«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան վերջին ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հոգևորականության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների մասին հարցին, փորձել է առանց թեմայի հետ որևէ կապի հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, ինչն անընդունելի է»։ Այս մասին ասված է Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
«Նման համատեքստում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անվան հիշատակումը անհարգալից վերաբերմունքի դրսևորում է նրա ժառանգության և ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին: Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք ընդունակ են սրել լարվածությունը և խաթարել վստահությունը: Մենք ռուսական կողմից պարզաբանումներ ենք ակնկալում տվյալ հայտարարության կապակցությամբ», — նշել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ քննադատել էր նրա մի շարք հայտարարություններ և ծաղրել որոշ ձևակերպումներ։ Ճեպազրույցի ընթացքում Զախարովան տարակուսանք էր հայտնել Փաշինյանի՝ «երրորդ երկրների» մասին խոսքերի և հայ հոգևորականների շրջանում նախկին ԿԳԲ աշխատակիցների հիշատակման կապակցությամբ։
«Ոչ, ինձ համար անհասկանալի է, թե ինչ «երրորդ երկրի» մասին է խոսքը, չեմ հասկանում, թե ում է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԿԳԲ աշխատակիցների մասին։ Ո՞ւմ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞ մասին: Ենթատեքստերից ես հասկանում եմ, որ նրա պատկերացմամբ… Բայց չէ՞, նա դա Հեյդար Ալիևի՞ մասին է ասում», – Զախարովան հարցին պատասխանելիս փորձում էր լրագրողից ճշտել՝ իսկ ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը։


















































