Լրահոս
Օրվա լրահոսը

11.000 դասալիքի անուններն ենք ուզում իմանալ. զեկույցում պետք է, որ լինեին նրանց անունները. Միքայել Մարգարյան

Մարտ 24,2026 18:08 Share

-Այսօր մեծ հարցեր կան, արդյոք չէինք կարող կանխել պարտությունը ու ինչո՞ւ պատերազմի հետեւանքները վեց տարի շարունակ աղետաբար շարունակվում են,- այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի նախաձեռնողներից Միքայել Մարգարյանը:

Հիշեցնենք, որ այսօր տասնյակ քաղաքացիներ, 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների հարազատներ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին:

Ըստ Միքայել Մարգարյանի՝ առջեւում ընտրություններ են, ու քաղաքացիները չպետք է ընտրությունների գնան ստի միջավայրում.

-Ճակատագրական ընտրություններ կարող են լինել, ու գնալ ընտրության ստի միջավայրում, անթույլատրելի է: Սա կոչ է բոլոր քաղաքական ուժերին, հանրության բոլոր շերտերին, միացեք այս պահանջին, որ ձեր ընտրությունը լինի արդար ու Հայաստանն ունենա քիչ թե շատ վերականգնվելու, գոնե այս պահին, հեռանկար,-ասաց Մարգարյանը՝ ընդգծելով, որ իրենք գրավոր դիմել են ԱԺ նախագահին՝պահանջելով հանրայնացնել զեկույցը, սակայն մերժում են ստացել: Իրենց տեղեկացրել են, որ զեկույցը մտել է գաղտնիացման փուլ: Մարգարյանն ասաց՝ հիմա իրենք դիմում են ԱԺ խմբակցություններին, որ վերջիններս արծարծեն այդ հարցը ԱԺ քառօրյա նիստում:

«Ըստ Անդրանիկ Քոչարյանի ու հանձնաժողովի անդամների խոստովանությունների՝ հազարավոր քրեական գործեր կարող են հարուցվել այս զեկույցի հիման վրա: Հետաքննությունները բերել են բազում մեղավորների անուններ: Կառավարությունը հարց էր բարձրացրել, որ պետք է հետաքննվի ոչ միայն պատերազմը, այլեւ դիվանագիտական աշխատանքը. նախապատերազմական իրավիճակը: Ինչպե՞ս եղավ, որ մեր բանակցությունները բերեցին, հասցրին պատերազմի: Ի՞նչ է եղել Արցախում, ի՞նչ է եղել թիկունքում, ի՞նչ է եղել պատերազմի ժամանակ, պատերազմից հետո»,- հավելեց Մարգարյանը:

Նա նաեւ շեշտեց, որ իշխանությունները շատ էին բարձրաձայնում, թե 11.000 դասալիք ենք ունեցել.

«Ուզում ենք 11 հազար դասալիքի անուններն իմանալ: Կարծում ենք՝ այդ զեկույցում այդ 11.000-ի անունը պետք է լինի»,- ասաց Մարգարյանը:

Ցույցի նախաձեռնողներից «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանն էլ ընթերցեց ԱԺ խմբակցություններին փոխանցվող իրենց նամակի պահանջը:

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները եւ զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած՝ սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցը այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031