Հայաստանում Իրանի հանդեպ տարածված դիրքորոշումը հանգում է հետեւյալին՝ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Իրանի հանդեպ հայերի ջերմ դիրքորոշումը լուրջ հիմքեր ունի՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եռակի շրջափակված Հայաստանի համար Իրանի ճանապարհը հայերն անվանում էին «կյանքի ճանապարհ»։ Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրապնդված այս ձեւակերպումը եւ ջերմ դիրքորոշումն Իրանի հանդեպ նաեւ պաշտոնական մակարդակով էր ամրագրված։ Իրանի հետ «հատուկ հարաբերությունների» կարեւորությունն էին ընդգծում պաշտոնական Երեւանի տարբեր կառավարիչներ՝ հանգամանք, որն անգամ ՀՀ-ԱՄՆ միջպետական հարաբերությունների համար արգելանք չէր դիտվում։
Վաշինգտոնն ըմբռնումով էր մոտենում շրջափակված Հայաստանի այդ մոտեցմանը։
Անշուշտ, Իրանի հետ կյանքի ճանապարհի մասին ջերմ հիշողությունը հայ-իրանական ջերմ հարաբերությունների միակ պատճառը չէր։ Իրանը նաեւ ՌԴ արտաքին քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկերն էր, իսկ Հայաստանի կախյալությունը Մոսկվայից ահռելի է՝ ռազմաքաղաքական, արտաքին քաղաքական եւ տնտեսական առումներով։ Ուշագրավն այն էր, որ չնայած այս ամենին, Մոսկվան հնարավորինս խոչընդոտում էր նաեւ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ փաստացի արգելք դնելով իրանական գազատար խողովակաշարի շինարարության վրա՝ որոշելով անգամ խողովակաշարի տրամագծի չափերը։
Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թեհրանը քանիցս նաեւ կարգավորման միջնորդություն է ստանձնել։ Փոփոխվող աշխարհակարգը եւ ավելի ու ավելի թեժացող եւ խորացող տարածաշրջանային հակամարտությունները, տարաբնույթ պատերազմներն ու ճգնաժամերն արագ փոխեցին աշխարհը, տարածաշրջանը, բայց անփոփոխ մնաց հայերի դիրքորոշումը Իրանի հանդեպ։ «Իրանի մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» հայոց համազգային դիրքորոշումը չփոխվեց, թեպետ հարկ էր, որ այն փոխվեր «Իրանի մասին ե՛ւ լավը, ե՛ւ ամեն ինչ» մոտեցման։
Կարդացեք նաև
2020թ. Ղարաբաղյան պատերազմից հետո պաշտոնական Թեհրանը հեզասահ դարձավ Բաքվի նոր գործընկերը՝ կանգնելով Ադրբեջանի՝ «հաղթողի» կողքին։ Իրանի նախկին նախագահ Ռայիսին ողջունեց «Ղարաբաղի ազատագրումը», իսկ 2023թ. սեպտեմբերյան բախումներից հետո հայտարարեց. «Ղարաբաղը, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը»։ Ռայիսիի հայտարարությունը հայերին դառնացրեց, թեպետ ոչ այնքան, որքան Պուտինի դավաճանությունը Արցախին։ Այդ հայտարարությունից մեկ տարի անց Ռայիսիի ուղղաթիռը՝ Ադրբեջանից Իրան ուղեւորվելիս, առեղծվածային ավիաաղետի ենթարկվեց։ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանը Ալիեւի հրավերով 2025թ. հունիսին մասնակցեց բռնազավթված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Պետություններին առաջնորդում են ազգային, պետական շահերը, այժմ նաեւ՝ սեփական իշխանությունն իրենց երկրներում անխոցելի պահելու ձգտումները։ Իրանը, իհարկե, դարձավ Զանգեզուրի միջանցքի ձգտումների կասեցման ջատագովը, սակայն բանավոր սպառանալիքներից այն կողմ չանցավ։ Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվեց, թեպետ չնվազեց հայերի երախտագիտությունը Իրանի հանդեպ։ Թեհրանին Հայաստանում ամեն ինչ ներվեց։ Նաեւ՝ հայ ժողովրդի համար թանկ Արցախի կորստից հետո Թեհրանի ոգեւորիչ հռետորաբանությունը։ Թեհրանը չգիտակցեց հայկական Արցախի կարեւորությունը հենց Իրանի համար։
2025թ. ամռանը Թեհրանը միացավ Ստամբուլի հռչակագրին, որի տեքստում Բաքուն ընդգրկել էր «Արեւմտյան Ադրբեջան» արտահայտությունը՝ պահանջելով Հայաստանից «չխոչընդոտել արեւմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ Չնայած այս ամենին՝ այժմ ՀՀ-ում շատերն են միամտաբար եւ պարզամտորեն սպասում, որ Իրանը կհարձակվի Ադրբեջանի վրա եւ բռնազավթված Արցախն ու Նախիջեւանը կվերադարձնի հայերին։ Ինչպես սպասում էին, որ ռուս-թուրք-ադրբեջանական դավադրության կողմ ՌԴ-ն՝ Պուտինի գլխավորությամբ, թույլ չի տա Արցախի հանձնումը, առավել եւս՝ հայաթափումը։
Եվ հիմա Իրանը ռմբակոծվում է 2020թ. պատերազմի ժամանակ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված եւ ՀՀ թշնամի Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցող Իսրայելի եւ Հայաստանի հետ TRIPP նախագծած Վաշինգտոնի կողմից։ Նեթանյահուի մարդասպան վարչակարգը ռմբակոծում է նաեւ քաղաքացիական անձանց, Վաշինգտոնն անվերապահ կապիտուլյացիա է պահանջում, Մոսկվան միայն կեսբերան դատապարտեց Իրանի վրա հարձակումը։ Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Ընկածին չեն խփում»։ Ես ամեն ինչ հիշում եմ. հիշում եմ Իրանի «կյանքի ճանապարհը», հիշում եմ ՀՀ-ում հավատարմագրված Իրանի ամենատարբեր դեսպանների հետ թե՛ իմ անձնական, թե՛ մասնագիտական ջերմ հարաբերություններն ու շփումները։
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































