Գեղարվեստական լուսանկարչության երիտասարդ Վարպետը
Կյանքում հաճախ լինում է այնպես, որ պայքարի զենքերը լինում են տարբեր, փոխարինվում մեկը մեկով եւ եթե նշանառությունդ դիպուկ է՝ լինի տեսախցիկ, թե ինքնաձիգ՝ միշտ նշանակետին կհասնես։ Զինվորի տան ժպտադեմ ու խորաթափանց, պրպտող հայացքով լուսանկարչական աչքը, Մեսրոպը, ում տեսնելիս ամեն անգամ մտածում էի, որ այս զինվորի մեջ փնտրող ու մշտաժպիտ հայացքը նաեւ ներքին լռություն ունի, լռություն, որ թողել է պատերազմը, իսկ այն մեկը չէր, երկուսը չէր։
Մեսրոպ Սարիբեկյան, հերոսի որդի, ում հայրը արցախյան առաջին պատերազմի հերոսներից է, ցավոք, անհայտ կորած։ Կյանքի ամենաթանկ կորուստների մեջ ապրած ու մեծացած հայորդին 44-օրյա պատերազմի մասնակից դարձավ, հայրենիքն ու հոր ձայնը միաձուլվել էին ունկերում եւ նա եկավ օտար ափերից իր որդիական պարտքի ու վրեժի ետեւից։ Մեսրոպի հետ զրույցը հուզիչ է, լի ջերմությամբ ու մտքերով, որոնք նրա ձեռք բերած մասնագիտության՝ գեղարվետական լուսանկարչության տեսախցիկից նույնքան խորիմաստ ու գունեղ է արտահայտվում, որքան խոսքի ու պատումի մեջ, այդ բացառիկ պահերից մեկն այսօր մեր օրաթերթինն է, այս պարագայում արդեն կադրը խոսքի վերածած մեր զինհաշմանդամ զինվորի հետ, ով իր կյանքի դժվարին ճանապարհներին միշտ փնտրում ու գտնում է գեղեցիկը։
– Զինվոր, ում զենքը այսօր լուսանկարչական խցիկն է, մի քիչ խոսենք կադրից դուրս ու ներս անելով։ Որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Սարիբեկյանը, ինչպիսի՞ ընտանիքում, քույր–եղբայր, մասնագիտական կրթություն։
Կարդացեք նաև
– Ծնվել եմ 1983 թվականի օգոստոսի 17-ին՝ Երեւանում։ Ունեմ մեկ քույր ու եղբայր։ Հայրս՝ Արցախյան շարժման առաջամարտիկ Հակոբ Սարիբեկյանը 1992 թ. օգոստոսի 8-ից՝ Արծվաշենի հանձնման օրվանից, համարվում է անհետ կորած։ Սոցիալական ծանր պայմանների պատճառով չեմ ստացել բարձրագույն կրթություն եւ ծառայությունն ավարտելուց հետո մեկնել եմ ՌԴ՝ աշխատելու։
– Երազանքներ, նպատակներ, որոնք փոխեց կամ խանգարեց պատերազմը։
– Միշտ նպատակ եմ ունեցել մշտական վերադառնալ հայրենիք, տուն ունենալ, այստեղ կազմել ընտանիք։ Պատերազմը նպաստեց վերադառնալ հայրենիք, իսկ վիրավորումը ստիպեց այլեւս մնալ իմ ու տղերքի արյամբ պաշտպանած հայրենիքում։

– Ինչպե՞ս հայտնվեցիր Արցախում եւ ի՞նչ էր արցախյան այս պատերազմը քեզ համար, գոյապարքա՞ր, հայրենապաշտպանությո՞ւն, վրե՞ժ…
– 2020 թ. վերադարձա հայրենիք՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմին։ Մայրս ու քույրս պահել էին անձնագիրս ու զինգրքույկս, սակայն զինկոմիսարիատի ծանոթների միջոցով կարողացել եմ առանց դրանց մեկնել Արցախ։ 2020 թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 15-ը եղել եմ Հադրութում, այնուհետեւ Սղնախում եւ Շուշիի մատույցներում, մասնակցել ծանր մարտական գործողությունների։ Պատերազմ գնալու առաջին պատճառը հորս վրեժն էր, հետո միայն հայրենիքի հանդեպ սերը եւ կորցնելու վտանգի զգացումը։
