Lloyd’s List-ի՝ Ծովային լուրերի և վերլուծությունների ծառայության տվյալներով՝ Իրանը Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի ստուգման և գրանցման նոր համակարգ է մշակում, անցնելով ռազմավարական ջրային ուղու «ընտրովի» շրջափակման, հաղորդում է Aljazeera-ն։
Ծովային լրատվական և վերլուծական ծառայությունը այս շաբաթ հաղորդել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Պակիստանը, Իրաքը, Մալայզիան և Չինաստանը, ուղիղ բանակցություններ են վարում Թեհրանի հետ՝ նեղուցում նրա տարածքային ջրերով տարանցիկ անցնելու համար։
Նավերը մինչ այժմ «հաստատվել են» դեպք առ դեպք, սակայն, ըստ Lloyd’s List-ի, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նավերի «վեթթինգի» համակարգ է մշակում։
«Նախապես հաստատված երթուղին օգտագործել ցանկացող նավերը նախապես պետք է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մանրամասն տեղեկատվություն տրամադրեն թե՛ նավի սեփականատիրոջ, թե՛ բեռների նպատակակետի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Այդ մանրամասները հաղորդվում են Իրանից դուրս գործող, Իրանի հետ կապված մի շարք անձանց միջոցով», – հաղորդել է Lloyd’s List-ը։
Այս շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ «նեղուցը բաց է, բայց այն փակ է մեր թշնամիների համար», ինչը ազդարարում է ԻՀՊԿ-ի նախորդ հայտարարություններից հետո լարվածության թուլացման մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, թե ջրային ճանապարհով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կհրկիզվի։
Հորմուզի նեղուցով երթևեկությունը նվազել է 95 %-ով, այն բանից հետո, երբ երեք շաբաթ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ, ինչը լուրջ հետևանքներ ունեցավ համաշխարհային էներգետիկ շուկաների համար։
Աշխարհի նավթի տարանցման մոտ մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցը միացնում է Օմանի ծոցին:
Ծովային տվյալները ցույց են տալիս, որ շրջափակումը սկսվելուց ի վեր մեծ թվով նավերի՝ հիմնականում Պակիստանի, Հնդկաստանի և Չինաստանի դրոշներով, հաջողվել է անցնել նեղուցով. չնայած վերջերս նավերի քանակը նվազել է հարձակման ռիսկի հետևանքով։
Որոշ նավեր անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգը, մինչդեռ մյուսները, ըստ լրատվամիջոցների՝ իրենց չինական հավատարմագրերը փոխանցել են Իրանի իշխանություններին:
Վերջին օրերին Իրանի տարածքային ջրերով անցնող նոր «անվտանգ» միջանցք է բացվել, և ըստ Lloyd’s List-ի, առնվազն 9 նավ է անցել դրանով:
Lloyd’s List-ը հայտնել է, թե մեկ տանկեր, ըստ որոշ տեղեկությունների, 2 միլիոն դոլար է վճարել տարանցման իրավունքների համար, սակայն հայտնի չէ, արդյոք այլ նավեր նույնպե՞ս վճարել են նմանատիպ վճարներ։
Միջազգային առևտրի և ծովային իրավունքի փորձագետ Ալեքս Միլսը «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ նոր գրանցման համակարգը կարճաժամկետ լուծում է առաջարկում որոշ երկրների համար, բայց երկարաժամկետ հեռանկարում այն կարող է տնտեսական առումով իմաստ չունենալ։
«Իրանի առաջարկը՝ թույլ տալ նավերին անցնել իր ջրերով, մուտք գործել իր նավահանգիստներ և հայտարարագրել բեռների բոլոր նպատակակետերը, հետաքրքիր է։
Այն հակասում է իրանական ջրեր մտնելիս «մութ» մնալու երկար տարիներ կիրառված մոտեցմանը և նավերի համար անվտանգության լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ընթացիկ հակամարտության պայմաններում»,– – «Ալ Ջազիրա»-ին ասել է Միլսը և հավելել, թե «Հակամարտության շարունակման դեպքում որոշ ընկերությունների համար դա կարող է ընդունելի ռիսկ լինել»։
Նույնիսկ, եթե ընկերությունները համաձայնեն, ապահովագրողները կարող են չհամաձայնել, եթե զգան, որ ռիսկը դեռևս չափազանց բարձր է, ինչը ֆինանսական խոչընդոտ է ստեղծում նավագնացության համաշխարհային ընկերությունների համար։
«Եթե շահագործող ընկերությունները վստահ չզգան և տնտեսական օգուտներ չտեսնեն այս երթուղով ճանապարհորդելու համար, նավերը չեն շարժվի», – նշել է Միլսը։
«Ծովային մատակարարման շղթաները ամիսներ առաջ են պլանավորվում, ուստի նույնիսկ, եթե նեղուցը բացվի վաղը, երթուղիների, ամրագրումների և պատվերների ճշգրտումներն արդեն իսկ ամրագրված են։
Սա այն դեպքը չէ, երբ ընկերությունները կարող են պարզապես փոխել նավերի ուղղությունները: Հետևանքներն արդեն կանխորոշված են», – նկատել է Միջազգային առևտրի և ծովային իրավունքի փորձագետը։


















































