Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ կան՝ ինձ ասում են՝ կլինի՞ կնոջս համար մի գործ ճարես՝ թեկուզ նվազագույն աշխատավարձով, տնից դուրս գա։ Վիրավորական է, թեև իմ կինը չէ, իր կինն է»․ Արսեն Թորոսյան

Մարտ 19,2026 18:45 Share

«Պետք է նաև զբաղվենք դերերի ավանդական ձևախեղման խնդրով, որ անպայման կինը տանը պետք է լինի և չաշխատի, և եթե աշխատում է, ուրեմն իրեն պետք է տալ ընդամենը նվազագույն աշխատավարձ։ Կներեք, բայց ընտանիքներից էլ եմ դա լսում։ Տղամարդիկ ասում են՝ կլինի՞ կնոջս համար մի գործ ճարես, ընդամենը նվազագույն աշխատավարձ ստանա, տնից դուրս գա։ Դա էլ է ինձ համար շատ վիրավորական, թեև իմ կինը չէ, իր կինն է։ Ի՞նչ է նշանակում՝ տնից դուրս գա»,- ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ կինը հաճախ շատ ավելի մեծ արժեք է ստեղծում, քան տղամարդիկ․ «Այստեղ խոսքը նաև այսպես կոչված խնամքի տնտեսության մասին է։ Կինը, տանը լինելով, արդեն աշխատում է․ խնամում է երեխաներին, եթե հիվանդ ընտանիքի անդամներ կան, խնամում է նրանց, տարեցներին, իր ամուսնուն։ Հիմա աշխարհում միտում կա, որ դա նաև ֆինանսապես է գնահատվում, թե ինչքան արժի տնտեսության համար, քանի որ, եթե դա չարվեր կնոջ կողմից, ինչ-որ մեկը պիտի աներ, կամ էլ արժեք պետք է կորեր տնտեսությունից»։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ գենդերային խնդիրները սկսվում են հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումից, երբ խոսքը աղջիկ երեխայի մասին է․ «Մենք կանանց դերի բարձրացմամբ՝ որևէ խտրականություն չդնելով, բոլոր ոլորտներում պետք է զբաղվենք»։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031