Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել, և այդ գիտակցումը մեզ բոլորիս հանգիստ չի տալիս». Արթուր Ավանեսյան, լեգենդար հետախույզ

Մարտ 25,2026 20:30 Share

«Այսօր անվտանգային հարցերով միջազգային այս համաժողովը տեղի է ունենում ոչ պատահական վայրում։ Երբեմնի ամենանգիստ, անվտանգ, տուրիստական կենտրոն հանդիսացող Ջերմուկ քաղաքը 2022 թվականից վերածվել է սահմանագծի։ Եվ ցավոք, մեր սուվերեն տարածքների խախտումներ տեղի են ունեցել ոչ միայն այստեղ, այլ նաև Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում։ Հակառակորդը չի սահմանափակվել Արցախով։ Ավելին, Արցախից հետո նրա նկրտումները ավելի ագրեսիվ են դառնում, ինչի հետևանքով ունեցանք Ջերմուկի, Իշխանասարի, Սոտքի, Ներքին Հանդի դեպքերը։

Հայաստանի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել։ Մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել։ Եվ այդ գիտակցումը մեզ բոլորիս հանգիստ չի տալիս։ Բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ավելի ուժեղ և միասնական։

Ես մեկ հարց ունեմ այսօրվա իշխանություններին։ Որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական ազգային արժեքների նկատմամբ։ Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ատելությամբ և պառակտումներով ոչնչի չեք հասնելու։ Դարեր շարունակ հայերին փորձել են բաժանել, մասնատել։ Բայց հայն իր մեջ ուժ է գտել միավորվելու և հաղթանակ կերտելու։ Վառ ապացույցը՝ Արցախյան ազատամարտը և Սարդարապատը։

Սարդարապատի ճակատամարտը մեր միասնության խորհրդանիշն է, որի արդյունքում կերտվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որովհետև կողք-կողքի կռվում էին գյումրեցիները, երևանցիները, Էջմիածինցիները և Արցախից ժամանած «Մահապարտների գունդը»։ Ոչինչ չի փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակը համոզել։ Մեր նախնիների արյունը մեր մեջ է, իրենց գենը կրողն ենք մենք։ Եվ սրանք պարզապես խոսքեր չեն։ Նույն 2022 թվականին Ջերմուկի ռազմական գործողությունների ժամանակ օգնության եկան Արցախի ստորաբաժանումները։ Առանց հացի, վառելիքի, դեղորայքի պայմաններում արցախցիները արյան կանչով եկան ի սատարումն իրենց եղբայրների։ Այդպես եղել է, այդպես էլ կլինի։

Փոխվել են ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Մեր աչքերի առաջ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Եվ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և դիմակայելու ցանկացած մարտահրավերի։

Համաշխարհային անվտանգային համակարգը ևս փլուզվում է, միջազգային մեխանիզմները թուլանում են։ Մեր նման փոքր պետությունների համար գերակա խնդիր է՝ ունենալ գործուն և կատարելագործված զսպման մեխանիզմներ։ Միջազգային համագործակցությունը դաշնակիցների հետ, հարաբերությունների ընդլայնումը և խորացումը ի նպաստ կարող է լինել անվտանգային համակարգի ամրապնդմանը։

Այսօր կնքված այս հուշագրերը դեռ մեր «Ուժեղ խաղաղության» առաջին քայլերն են։ Մենք ընդլայնելու ենք մեր համագործակցության շրջանակները։ Հայաստանին պետք է նոր և ուժեղ առաջնորդ։ Եվ ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը։ Եվ գիտեմ, ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն», — Ջերմուկում «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովում ելույթ ունենալով ասաց «Ուժեղ խաղաղություն» ծրագրի մշակման նպատակով ձևավորված անվտանգային թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ, պատերազմի հերոս, գնդապետ Արթուր Ավանեսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031