Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է տարածաշրջանի ամենահին բնակավայրը

Մարտ 25,2026 14:43 Share

2026 թ․ մարտի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» (ՊԺԳԿ) ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ 2025 թ․ կատարված հնագիտական պեղումների մասին հաշվետվությունը։ Ներկա էին ՊԺԳԿ տնօրեն Խաչիկ Հարությունյանը, կենտրոնի աշխատակիցներ, հնագետներ, ճարտարապետներ, թեմայով հետաքրքրվողներ։

«Երևանի Սիլիկյան թաղամասի նոր քարի դարի նորահայտ բնակատեղիի պեղումների արդյունքները» զեկույցը ներկայացրեց պեղումների ղեկավար, հնագետ, պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը։ Տեղեկություններ տվեց 2025 թ․ ընթացքում Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող՝ քարաշար պատերով շուրջ 34 պեղածո սենյակներից կազմված ճարտարապետական համալիրի և հայտնաբերված քարե ինդուստրիայի նմուշների մասին։ Ընթացքում էկրանին ցուցադրվում էին նշված հուշարձանում կատարված աշխատանքների մասին լուսանկարներ, համալիրի դրվագներ։

Ըստ հնագետի՝ իրականացված պեղումների ընթացքում տեղի է ունեցել պատմական բացահայտում․ Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է տարածաշրջանի ամենահին բնակավայրը, որը կարելի է թվագրել շուրջ 15 հազար տարեկան։

Հ․ Սիմոնյանը ներկայացրեց նաև «Աղավնատան դամբարանադաշտի 2025 թ․ պեղումների արդյունքները» զեկույցը։ Տեղեկացրեց՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի քանի բնակավայրերի՝ Ոսկեհատ, Լեռնամերձ, Աղավնատուն, հարևանությամբ է գտնվում մոտ 300 հա տարածությամբ «Ղռեր» դամբարանադաշտը, որտեղ առկա են նաև ժայռապատկերներ։

Ըստ հնագետի՝ դրանք խալկոլիթյան, վաղ բրոնզի դարի, ուշ բրոնզի դարի և հելլենիստական դամբարաններ են, որոնց պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական հետաքրքիր նյութեր՝ կավանոթներ, արծաթե դրամ, գավազանի կրաքարե գլխիկ, բրոնզե 3 դաշույն, ոսկյա ուլունքներ, ուշ բրոնզի դարի բրոնզե պաշտամունքային իրեր, պերճանքի առարկաների հավաքածու, սարդիոնե և պղնձե ուլունքներ, վանակատե բազմաթիվ իրեր և այլն։ Տեղեկացրեց, որ 2025 թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին պեղումներ է իրականացրել դամբարանադաշտի տարածքում։ Ուսումնասիրվել և պեղվել է ավելի քան 80 հնավայր՝ 60-ից ավելի դամբարան, 4 պաշտամունքային ժայռ, 50 մ երկարությամբ ճանապարհի հատված, ծիսական քարեր և այլն։ Նշված հնավայրի մասին նույնպես կայացավ լուսանկարների ցուցադրություն։

Կենտրոնի գիտաշխատող Մհեր Խեչոյանը հանդես եկավ «Օհանավանի ժայռափոր համալիրը» զեկույցով։ Ներկայացրեց Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի ավազանում հայտնաբերված վաղ միջնադարյան ժայռափոր քրիստոնեական համալիր-հուշարձանի տարածքում իրականացված պեղումների արդյունքները։ Քասախի կիրճի այս հատվածը, որն ընկած է միջնադարյան երկու կարևոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի և Սաղմոսավանքի միջև, հարուստ է ժայռափոր հոգևոր կառույցներով։ Այս հատվածում են գտնվում Սուրբ Աստվածածին, տեղացիների ասելով՝ Կարմիր վանքի ժայռափոր համալիրը, Գրիգոր Լուսավորչի անապատը, նորահայտ ժայռափոր համալիրը և մի քանի քարայրներ, որոնք նույնպես ժամանակին ծառայել են մարդուն։

Հնագետ Արման Նալբանդյանի զեկույցը Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքի հարևանությամբ գտնվող Լոռե բերդում իրականացրած պեղումների մասին էր։ «Լոռե բերդաքաղաքի 2025 թ․ պեղումները» զեկույցում ներկայացրեց միջնադարյան հզոր ամրոցի տարածքում՝ մի քանի հատվածներում իրականացվող վերականգնման աշխատանքների շրջանակում կատարված փրկարարական պեղումների արդյունքները։ Ձորագետի խոր կիրճի հենց եզրին է գտնվում ամրոցի երկրորդ կամ Փոքր, նաև Արքայական կոչված բաղնիքը։ Սրա լողասրահի՝ ձորին հարող հատվածը, կիրճի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր, ինչպես նաև վտանգավոր էր աշխատելու համար։ Պեղումների արդյունքում բացվել են պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։

Ա․ Նալբանդյանը նշեց՝ գտնվել են մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղենի բեկորներ, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի՝ դեղին մակերեսի վրա պատկերով շքաղյուսը, որից մի քանի բեկոր պահպանվել են, և այն կվերականգնվի։ Պարսպի մուտքի պեղումներից բացվել է սալաքարերով, տապանաքարերով քայլուղի (միջնադարյան ճանապարհ), իսկ ճանապարհի եզրաքարերի համար օգտագործվել են տարբեր կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ և այլն։

Ընթացքում ներկաները հարցեր էին ուղղում զեկուցողներին։ Լոռեբերդում իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին հանդես եկավ նաև վերականգնողական աշխատանքների ճարտարապետ Հովհաննես Սանամյանը։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ․ Հարությունյանը տեղեկություններ տվեց ՊՈԱԿ-ի ճարտարապետների հեղինակային հսկողությամբ ամրոցի տարածքում իրականացված և շարունակվող վերականգնման աշխատանքների մասին։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031