– Երբ մահը տեսնում ես քո աչքերով, քայլում կյանքի ու մահվան սահմանագծով, ինչպիսի՞ն է կյանքը նրանից հետո։
– Նոյեմբերի 4–ին ստացել եմ հրազենային ծանր վիրավորում՝ Քարին տակ գյուղում։ Հանելով վրայիս ամրացված նռնակը, պտտացնելով օղակի ոլորները, պահելով կրծքավանդակիս մոտ, որ մոտեցող հակառակորդի հետ պայթեցնեմ նաեւ ինձ, սկսեցի պատկերացնել թաղումս, եթե իհարկե մարմինս գտնեն, մորս ու քրոջս հեկեկալիս։ Փառք Աստծո, ընկերներս շատ մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով հանեցին ինձ Քարին տակից եւ մի քանի վիրահատություններից հետո վերադարձա առօրյա կյանք՝ արդեն հայրենիքում եւ նոր մասնագիտությամբ։ Պատերազմը ստիպեց վերաարաժեւորել կյանքը, ընկած ընկերների սխրանքն ու արարել հայրենիքում՝ սիրելով այն աշխարհում ամեն ինչից շատ։
– Եթե ետ տալու լինեինք ժամանակը, ո՞ւմ եւ ի՞նչ կցանկանայիր ասել։
– Եթե հնարավոր լիներ հետ վերադարձնել ժամանակը, երեւի կցանկանայի մեկ անգամ գրկել հորս, ասել, որ իր որդին իրեն արժանի է մեծացել, բայց չէի կարողանա ասել երբեք, թե ի՞նչ եղավ իր եւ իմ պաշտպանած Արցախի ճակատագիրը։ Չնայած չեմ կորցնում հավատս, որ դեռ ամեն բան փոխվելու է եւ խաղաղություն լինելու է միայն մեր հաղթանակով։ Առաջ Աստված։
– Հաղթահարման քո ճանապարհը ինչպե՞ս գտար։
– Պատերազմից հետո Հայաստանում չունենալով ոչինչ, սկսեցի բառի ամենաբուն իմաստով ապրել Զինվորի տանը, որտեղ էլ սկսեցի սովորել լուսանկարչություն, որովհետեւ նախկին մասնագիտությամբ՝ զոդող, այլեւս վաստակել չէի կարող, վիրավորումս թույլ չէր տալիս։ Իսկ վիրավորման համար ստացած գումարով էլ ձեռք բերեցի բնակարան, որտեղ էլ ապրում եմ այժմ իմ նորաստեղծ ընտանիքով։
– Զինվորի տան դերը քո կյանքում գիտեմ, որ վճռորոշ է եղել բազմաթիվ առումներով, ի՞նչ ճանապարհ էր ռեաբիլիտացիոն ուղին, որով անցար եւ ի՞նչ է իրականում այն յուրաքանչյուր զինհաշմանդամի համար, քանի որ կան խնդիրներ, որոնք պարբերաբար վերարթնանում են եւ կյանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ է անցնել նման հոգատար ու մասնագիտորեն տարվող բուժական ընթացքով թերեւս ողջ կյանքի ընթացքում։
– Ինչպես արդեն ասացի, Զինվորի տունը նախ եւ առաջ ինձ համար տուն է, որտեղ վերադարձա օտարությունից հետո, իսկ ինչ վերաբերում է վերականգնողական բուժմանը, այո, Զինվորի տունը շարունակական հոգատարությամբ եւ մշտապես թարմացվող բժշկական նորարարություններով օգնում է յուրաքանչյուր զինհաշմանդամի եւ ոչ միայն զինհաշմանդամներին, այլ նաեւ քաղաքացիների, ովքեր ունեն առողջական խնդիրներ, փոխելով նրանց կյանքի որակը։ Բացի բժշկական օգնությունը, Զինվորի տունը նաեւ օգնում է մեզ ինտեգրվել սոցիալական կյանքին, ձեռք բերել մասնագիտություններ, աշխատանք, վերադառնալ կյանքի բնականոն հուն՝ արդեն վիրավորումով եւ որոշակի խնդիրներով։

