Երբ ՔՊ-ականներն ասում են՝ «մենք խաղաղություն ենք բերել», մի պահ տարակուսում եմ՝ գուցե ես լավ չե՞մ հիշում, թե ինչ էր տեղի ունենում ընդամենը 8 տարի առաջ: Կարո՞ղ է պատահել, որ 2018-ի ապրիլին պատերազմ էր ընթանում, իսկ հետո եկավ Փաշինյանն, ու ամեն ինչ խաղաղվեց:
«Թավշյա հեղափոխության» պահին լուրջ մարտական բախումներ չկային (հատուկ չեմ օգտագործում «պատերազմ» բառը, որովհետեւ պատերազմը սկսվել էր 1992 թվականին եւ շարունակվում է առ այսօր): Ճիշտ հակառակը՝ հենց Փաշինյանի ժամանակ սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, որոնք բերեցին հազարավոր զոհերի եւ տարածքային կորուստների: Այնպես որ՝ «Փաշինյանը խաղաղություն բերեց» բանաձեւը, մեղմ ասած, տարօրինակ է:
Դրան ավելացրեք, թե քանի անգամ է 2018-20 թվականներին Հայաստանի ներկայիս վարչապետն արտաբերել «Արցախ» բառը եւ ինչ համատեքստում է դա արել (Արցախ՝ մեր հպարտություն, մեր արժանապատվություն եւ այլ): Այնպես որ, եթե պետք է սադրիչ փնտրել, ապա առաջին սադրիչը Փաշինյանն է, որը հիմա «Արցախ» բառն արգելում է:
Եվ նույն հիշողությունը հուշում է, թե ինչ էր 2018 թվականին խոսվում մարզպետարանների, արագաչափերի, օլիգարխների, կոռուպցիայի, «ատկատների», ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի եւ «տասովշիկների» օգտագործման եւ ընդհանրապես հետխորհրդային ամբողջ համակարգի մասին, որին հեղափոխականները, կարծես թե, դեմ էին, իսկ հիմա, իշխանություն դառնալով, մեծ հաճույքով օգտագործում են:
Կարդացեք նաև
Հիշենք, թե ինչպես է Օրուելի «Անասնաֆերմայում» տրանսֆորմացիայի ենթարկվում հիմնական կարգախոսներից մեկը: Հեղափոխության ժամանակ ոչխարները մայում էին՝ «Չորս ոտքը լավ է, երկուսը՝ վատ»: Դա նշանակում էր՝ մենք՝ կենդանիներս, լավն ենք, իսկ մարդիկ՝ վատը: Բայց երբ խոզերը տիրեցին անասնաֆերմային, սկսեցին քնել մարդկանց մահճակալներում, ալկոհոլ օգտագործել եւ քայլել երկու ոտքի վրա, կարգախոսները շուռ եկան 180 աստիճանով, եւ նույն ոչխարներն արդեն սկսեցին մայել՝ «Չորս ոտքը լավ է, իսկ երկու ոտքն՝ ավելի լավ»:
Իրական հիշողությունը փոխարինվում է մարդկանց գլուխը մտցրած ինչ-որ կարգախոսներով: Ու թեեւ ամեն ինչ տեղի է ունենում պատմականորեն կարճ ժամանակահատվածում, իսկ այժմ նաեւ՝ թվային դարում, որի շնորհիվ ամեն ինչ արձանագրված է ու հնարավոր է գտնել, «վերհիշել» 2-3 րոպեում, լվացած ուղեղների «համոզմունքի ուժը» գերակշռում է հիշողությանը:
Վերը նկարագրված օրինակներից երեւում է, որ Փաշինյանը որեւէ սկզբունք, որեւէ արժեքային կողմնորոշում չունի: Ամենեւին բացառված չէ, որ եթե իր աթոռը պահելու համար պետք լինի, նա, մի կողմ դնելով իր «հիբրիդային» հեքիաթները, ցանկություն կհայտնի մտնելու Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության մեջ: Եվ իր ընտրազանգվածը մայելու է՝ «Հիբրիդայինը վատ էր, իսկ ԵՄ-ն՝ ավելի վատը»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































