«Հրապարակի» զրուցակիցը 2022-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Սերյոժա Ղազարյանի հայրն է` Սերժ Ղազարյանը:
– Իշխանությունները որդեգրել են մի քաղաքական գիծ, համաձայն որի` արգելված է խոսել Արցախի մասին, արգելված է խոսել Հայոց ցեղասպանության մասին, արգելված է Արցախի պատմության մասին գրքեր կարդալ, արգելված է Մասիս սարն անվանել հայկական, եւ այսպես շարունակ: Վաղը գուցե ադրբեջանցիներին եղբայրաբար չընդունելու համար մարդկանց բանտարկեն, եթե հունիսի 7-ին ՔՊ-ն վերընտրվի: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դրա մասին է: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:
– Ես Նիկոլ Փաշինյանին չեմ համարում երկրի ղեկավար, ու, առհասարակ, Հայաստանն անտերության մատնված երկիր է, որը ոչ մի կառավարիչ չունի` թողնված է բախտի քմահաճույքին: Ընտրարշավների, նախկին քարոզարշավների ժամանակ նա մեր ժողովրդին լրիվ այլ բան էր խոստանում, հիմա այլ բան է խոստանում, նա այդ աթոռին տիրացավ ստի միջոցով: Անցան տարիներ, նա իր ոչ մի խոստումը չկատարեց, դրան էլ գումարած՝ հանձնեց Արցախն ու հայկական դիրքերը: Ինչից խոսում ես, ասում են` ասֆալտ, բայց մի՞թե մեր ազգային արժանապատվությունը, մեր թասիբը, մեր տղերքի արյունը կարելի է համեմատել ասֆալտի հետ: Ես դեմ չեմ, թող իրենց զավակների կյանքը համեմատեն ասֆալտի հետ, բայց իմ երեխայի կյանքը թույլ չեմ տալիս…. էդ ի՞նչ հեծանիվ են հայտնաբերել, ասֆալտ, հա ասֆալտ, զզվեցինք արդեն, էլի: Քանդված փողոցը բա պիտի ասֆալտ անեք, բա ի՞նչ պետք է անեք, հերիք եղավ, էլի, աչքներիս թոզ փչեք, վերցրեք ձեր ասֆալտն ու հեռացեք, մեզ ո՛չ դուք եք պետք, ո՛չ էլ ձեր անտեր ասֆալտը: Երկիրը՝ տնտեսական կորուստների մեջ, աղքատությունը՝ շատ, մարդիկ սոված են, սրանք սաղ օրը՝ ասֆալտ ենք անում, հա՝ ասֆալտ ենք անում, ասֆալտով հարց լուծվո՞ւմ է: 8 տարի շարունակ Հայաստանի վարչապետն ինքն է, եթե Արցախը մերը չէր, ինչո՞ւ էր ուղարկում մեր երեխեքին պատերազմ, դե թող միանգամից ասեր` Արցախը մերը չի, Ադրբեջանին ենք տալու, ժողովուրդն էլ էդ ժամանակ արդեն գիտեր՝ ինչ կաներ ու ոնց կաներ, ինչի՞ համար մսաղացը գցեց մեր տղերքին: 90-ականներից սկսած, պայքարում ենք Արցախի համար, հետո քառօրյա պատերազմը տեղի ունեցավ, էլի դիմադրեցին մեր տղերքը, 44-օրյան տեղի ունեցավ, բոլորն այդ մասին են միայն խոսում, բայց պետք է նաեւ ամեն հարմար առիթով հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին թուրքը մտել է մեր տների մեջ, մեր երեխեքին սպանել ա: Այո, մեր տան մեջ, մեր սուվերեն տարածքը մեր տունն ա: Մարդ չի՞ զոհվել սեպտեմբերյան մարտերի ժամանակ, հա՞, 254 տղան հե՞չ, որ մեր սուվերեն տարածքում զոհ գնացին: Վարդենիս, Ջերմուկ, Վերին Շորժա եւ այլն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