– Ինչպե՞ս գտար Նրան, այն հոգատար ու սիրող սիրտը, ում տեսնում էինք քեզ ուղեկցելիս Զինվորի տան այգում՝ հիմա քո կինն է, ունեք հրաշալի փոքրիկ։
– Կինս՝ Անին, շատ ուժեղ մարդ է։ Պատերազմը չի շրջանցել նաեւ իր ընտանիքին. հորեղբայրը՝ Մանուչար Ջավադի Ապրեսյանը անմահացել է 1992 թվականին, եւ հորեղբոր որդին՝ Տիգրան Թադեւոոսի Ապրեսյանը 2020 թվականին։ Այդ ցավը, սակայն, չի խանգարել նրան պատերազմի ժամանակ որդի կորցրած ընտանիքների, վիրավոր տղաների հետ հարազատանալու, եւ նա չէր շրջանցել նաեւ ինձ։ Հոգատարությունը ու օգնելուց երջանկացող տեսակն էլ կապեց մեզ հավերժ։ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին պետք է կայանար մեր հարսանյաց հանդեսը, սակայն սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի պատճառով չեղարկեցինք ամեն ինչ, եւ միայն Աստծուց օրհնություն ստանալով կազմեցինք ընտանիք, իսկ արդեն 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվեց աղջիկս՝ Սոնա Մեսրոպի Սարիբեկյանը։
– Ինչո՞ւ լուսանկարչական օբյեկտիվը, ի՞նչ էիր փնտրում նրա միջոցով եւ գտե՞լ ես արդյոք։
– Լուսանկար սիրել եմ միշտ եւ այժմ այն ինձ համար ոչ միայն աշխատանք է, այլ ցավազրկող, որն օգնում է վերականգնել գեղեցիկն ու կյանքը իր բոլոր գույներով։
– Լուսանկարչության արվեստի մեջ հայտնի անունները թողել են իրենց ձեռագիրը, գեղարվեստում էլ է դժվարին ու կարեւոր ձեռագիր ստեղծելը, բայց լուսանկարչության մեջ կարծում եմ առավել եւս, քանի որ մեծ առումով դու չես կառավարում պատկերը…
– Լուսանկարչության մեջ, բացի այն, որ ամեն օր սովորում եմ, փորձում եմ նաեւ ունենալ սեփական ձեռագիր։ Ինձ համար կարեւոր է ֆիքսել իրական էմոցիաներ, որպեսզի նկարներս խոսեն իմ փոխարեն։
– Քո փնտրածը լուսանկարչական տեսախցիկի միջոցով ի՞նչ կարեւորագույն մեխ պիտի ունենա իր մեջ, որ գոհացնի քեզ եւ համարես հաջողված գործ։
– Ցավոք, Հայաստանում լուսանկարչությանը քչերն են վերաբերվում որպես արվեստ։ Երբ ասում ես լուսանկարիչ եմ, միանգամից հարցնում են՝ հարսանիքներ նկարո՞ւմ ես։ Այո, նկարում եմ հարսանիքներ, բայց անգամ այդ ժամանակ փորձում եմ ստանալ այնպիսի նկարներ, որոնք կպարգեւեն ժպիտ, նայելիս կվերապրեն նույն էմոցիաներն, ինչ նկարում։
– Ցուցահանդեսով եղել ես արտերկրում, ի՞նչ են փնտրում մարդիկ այս արվեստի մեջ։
– 2025 թ. ապրիլին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել իմ առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել եմ 30 լուսանկար՝ Հայաստանի գողտրիկ անկյունները, եկեղեցիներ, տեսարժան վայրեր եւ մի քանի կադր արված ներկայացումներից, որոնց խորագրերը ներկայացնում էին հայի կյանքն ու ունեցած ծանր ապրումները՝ ցեղասպանությունների, պատերազմների հետեւանքներ։
