Ժամանակակից պատերազմը՝ հրթիռների և նարատիվների միջև․ երբ իրականությունն ու ընկալումը չեն համընկնում
Մերօրյա հակամարտություններում ռազմական գործողությունները զարգանում են կանխորոշված տրամաբանությամբ՝ հրթիռներ, անօդաչու սարքեր, ավիացիա, սակայն դրանց զուգահեռ ձևավորվում է մեկ այլ իրականություն՝ տեղեկատվական, որտեղ պայքարն ընթանում է ոչ պակաս ինտենսիվությամբ։ Եվ պատերազմներում տեղի ունեցողը միշտ չէ, որ համընկնում է այն պատկերին, որը ձևավորվում է հասարակական գիտակցության մեջ։
Իրան–ԱՄՆ և Իսրայել ընթացող պատերազմում այս տարբերությունն առավել ակնհայտ է։ Տեղեկատվական հոսքերում ներկայացվող պատկերը հաճախ չի արտացոլում դաշտում տեղի ունեցող գործընթացների ամբողջականությունը։ Նույնիսկ այն դեպքերում, երբ տարբեր աղբյուրներ արձանագրում են իրանական հրթիռային հարվածների արդյունավետությունը, այդ տեղեկությունները հասնում են հանրությանը մասնատված կամ մեղմացված շեշտադրումներով։
Այս հակասությունը պատահական չէ։ Տեղեկատվական դաշտը վաղուց դարձել է պատերազմի բաղկացուցիչ մասը, որտեղ պարտության և հաղթանակի սահմանները որոշվում են ոչ միայն ռազմական արդյունքներով, այլև դրանց հասարակական ընկալման ձևավորմամբ։ Լրատվամիջոցները, որոնց առաջնային գործառույթը պետք է լինի իրադարձությունների ամբողջական ներկայացումը, սկսում են ընտրել, զտել կամ ձևափոխել տեղեկատվությունը և իրականությունն անցնում է բազմաշերտ ֆիլտրերով ու հանրությանը հասնում փոփոխված տեսքով։
Կարդացեք նաև
Հարցը, սակայն, միայն տեղեկատվության ընտրության մեջ չէ։ Խնդիրը նաև այն է, թե ինչ մեխանիզմներով է ձևավորվում հանրային ընկալումը։ Ժամանակակից աշխարհում մեդիան, վերլուծական հարթակները և մշակութային արտադրանքը՝ ներառյալ կինոն, ստեղծում են երկարաժամկետ նարատիվներ, որոնք հաճախ ձևավորում են «անպարտելիության» կամ «անխոցելիության» պատկերներ և պահպանվում նույնիսկ հակառակ փաստերի առկայությամբ։
Հետևաբար իրական պարտությունը միայն ռազմական դաշտում կրած կորուստը չէ։ Ավելի խորքային մակարդակում պարտություն է նաև այն, երբ հասարակությունը սկսում է ընկալել իրադարձությունները ոչ թե ըստ տեղի ունեցածի, այլ ըստ ներկայացվածի։ Հենց այս պատճառով տեղեկատվական միջավայրում կիրառվում են տարբեր գործիքներ՝ գրաքննություն, ուշացում, տեղեկատվության մասնատում կամ հակադարձ լուրերի ակտիվ տարածում։
Ձևավորվում է յուրատեսակ պարադոքս․ իրականությունը և դրա ընկալումը սկսում են շարժվել տարբեր ուղղություններով։
Եթե նախկինում հաղթանակը չափվում էր տարածքների վերահսկմամբ կամ ռազմական առավելությամբ, ապա այսօր այն ավելի ու ավելի հաճախ որոշվում է ընկալման դաշտում։ Մտքերի և գնահատականների վրա ազդեցությունը դառնում է նույնքան կարևոր, որքան ռազմաճակատում ձեռք բերված արդյունքները։
Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև այն ռազմավարությունները, որոնք կիրառվում են հակառակորդի նկատմամբ։ Բարձրաստիճան ղեկավարության թիրախավորումը, որը հաճախ ներկայացվում է որպես կոնկրետ բլից գործողություն, իրականում ունի ավելի լայն նպատակ՝ ստեղծել շոկային ազդեցություն և խաթարել կառավարման համակարգը։ Այս մոտեցման հիմքում այն ենթադրությունն է, որ համակարգը կառուցված է հստակ հենասյուների վրա, և դրանցից մեկի հեռացումը կարող է բերել ամբողջ կառուցվածքի փլուզմանը։
Սակայն այս մոդելը միշտ չէ, որ աշխատում է։ Որոշ երկրներ, մասնավորապես Իրանը գործում են ոչ թե մեխանիկական, այլ օրգանական տրամաբանությամբ։ Այդպիսի համակարգերում առանձին տարրի հեռացումը չի հանգեցնում փլուզման, այլ հակառակը՝ ակտիվացնում է ներքին ռեսուրսները, ուժերի վերաբաշխումը և բարձրացնում դիմադրողականությունը։
Հնարավոր է տեսնել իրավիճակներ, երբ միաժամանակյա ռազմական և տեղեկատվական ճնշման պայմաններում տեղի չի ունենում սպասվող փլուզում։ Փոխարենը նկատվում է գործողությունների շարունակություն, համակարգի ադապտացում և նույնիսկ ակտիվացում։ Սա ցույց է տալիս, որ ժամանակակից հակամարտություններում ուժի կիրառումը միայն ֆիզիկական հարթությունում բավարար չէ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Հրթիռները կարող են հասնել իրենց նպատակակետերին, սակայն դրանց ազդեցությունը ամբողջական կլինի միայն այն դեպքում, երբ այդ իրականությունը կհասնի նաև հասարակական գիտակցությանը։
Վազգեն Պետրոսյան
Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ-ի համակարգող


















































