Ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք, ընդդիմությունը առաջատար է, կառավարությունն ու վարչապետը դա գիտեն: Ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:
Նարեկ Կարապետյանը պատմել է նաև իրեն ձերբակալելու փորձի մասին. «Եկել էին իմ տուն, ուզում էին ձերբակալել ինձ։ Հատուկ ջոկատայինները ներսում էին, և մոտ 5–6 ժամ անց ինձ ազատ արձակեցին։
Երբ հատուկ ջոկատայինները եկան տուն, կինս երկրորդ հարկում էր։ Նրանք ասացին, որ պետք է վերահսկողություն հաստատեն տան վրա և սկսեն հետաքննությունը։ Ես ասացի, որ նա պատրաստվում է։ Նրանք՝ դիմակներով, զենքերով կանգնած, պատասխանեցին՝ «Լավ, կսպասենք»։ Մոտ 20 րոպե սպասեցին, հետո ասացին՝ «Կներեք, կարող եք նրան ասել, որ ավարտի»։ Ես ասացի՝ «Դուք ասեք»։ Նրանք պատասխանեցին՝ «Չենք կարող, որովհետև նա մեզ վրա բղավում է»։
Նարեկ Կարապետյանի խոսքով, իրավապահները կարող են ձերբակալել իրեն, իրենց կուսակցության բոլոր անդամներին, բայց միևնույնն է հասարակությունը, ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. «Մարդիկ ցանկանում են նոր առաջնորդություն։ Նրանք ուզում են տնտեսության վրա հիմնված առաջնորդություն, որը կլուծի երկարաժամկետ խաղաղության հարցը։
Կարդացեք նաև
Նոր ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել խաղաղություն մեր տարածաշրջանում, բերել բարգավաճում, ստեղծել նոր հարաբերություններ նոր երկրների հետ, և սա է մեր հիմնական նպատակը։
Մեր հասարակությունը պատրաստ է դրան, սպասում է դրան։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս առաջնորդը կանգնած է ընտրության առաջ։ Կամ նա կգնա լիակատար ավտոկրատիայի ճանապարհով, որը, չեմ կարող ասել ինչպես, բայց չի կարող երկար շարունակվել՝ առանց հասարակության և ժողովրդի աջակցության։
Այդ դեպքում նա չի կարող լինել երկարաժամկետ առաջնորդ մեր երկրում։ Կամ նա թույլ կտա, որ մենք մասնակցենք ընտրություններին, ինքը ևս կմասնակցի ընտրություններին, և տեղի կունենա իշխանության փոփոխություն»։


















































