Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ սա համահունչ է «խաղաղության եւ ապաշրջափակման, Հայաստանը որոշակի հանգույց դարձնելու օրակարգին»։
«Խոսքն արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծելու մասին է։ Եթե պարզ բառերով խոսենք՝ ներկայումս մաքսային գործառույթները որոշակի տարանջատման սկզբունքով ենք անում՝ հայտարարագրումները, ձեւակերպումները, փաստաթղթային հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, բայց փաստացի զննումներն իրականացվում են առանձին տերմինալներում։ Ավելին, տերմինալներում նույնիսկ շատ դեպքերում չեն լինում լաբորատորիաներ, որտեղ կարիք կլինի ինչ-որ ապրանքներ փորձաքննության ենթարկել։ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի իմաստն այն է, որ այդ բոլոր գործառույթները մեկտեղենք մեր համակարգում»,- ասաց Հակոբյանը։
Կարդացեք նաև
Կենտրոնը Պռոշյան գյուղում է գործելու՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կողքին, եւ ենթադրվում է, որ սպասարկելու է Հյուսիս-հարավ ճանապարհով գնացող արտահանման եւ ներմուծման հոսքերը։ Ըստ նրա՝ սահմանները բացվում են, ՀՀ-ով հոսքերը մեծանալու են։ «ԱՏԳ-ն ոչ միայն ենթակառուցվածքների մասին է, այլ այնտեղ ծառայություններ են լինելու, իր տրամաբանությունը՝ մեկ կանգառ, մեկ պատուհան է։ Այսինքն՝ դու մտար Հայաստան, մի տեղ կանգնեցիր, եւ քո արտահանման ու ներմուծման հետ կապված բոլոր հնարավոր ծառայությունները մեկ տեղում ստանալու ես»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ 2025 թվականի սեպտեմբերին այս համաձայնագիրն արդեն կնքվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ։ Խոսքը 39 մլն եվրո վարկի եւ 6 մլն եվրո դրամաշնորհի մասին է։ Կլինի նաեւ համաֆինանսավորում պետական բյուջեից։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը, ինչպես նաեւ ՊԵԿ նոր վարչական շենքը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































