ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հաղորդում է. «Ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան նվիրված ՄԱԿ ԳԱ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը՝ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ պայքարում։
Ընդգծվեց, որ ռասիզմն ու այլատյացությունը շարունակում են լայնորեն տարածված մնալ՝ խաթարելով ժողովրդավարական ինստիտուտները, խորացնելով անհավասարությունները և սպառնալով խաղաղությանն ու անվտանգությանը։ Մշտական ներկայացուցիչը նաև մտահոգություն հայտնեց ատելության խոսքի տարածման առնչությամբ, այդ թվում՝ թվային հարթակներում։ Այս համատեքստում շեշտվեց համապարփակ քաղաքականությունների, արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակների և կայուն միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։
Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը, ելնելով իր պատմական փորձից, խորապես գիտակցում է ատելության և անհանդուրժողականության կործանարար հետևանքները, երբ դրանք մնում են չհասցեագրված։
Կարդացեք նաև
Ներկայացնելով ազգային ջանքերը՝ նա ընդգծեց, որ ՀՀ ակտիվորեն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնությունները՝ միաժամանակ սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային մեխանիզմների հետ։
Շեշտվեց կրթության կարևոր դերը՝ անդրադարձ կատարելով Հայաստանի «Կրթություն հանուն խաղաղության» նախաձեռնությանը։



















































