Երեւանի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գեւորգյանին խիստ նկատողություն տալու մասին։
Հիշեցնենք, որ Ալիսա Գեւորգյանին խիստ նկատողություն էին հայտարարել Հովհաննես Իշխանյանի գրառմամբ Ֆեյսբուքում կիսվելու համար։ Հետո մի անգամ էլ կարգապահական տույժ՝ նկատողություն էր կիրառվել` Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը եւս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:
Ալիսա Գեւորգյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ ի՞նչ մթնոլորտ է այժմ Հանրային ռադիոյում, ինչպե՞ս են լրագրողները հանդուրժում Քոլոյանին։ «Մարդիկ տարբեր են բոլոր կոլեկտիվներում: Որքանով ես տեղյակ եմ, տնօրենն իր դիրքերը հիմա ամրապնդել է եւ իրեն լավ է զգում, հավանաբար, Փաշինյանի հետ իր կապերն ավելի է ամրացրել: Հանրային ռադիոն նիկոլական քարոզչամիջոցի է վերածվել: Երբեմն հետեւում եմ հաղորդումների հյուրերին` զարմանում եմ, որ Ռադիոն երբեք չի եղել այդպիսին: Ես նման Ռադիոյում չեմ աշխատել, մեզ համար լավ հաղորդումը սուր հաղորդումն էր: Հնչեցնում էինք մարդկանց հոգսերի, ցավերի ու խնդիրների մասին եւ դրանից մեզ լավ էինք զգում, քանի որ օգտակար աշխատանք էինք կատարում: Բնական է, որ հանրային լրատվամիջոցում կա ներքին տաբու, եւ առանց դիտողությունների ու կապանքների մենք հասկանում էինք, որ աշխատում ենք մի լրատվամիջոցում, որը չպետք է, օրինակ, բանակին սուր քննադատության ենթարկի, քանի որ մեզ լսում է նաեւ թշնամին, բնականաբար, չէինք հայհոյում եւ այլն, բայց սուր հաղորդում անելը մեզ համար ոչ մի անգամ չի եղել խնդիր: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ նախարարին մի սուր հարց տալու համար հայտարարում են, թե սաբոտաժ եք անում իշխանության դեմ: Օրեր առաջ տեսա՝ Արեգ Քոչինյանն էր ելույթ ունենում Ռադիոյով: Նա այն երիտասարդն է, որն առաջարկում է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրել, այն Ադրբեջանին, որ ամիսներ շարունակ արցախցիներին պահում էր շրջափակման մեջ, իսկ հետո պատերազմով հայաթափեց Արցախը: Այնպես որ, Ռադիոն վերածվել է Նիկոլ Փաշինյանի հակահայկական քարոզչամեքենայի: Ես ոչ մի անձնական ակնկալիք չունեմ ու չեմ պատրաստվում այդ մարդու հետ աշխատել, սակայն ինձ համար կարեւոր է, որ շուտով 100-ամյակը նշող՝ ինձ անչափ հարազատ Ռադիոն նմանօրինակ ստորացած ու արժեզրկված կերպով չներկայանա հասարակությանը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































