Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտարերկրյա ազդեցության գործողությունների հակադարձումը Հայաստանում»․

Մարտ 25,2026 19:33 Share

Ժողովրդավարական դիմակայության ամրապնդումը 2026 թ.ի հունիսի ընտրություններին ընդառաջ և դրանից հետո

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) կազմակերպությունը հրապարակել են քաղաքականության սեղմագիր, որտեղ վերլուծվում է Հայաստանում օտարերկրյա ազդեցության գործողությունների աճող սպառնալիքը և նախանշվում են ժողովրդավարական դիմակայության ամրապնդման միջոցառումները՝ 2026 թ․ հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և դրանից հետո։ Փաստաթղթում հիմնավորվում է, որ թեև անհրաժեշտ են ընտրական գործընթացի անհապաղ պաշտպանական մեխանիզմներ, Հայաստանը պետք է որդեգրի երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մոտեցում՝ դիմակայելու համար գնալով բարդացող և համակարգային մարտահրավերին։

Հայաստանում օտարերկրյա ազդեցության գործողությունները, որոնք հիմնականում ուղղորդվում են Ռուսաստանի կողմից, վերափոխվել են՝ ապատեղեկատվությունից վերածվելով բազմաշերտ ռազմավարությունների։ Դրանք ներառում են քաղաքական անօրինական ֆինանսավորումը, կիբերհարձակումները, տնտեսական հարկադրանքը և ընտրական գործընթացների մանիպուլյացիան։ Այս գործողությունների նպատակը ոչ միայն հանրային կարծիքի ձևավորումն է, այլև երկրի նկատմամբ երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության պահպանումը։

Քանի որ Հայաստանը ընդլայնում է համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ, այն բախվում է միջամտության ուժգնացող փորձերի, որոնք օգտագործում են կառուցվածքային խոցելիությունները, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կախվածությունը, ինչպես նաև ինստիտուցիոնալ բացերը։ Ընտրությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում նման գործողությունների համար, սակայն սպառնալիքն ինքնին մշտական է և հարմարվողական։

Թեև Հայաստանը ունի միջամտությանը հակազդելուն առնչվող իրավական և կարգավորող շրջանակ, դրա կիրարկումը մնում է անհետևողական և թերֆինանսավորված։ Միևնույն ժամանակ, գործող մեխանիզմները լիովին հարմարեցված չեն ազդեցության այնպիսի գաղտնի, համակարգված և անդրսահմանային ձևերին, որոնք հաճախ գործում են ավանդական իրավական շեմերից ցածր մակարդակում։

Սեղմագիրն ընդգծում է, որ արդյունավետ արձագանքը պետք է կենտրոնանա ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման, քաղաքական ֆինանսավորման թափանցիկության բարձրացման, միջգերատեսչական համակարգման բարելավման և քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ կառուցվածքային համագործակցության խթանման վրա՝ միաժամանակ երաշխավորելով ժողովրդավարական ազատությունները և խուսափելով քաղաքացիական հարթակի նկատմամբ անհամաչափ սահմանափակումներից։

Հեղինակները համապատասխան հանձնարարականներ են ներկայացրել Հայաստանի կառավարությանը, հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև Եվրոպական միությանը և միջազգային գործընկերներին։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031