«Որոշեցինք կենդանուն բաց թողնել դաշտում, սակայն մտածեցինք, որ կենդանին փոքր է, կարող է գայլերը հոշոտեին եւ պահեցինք, ընկերացանք նրա հետ»
2024թ. մայիս-հունիս ամիսներին Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վարուժան Օհանյանի ընտանիքը դաշտից գտնում է «ուլ»։ Կենդանին մի քանի օրական էր եւ ուներ վնասվածքներ:
Ընտանիքի թոշակառու մայրն ասում է. «Մտածեցի, որ կենդանին դաշտում կարող էր սատկել, որովհետեւ վնասվածքները խորն էին, բերեցի տուն, դեղորայքով բուժեցինք, պահեցինք եւ արդեն գտնվում էր նորմալ վիճակում: Որոշեցինք կենդանուն բաց թողնել դաշտում, սակայն մտածեցինք, որ կենդանին փոքր է, կարող է գայլերը հոշոտեին եւ պահեցինք եւ ընկերացանք նրա հետ»:
Կարդացեք նաև
Իսկ Վ.Օհանյանն ասում է, որ մի քանի ամիս հետո հասկացան, որ նա այծ է, երբ մեծացավ, «ոտի» կանգնեց… ոչ ավել, ոչ պակաս՝ բեզոարյան այծ։
Վ.Օհանյանն առաջին անգամը չէ, որ վիրավոր կենդանիներին ոտի է կանգնեցնում, խնամում. մինչ օրս տպավորված եմ նրա՝ թռչուններին խնամելու, ապա բաց թողնելու տեսանյութերից մեկով։ Երբեմն նա անում է բաներ, որ պիտի բնապահպաններն անեին, բայց հավանաբար խնամքի կանչն է այդ թույլ, անօգնական կենդանիներին հանդիպեցնում նրա հետ…
ՀՀ վարչական դատարանում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր, որ 2025 թ. մարտի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վարուժան Օհանյանն իր տանը բեզոարյան այծ է պահում: Տեսչական մարմինը, իրացնելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունները, մեկնում է նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է բեզոարյան այծ, տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարողի կողմից 2025 թ. մարտի 20-ին կազմվում է արձանագրություն։ Արձանագրում են, որ Վ. Օհանյանի կողմից խախտվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 3-րդ մասի պահանջները, որ «Վ. Օհանյանը կարմիր գրքի կենդանուն անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար չունի լիազոր մարմնից ստացված թույլտվություն»։
«Առավոտի» հետ զրույցում բազմանդամ ընտանիքի հայրը՝ Վ.Օհանյանը տեղեկացրեց, որ Վայքի դատարանը նրան դատապարտել է 150 000 դրամի չափով տուգանքի, ըստ նրա, մեկ ամսական «ուլը», որին ինքը փրկել է, գտել, խնամել, արժե 15 մլն. դրամ, բայց դատարանի որոշումից հետո տեղափոխել են ի պահ։ Վարուժան Օհանյանը վկայակոչելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, նշում է, որ վարչական վարույթի նյութերում առկա է Նարինե Քոչարյանի բացատրությունն առ այն, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին բանջարի դաշտում նկատել են ձագ, որի վրա առկա են եղել վնասվածքներ, բերել են տուն, դեղորայքով բուժել, պահել եւ արդեն կենդանին գտնվել է նորմալ վիճակում:
Վարուժան Օհանյանը հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ։
Դատարանը 2025 թ. նոյեմբերի 17-ին կայացնում է «Դատավարական գործողություն կատարելու ժամկետ սահմանելու մասին» որոշում:
Հայցվոր Օհանյանը վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88.1-րդ հոդվածի 1-ին մասը, 251-րդ, 252-րդ, 255-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածը, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի 3-րդ մասը, նշում է, որ Տեսչական մարմինը հայցվորին վերագրվող վարչական իրավախախտման փաստը հիմնավորել է Տեսչական մարմնի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, մինչդեռ թիվ ՎԴ/652705/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի դիրքորոշման լույսի ներքո՝ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բավարար չէ վարչական իրավախախտման փաստը հաստատելու համար:
Պատասխանողը խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել:
Վ.Օհանյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, քանի որ նրա հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ 2025 թ. ապրիլի 9-ի թիվ Վ/15/25 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքայելյան) մերժել էր։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2026






















































