«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով արհեստական ամբոխավարական մանիպուլյացիաներ է ներմուծում եւ ազգը պառակտում։ Այս իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
Արցախցիների մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին անդրադառնալով՝ Կարաբեկյանն ասաց. «Դա խոսում է այն մասին, որ պետական ղեկավարը կամ դիլետանտ է, կամ միտումնավոր մարդկանց փորձում է տանել փողոցային լեզվակռվի։ Ժողովրդավար է ձեւանում, այո, ես ընդունում եմ ժողովրդավարությունը, բայց ոչ թե փողոցային բանավեճը։ Այս էժանագին մանիպուլյացիան ուղղված է ժողովրդի դեմ, նույն ընտրողի դեմ»։
«Փաշինյանն իր այս հայտարարություններով նաեւ փորձում է ղարաբաղյան խաղաքարտն օգտագործել՝ Ադրբեջանի ներքին խոսույթին հաճոյանալու համար։ Ալիեւն էլ է սիրում ներքին ճգնաժամի ժամանակ գնալ Արցախ, շենքեր է շահագործման հանձնում։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ խորը ճգնաժամ է, եւ ինչ-որ մեկը իրեն պատվիրում է, որ Ալիեւի ռեյտինգը բարձրացնի՝ մինչեւ նոր հրահանգ ստանալը: Ակնհայտ է, թե սա ինչ խաղ է, ովքեր են պատվիրատուները»,- ասաց Դավիթ Կարաբեկյանը։
Նա նշեց, որ որեւէ ժամանակահատվածում Արցախի իշխանություններն, առանց ՀՀ իշխանությունների, ինքնուրույն որոշում չեն կայացրել։ Դա հայտնի փաստ է, բայց հիմա Փաշինյանը մեղադրում է արցախցիներին կամ Արցախի իշխանություններին։
Կարդացեք նաև
«Հարցն այն է, թե արդյոք Արցախի իշխանությունները որեւէ քայլ արե՞լ են առանց Երեւանի հսկողության։ Այդ սեւի ու սպիտակի բաժանելը, նուրբ մանիպուլյացիան… Ասում է՝ ձեր վրա միլիարդներ ենք ծախսել։ Բայց գումարը Արցախից էլ էր գալիս Հայաստան, նույն պարենամթերքը, անվտանգային ծախսերի մի մասը Արցախը տալիս էր։ Կրծքին փակցրած զնաչոկը պետական սիմվոլ չէ, պետական սիմվոլը սահմանն է, զինանշանն է, դրոշն է։ Դու այսօր սահմանը կրճատել ես, Արցախը հանձնել ես թուրքին, ինքնությունից ես հրաժարվել, այսքանից հետո արցախցի կնոջն ասում ես՝ միլիարդնե՞ր եմ ծախսել ձեր վրա»,- հավելեց նա։
Դավիթ Կարաբեկյանը նաեւ հարցադրում է անում՝ որտե՞ղ են արցախցիներին պատկանող գումարները. «Ես էլ որպես արցախցի ուզում եմ իմանալ՝ եղբայր, Արցախի կենսաթոշակային ֆոնդի միջոցները, որոնք 30-40 տարի կուտակվել էին, որտե՞ղ են կորել։ Եթե ասում եք՝ փողեր եք ուղարկել Արցախ, որ շենքեր կառուցեն, այդ հրամանագրերը էլեկտրոնային էին։ Լավ, Արցախը չկա, բայց այդ ինֆորմացիան կա, հաշվետվությունները երեւում են, արի միասին նստենք վերլուծենք՝ քո ուղարկած գումարները որ մի շան տղեն է կերել։ Արցախում 4-5 պետական հիմնադրամ կար, այդ փողերը որտե՞ղ են»,- ասաց մեր զրուցակիցը։
«Երբ արցախցիներին ասում է՝ թողել փախել եք, դա ֆանտազիայի ու հեքիաթի ժանրից է։ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասում էր՝ ԱԽ նիստում զեկուցել է, որ թույլ ենք, երրորդ օրը պատերազմը պետք է դադարեցվեր։ Հարց՝ եղբայր, եթե դու գիտեիր, որ թույլ ենք, ինչո՞ւ ժողովրդին չասացիր՝ պետք է բանակցենք։ Դեռ 2019 թվականին բանակցելու հնարավորություն կար, բայց դու սպասեցիր, ասացիր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Նաեւ իր բերած արգումենտներն են հիմար, ասում է՝ Ղարաբաղի զորքը կգար, այստեղ հեղաշրջում կաներ։ Բայց Ղարաբաղի զորքի հրամանատարը դու էիր պատերազմական իրավիճակում»,- նշեց Կարաբեկյանը։
Դավիթ Կարաբեկյանի խոսքով՝ ստոր քայլ է արցախցիներին քննադատելը։ Այսօր վտանգի տակ է Հայաստանը. «Ժամանակը քիչ է, մենք կարող ենք ավելի դաժան փորձության առաջ կանգնել, քան Արցախում էր։ Իրավիճակը սրված է տարածաշրջանում, իսկ Ղարաբաղը չկա, բուֆերային գոտի չունես, եւ քո չորս կողմում պատերազմ է։ Դու փաստորեն դաշնակից էլ չունես։ Ադրբեջանը օրերս նորից զորավարժություններ էր անում, պատրաստվում է, իսկ ի՞նչ ես անում դու Հայաստանի համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2026



















































Իսկ դուք էլ էդ ամենը հանկարծ հիշեցիք հենց ընտրություններից առաջ, չէ՞։