Վճռաբեկ դատարանը, թիվ ՍԴ3/0005/11/21, ՍԴ3/0006/11/21 որոշմամբ, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, կրկին անդրադարձել է զինվորական ծառայության զորակոչված անձի մահվան դեպքում կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության գնահատման չափանիշներին։
Փետրվարի 13-ի որոշումը դատական տեղեկատվական համակարգում տպագրվել է երեկ։
Որոշումը վերաբերել է հարթաթաթությամբ, սրտի հիվանդությամբ բանակ զորակոչված Ա.Ղ.-ի գործին։ Ա.Ղ-ի մահվան պատճառը սրտի հիվանդությունն է եղել։ Մինչ զորակոչվելը Ա.Ղ.-ն «Արմավիր» ՓԲԸ-ում անցել է հետազոտություններ, էլեկտրասրտագրության ժապավենի վրա նկատելի են եղել առկա խնդիրները, ինչը հաստատվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, սակայն էլեկտրասրտագրության եզրակացություն տվող բժիշկը ժապավենի վրա առկա խնդիրները չի նկատել։ Ա.Ղ.-ն անցել է ծառայության եւ որեւէ տեղում չի հիշատակվել նրա մոտ առկա առողջական խնդիրների մասին։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ պետության իրավասության ներքո գտնվող, այդ թվում՝ զինվորական ծառայության զորակոչված անձի մահվան դեպքում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արագ եւ արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր եւ անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառները պարզելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով մահվան հանգամանքների վերաբերյալ հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականներ տալուց: Վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի որոշումները, կայացրել է փոխարինող դատական ակտ՝ տուժողի իրավահաջորդ Ա.Հոբոսյանի բողոքները բավարարել է, պարտավորեցրել է վարույթն իրականացող մարմնին վերացնել գործով երկու մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, գործի վարույթը կարճելու մասին 2021թ. մայիսի 4-ի որոշումները։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2026


















































