գերակայության, սահմանների կառավարման, անձնական տվյալների պաշտպանության ուղղություններով բարեփոխումների մասին է։ Դրանք մարդկանց առօրյա կյանքին են վերաբերում։ Մենք շարունակելու ենք այս շփումները՝ դարձյալ ներգրավելով փորձագետներին։ Եվ այն պահից սկսած, երբ բոլոր հենանիշները բավարարվեն, մենք կկարողանանք ներդնել առանց վիզայի համակարգ ՀՀ քաղաքացիների համար։

-Հասկանում եմ, որ դժվար հարց եմ տալիս, այնուամենայնիվ՝ ըստ Ձեզ, ե՞րբ վիզաների ազատականացումն իրականություն կդառնա։

Ես հասկանում եմ հետաքրքրությունը, և այս հարցը ինձ տալիս են նաև քաղաքացիների հետ իմ շփումների ընթացքում։ Սա շատ կարևոր հարց է, բայց ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացը կախված է հենանիշների բավարարումից։ Այն պահին, երբ հենանիշները բավարարվեն, և մենք պատրաստ լինենք, Հայաստանի կառավարությունը, Ազգային ժողովը պետք է իրականացնեն դա։ Այդժամ մենք պատրաստ կլինենք ժամկետների մասին խոսել, բայց շատ կարևոր է, որ մենք տեսնում ենք՝ որքան են քաղաքացիները հետաքրքրված տեսնելու այս գործընթացի իրականացումը։

Կարծում եմ, որ երկար չի տևի այդ գործընթացը, բայց ավտոմատացված գործընթաց չէ, ժամկետները կապված են հենանիշների իրականացումից։ Բայց տեսնելով ՀՀ կառավարության կողմից հանձնառությունը, կարծում եմ՝ հայկական ինստիտուտները պատրաստ կլինեն։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031