Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը /Շենգավիթ նստավայր/, դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով դատավճիռը։ Տ.Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 16 տարի ժամկետով։ Տուժողը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 17 տարի ժամկետով ազատազրկումը, տուժող կողմը՝ 20 տարվա ազատազրկում։
2023 թ. մարտի 14-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, պատժի սպառնալիքով արգելված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2022 թ. մայիսի 4-ին Երեւանի Ադոնցի շենքերից մեկի փողոցի բնակարանում իր նախկին կնոջ՝ Տաթեւիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ բռնություն գործադրելու եւ Տաթեւիկ Աբրահամյանին սպանելու համար:
Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։
Այս գործով, ինչպես հիշում եք, մեր դատական ռեպորտաժներից մեկի ժամանակ տեղեկացրեցինք, որ սպանությունից երեք տարի անց, 2025թ. ապրիլի 8-ին դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, հայտարարությամբ հանդես եկավ դատարանում` բացականչելով, թե ինքն է սպանել Տաթեւիկ Աբրահամյանին, ապա դիմեց փախուստի։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ նա եկավ, տվեց ցուցմունք։
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը կբողոքարկի դատավճիռը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2026


















































