Ինչպես հայտնի է, սույն տարվա փետրվարի 1-ից, ՀՀ Պաշտպանության նախարարի որոշմամբ, դադարեցվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը։ Որպես պատճառաբանություն նշվեց հոգևոր ծառայության կազմակերպման ձևաչափը վերանայելու նպատակով։
24News-ը հարց ուղղեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին, թե արդյոք Էջմիածինը մասնակցում է այդ նոր ձևաչափի մշակման գործընթացին և ինչպես է պատկերացնում հոգևոր ծառայության ապագան։
«Նախարարի հիշյալ միակողմանի որոշումը ոչ միայն հակասում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և Կառավարության համապատասխան որոշմանը, այլև պարունակում է բանակում հոգևոր ծառայության հետագա ձևաչափի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ ձևակերպումներ, որոնք կարիք ունեն պարզաբանման։
Կարևորելով գնդերեցների ծառայությունը բանակում՝ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, մեր զինվորականների հավատքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցության և ոգու զորացման գործում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռևս փետրվարի 3-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ առաջարկելով նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կամ հանձնախմբի հետ համապարփակ քննարկում կազմակերպել՝ ԶՈւ հոգևոր ծառայության ապագային առնչվող հարցերի շուրջ։ Սակայն, ցավով պետք է նշեմ, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել», – 24news-ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։


















































