«Մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, մենք ուժեղ ենք մեր արած գործերով»,- իր գործով դատական նիստից առաջ, Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողները խնդրել էին հակադարձել Նիկոլ Փաշինյանի՝ ուժեղ լինելու մարտահրավերին։ Վերջին օրերին նա ֆեյսբուքյան իր էջում քաղաքական ուժերի ղեկավարներին առաջարկում է ուղիղ եթերում չափել ուժերը՝ ժիմ անել, աշխարհագրությունից գիտելիքները ստուգել՝ հասկանալու համար, թե ո՞վ է ուժեղ։
Հարցին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին առաջարկեց՝ լուրջ հարցերից խոսել եւ հավելեց, որ ինքն էլ է այս երկրում ապրում ու տեսնում է, որ երկրում խնդիրներ են ծառացած, ժողովուրդը «պարտված, խայտառակված խեղճացած վիճակում» է եւ վարկերի տակ կքած․ «Սազակա՞ն է, որ Ծառուկյանը․․․»։
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ եթե առաջիկա ընտրություններում իր ղեկավարած ուժը սահմանադրական մեծամասնություն չունենա, ապա ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պատերազմ ոչ ոք չի ուզում, միաժամանակ, նա կարծում է, որ Ադրբեջանի կողմից թելադրված զիջումներով խաղաղությունը խաղաղություն չէ․ «Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված․ 3-4-5 պետությունների հետ փաստաթուղթ կստորագրենք, ճանճը չի տզզա այդ տարածքում»։
Կարդացեք նաև
Առաջիկա ընտրություններում իր ղեկավարած «Առաջարկ Հայաստանին» քաղաքական միավորի վարչապետի թեկնածուի մասին հարցին էլ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Մեր վարչապետի թեկնածուն, ոչ հներից է, ոչ նորերից։ Մեր թեկնածուն ապագայի վարչապետն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