– Ի՞նչ է պետք մեզանում դեպի լուսանկարչական արվեստ նոր քայլ անելու, այն հավուր պատշաճի ներկայացնելու եւ սերնդափոխության համար այս ասպարեզում։
– Կցանկանամ, որ հարգվի լուսանկարչի գործը, գնահատվի, որպես պատմության եւ աշխարհի վավերագրողներ՝ նկարների միջոցով։
– Պատրաստվում ես հերթական անհատական ցուցահանդեսիդ՝ բավականին ասելիքով, հարուստ խորագրով, բացենք մի փոքր փակագծերը, ի՞նչ է սպասվում այցելուներին։
– Այժմ 2026 թ. ապրիլի 5-ին պլանավորված է իմ երկրորդ անհատական ցուցահանդեսը, որն ունի «Մենք ընտրեցինք ապրել» խորագիրը, որի ժամանակ ներկայացնելու եմ այն տղաների լուսանկարները, որոնք պատերազմից հետո յուրաքանչյուրն իր ձեւով ընտրել է ապրելու իր բանաձեւը։ Եվ քանի որ ես էլ նրանցից մեկն եմ, ցուցահանդեսում ներկայացված կլինեն նաեւ իմ կողմից նկարված այլ նկարներ։ Լուսանկարները կարող են տեսնել, գնահատել, կիսվել իրենց կարծիքներով յուրաքանչյուրը, քանի որ մուտքն ազատ է լինելու ժամը 12:00-ից մինչ 22:00-ն։
– Ինչպե՞ս կպատկերեիր քո պատկերացրած Հայաստանի ապագան լուսանկարչական տեսախցիկից այն կողմ եւ ի՞նչ կավելացնեիր քո պատկերացրած Հայաստանի պատկերին։
– Մարդկության պատմության հենց առաջին էջից է հայոց պատմությունն սկսվում, պատմություն, որը ժառանգել է մեզ գոյության պայքարի, քաղաքակիրթ դառնալու, ազգ ու հայրենիք ունենալու մեծ փորձ, բայց ցավոք, այդ փորձը երբեք չօգտագործող, սխալներից չսովորող ժողովուրդ։ Հայը կռվել ու վաստակել է իր գոյության իրավունքը, սակայն չուղղելով իր սխալները, միշտ ստիպված է եղել պայքարել այդ իրավունքի վերահաստատման համար։ Պատերազմի միջով անցնելիս թերեւս ամենակարեւորը քեզ խաբված ու դավաճանված չզգալն է, միայն այդ դեպքում ես կարողանում արժանապատվորեն անգամ նահատակվել հանուն վեհ գաղափարի՝ հայի լինելության։ Սակայն իմ անցած պատերազմում հայը բաժանված էր հայաստանցու եւ արցախցու, հների ու նորերի, իսկական կռվող տղերքի ու վախկոտ հրամանատարների, ու թշնամուն այլեւս ոչինչ չէր մնում անել, քան առանց մեծ ջանքերի ոտնահարել մեր պատմական իրավունքը՝ կյանք ու հայրենիք ունենալը։ Սակայն վտանգված հայրենիքին, հային ու հայ ազգին չթուլանալ ու վերադաստիարակվել է պետք, հայը հային սիրել ու օգնել, թշնամուն չթերագնահատել ու հզորանալ, մասնատվելու փոխարեն միավորվել է պետք, սխալներից սովորել է պետք։ Ու այս դեպքում միայն մենք կհասնենք ոչ միայն իմ, այլ ամբողջ հայ ազգի լուսավոր ու հզոր ապագային, որտեղ բոլոր պատկերները կլինեն գունավոր, վերքերը սպիացած, լեռները ազատ, ինչն էլ ամենաշատն է պակասում նկարներում։
Հարցազրույցը՝
արվեստաբան ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2026




















































