Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր «հիբրիդայինի», «միլիտարիզմի» եւ սահմանադրության մասին

Մարտ 24,2026 10:00 Share

Մի քանի հարցեր կան, որոնք այսօրվա իշխանությունը դարձրել է բուռն քարոզչության առարկա, եւ որոնք, սակայն, մինչ օրս մինչեւ վերջ չեն պարզաբանվում: Առանց պարզաբանման՝ քարոզչական թեզերը մնում են օդի մեջ:

Դրանցից առաջինը վերաբերում է, իհարկե, «հիբրիդային պատերազմին»: Իր վերջին ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ հիբրիդային պատերազմն այն է, երբ իր մասին կեղծ լուրեր են տարածվում: Այսինքն՝ ցանկացած fake news կարելի՞ է այդպես բնութագրել: Եթե մեկն ասում է, որ կաթողիկոսը պատրաստվում է Հայաստանից դուրս բերել Էջմիածնի գանձերը կամ ակնարկում է, որ 4-5 եպիսկոպոսներ մանկապիղծ են, դա «հիբրիդայի՞ն» է, թե՞ ոչ:

Բացի դրանից, հարց է առաջանում՝ ո՞վ է վարում այդ պատերազմը: Երեկ արտգործնախարար Միրզոյանն ասաց, որ այդ «պատերազմի թելերի զգալի հատվածը տանում է դեպի ՌԴ»: Նախ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է տանում այդ թելերի «ոչ զգալի հատվածը»: Երկրորդ՝ արդյո՞ք այստեղից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանում կան պաշտոնատար կամ մասնավոր անձինք, որոնք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում՝ ի հեճուկս Վլադիմիր Պուտինի: Թե՞ այդ պատերազմը ղեկավարում է ՌԴ նախագահը:

Նույնքան տարակուսելի է բոլոր ընդդիմադիր ուժերին «միլիտարիզմի» մեջ մեղադրելը: Իհարկե, ես կարող եմ տեղյակ չլինել հնչող բոլոր հայտարարությունների մասին: Բայց, որքան ծանոթ եմ հիմնական քաղաքական ուժերի («Ուժեղ Հայաստան», «Առաջարկ Հայաստանին», «Միասնության թեւեր», «Հայաստան դաշինք») եւ մի շարք այլ հայտնի ուժերի հայտարարություններին, դրանցից ոչ մեկը չի հայտարարել, որ իշխանության գալով՝ հրաժարվելու է մեր երկրի միջազգային պարտավորություններից կամ չեղարկելու է Հայաստանի ստորագրած կամ նախաստորագրած փաստաթղթերը: Եթե ես սխալվում եմ, թող բերեն որեւէ հայտարարություն, որը կհակասի իմ ասածին:

Եվ վերջապես՝ այնքան էլ պարզ չէ, թե ինչու ենք փոխում Հայաստանի սահմանադրությունը: Որովհետեւ ներկա սահմանադրությունը խոչընդոտո՞ւմ է ինչ-ինչ քաղաքական, տնտեսական կամ, ասենք, կրթական, մշակութային խնդիրներին: Թե՞ որովհետեւ Ադրբեջանն է դա պահանջում: Երբ ասվում է, որ գործող սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հիշատակումը «կոնֆլիկտածին է», դա միանշանակ խոսում է հօգուտ երկրորդ վարկածի: Ի դեպ, մի հարց էլ. սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Ինչո՞ւ առնվազն 25 տարի այն կոնֆլիկտածին չէր:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Արդեն բազմիցս համոզվել ենք, որ նիկոլը գտնվում է ալիևի անմիջական ղեկավարման տակ և ալիևն ինչի մասին հայտարարում է, մի որոշ ժամանակ անց նիկոլը նրա ասածը գրեթե նույն բառերով կրկնում է, ինչպես «Кошкин дом»-ի հայտնի հերոսն էր կրկնում․ «мне коза сейчас сказала, что у нас тут места мало»․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031