Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայֆիլմ» կինոստուդիան» վերադարձվել է ԿԳՄՍՆ-ին

Մարտ 26,2026 14:49 Share

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմնին:

2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տարիներ շարունակ փաստացի չէր գործում։ Վերջին տարիներին կինոոլորտում արձանագրվող ակտիվ զարգացումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման միտումները ստեղծել են ռազմավարական նոր հնարավորություններ, և անհրաժեշտություն է առաջացել «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը՝ կինոոլորտի պետական քաղաքականությունն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար:

Ըստ ընդունված որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը․ կմշակվի կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որը կընդգրկվի նաև «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագրում։ «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության և միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի և մշակույթի տնտեսավարման ապահովման համար:

Ֆիլմարտադրությունը ներկայում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային արժեքների տարածման միջոց, այլև տնտեսական զարգացման և ազգային բրենդի ձևավորման կարևոր գործիք։ Այն ունի բազմաշերտ ազդեցություն՝ ուղղակի և անուղղակի կերպով նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների,  զբոսաշրջության,  կրթության,  շինարարության և տարածքային զարգացման, լոգիստիկայի, սպասարկման ոլորտի, մարքեթինգի և կոնտենտային բիզնեսի։

Վերջին տարիներին պետության վարած քաղաքականության շնորհիվ կինոհամայնքի հետ համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ օրենսդրական և համակարգային բարեփոխումներ. 2023-2025 թթ. ընդունվել է 7 իրավական ակտ: Ներկայում շրջանառվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգի»,  «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծերը: Կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N 412 – Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը․ արդեն ստացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը («Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և անիմացիոն ֆիլմաշար «Սևանիկ») հաստատված են, 4-ը՝ դիտարկման փուլում են:

Միաժամանակ, ընդլայնվել է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների և կազմակերպությունների թիվը: 2025թ. ծրագրի շահառու է դարձել 11 արվեստագետ և 8 կազմակերպություն, որոնք մասնակցել են 22 հեղինակավոր հարթակի և արժանացել մրցանակների․ նրանց հատկացվել է 122 մլն 980 հազար դրամ խրախուսում: 2024–2025 թթ․ պետական աջակցություն ստացած 31 ֆիլմեր մասնակցել են 207 միջազգային կինոփառատոնի և արժանացել 105 մրցանակի (միայն 2025 թվականին 15 հայկական ֆիլմ մասնակցել է 58 փառատոնի՝ ստացել 15 մրցանակ)։

ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031