«Պարոն Միրզոյան, մարտի 26-27-ին ես պատիվ էի ունեցել ներկայացնելու Հայաստանը Աշխաբադում՝ միջխորհրդարանական երկխոսությանը։ Սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսը։ Ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով, ինչն ավելի է ծանրացնում իրավիճակը։ Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ին չպե՞տք է տրվի պարզաբանում, ՀՀ պաշտոնատար անձի նկատմամբ տեղի է ունեցել սխալ քայլ։ Ի՞նչ պետք է այս պարագայում ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը։
Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ դեպքի մասին տեղեկացված է։
«Ձեզ հետ մանրամասները ճշտելուց հետո անպայման կդիմենք ռուսական կողմին պաշտոնական դիվանագիտական խողովակներով՝ պարզաբանումներ հայցելով։ Եվ եթե այդպիսին է ՌԴ դիրքորոշումը, նաև կառաջարկենք փոխել այդ դիրքորոշումը։ Բայց ուզում եմ ավելի լայն նայել հարցին՝ ցավոք սրտի, առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք ՌԴ՝ այդ մակարդակի այս կամ այն պաշտոնյաների կողմից ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին։
Մտքիս գալիս է նաև Արթիկի համայնքապետի հետ տեղի ունեցած և այլ դեպքեր։ Այսպիսի դեպքերը, իհարկե, ցավալի են, բայց հետո էլ, երբ ասում ենք, որ Հայաստանի դեմ խառնածին կամ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ, ասում են՝ ո՞նց կարելի է տենց բան ասել։ Այո, և երբ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, պետք չէ անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություն։
Կարդացեք նաև
Ո՞ւմ համար է գաղտնիք, ռուսական մեդիայից էլ ենք լսում ՀՀ օրինական ընտրված կառավարության և վարչապետի հասցեին անհարիր արտահայտություններ այս կամ այն տրամաչափի պաշտոնյաների կողմից էլ։ Եվ ահա նաև այս դեպքը։ Լավ չէ սա Ռուսաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների համար, կխնդրենք նաև ճշգրտել դիրքորոշումը»,- ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարինա Ղազարյանը հավելեց, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները պետք է ինչ-որ ձևով Պուտինին և նրա վարչակազմին խնդրեն՝ չխառնվել միջխորհրդարանական գործունեությանը։
Ամբողջական տեսանյութը՝այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































