Վարչական դատարանում դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ ընթանում է «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով դատական նիստը: «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։
Մի փոքր միջադեպ եղավ ապացույցների հետ կապված, եւ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին խնդրեց ավարտել ապացույցի հետազոտումը: «Ապացույցում կարդացի՝ ոչ հնարեցի, ոչ մեկնաբանեցի… Ընդամենը կարդում եմ՝ նախավերջին ցուցմունք, ապահավաքակցման ցուցմունք եւ նախավերջին ցուցմունքից մինչեւ ապահավաքակցման ցուցմունքն ընկած ժամանակահատվածի օրերի քանակը, ինչը նշանակում է, որ 41 օրվա մեջ է ամեն ինչ տեղավորվում ժ» ,-ասաց Արամ Օրբելյանը։
Պատասխանողի պնդմամբ, ապահավաքակցման ցուցմունքը հուլիսի 1-ին եղել է 757, իսկ օգոստոսի 11-ին՝ 791: «Օգոստոսի 11-ին ո՞վ է եղել ընկերության գործադիր տնօրենի լիազորություններն իրականացնող անձը»,-հարցրեց Արամ Օրբելյանը: Ի պատասխան հակառակ կողմը պնդեց, որ 2025թ. հունվար եւ փետրվար ամիսներ եւս թվերը չեն համընկնում:
Արամ Օրբելյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց ներկայացված աղյուսակին. «Հուլիսի 11-ին գրված է թիվ, որը չի համապատասխանում համապատասխան աղյուսակի տվյալին: Խնդիրն այն է, որ օգոստոսին ստուգում անող անձը եղել է ՀԷՑ ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ ստուգում անող անձը, եւ եթե սխալ տվյալ է ներկայացվել, ապա սխալ տվյալ լրացնելու համար չի կարող որեւէ ձեւով պատասխանատվություն կրել ՀԷՑ-ը… Մենք հարց ենք տալիս՝ այդ հասցեում մարդ բնակվո՞ւմ է, թե՞ ոչ, այս հաշվիչը, որ ապահավաքակցվել է, կա՞ ակտը, թե՞ ոչ, որտեղ է ապահավաքակցման ակտը, ծանուցվե՞լ է սեփականատերը, թե՞ ոչ, ինչ ընթացակարգով է իրականացվել այս ապահավաքակցումը… որտե՞ղ է հաշվիչը: Վնասված հաշվիչի առկայության դեպքու կարող են լինել թերացումներ, ե՞րբ է վնասվել հաշվիչը»:
Կարդացեք նաև
Փաստաբանը պատասխանողից պահանջեց ներկայացնել բոլոր ապացույցները, որպեսզի պարզեն, թե որտեղից են գոյացել իրենց ներկայացված թվերը:
«Ես երեկ հարցրի՝ քանի հավելագրում է արվել, պարզվեց 91: Խնդրեմ հիմա ապացույցների հետազոտում անենք, պատասխանողը հատիկ-հատիկ նշի՝ որ էջի, որ տողը նայենք»,-ասաց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































