«Պրահայում որոշել եմ, որ պետք է ճանաչվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Հասկանո՞ւմ եք աբսուրդի աստիճանը՝ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պարզ չէր՝ ՀՀ-ն ինքն իր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե՞ չի ճանաչում»։
Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ որոշեց Արցախի ճակատագիրը, եթե ինքը չէր ներկայացնում Արցախի ժողովրդին։ «Ղարաբաղի հետ կապված հարցերը, բոլոր այն որոշումները, որոնք ես կայացրել, եմ նախկինում, դրանք խորհրդակցվել են Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Չի եղել այնպիսի որոշում, որ ես կայացնեմ՝ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու։ Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, ձեզ հայտնի անձը որոշումը կայացրել է ինքն իրենով, ես չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել։ Ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ կապ, ի՞նչ դեր ունի այդ ամենի հետ, ինքն ասել է՝ ոչ մի կապ, ոչ մի դեր։ Ասել եմ՝ դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք, կայացրեք»,- ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ Պրահայում ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց․ «Ես Պրահայում որոշել եմ Հայաստանի Հանրապետության հարցը։ Ես Պրահայում որոշել եմ, որ պետք է ճանաչվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Դուք հասկանո՞ւմ եք աբսուրդի աստիճանը՝ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պարզ չէր՝ Հայաստանի Հանրապետությունն ինքն իր տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ է, թե՞ չի ճանաչում։ Եվ սա ամենամեծ դավադրությունն է Հայաստանի պետականության դեմ, որը ես հաղթահարել եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Թե Հայաստանի, թե Ղարաբաղի իշխանություններն, ըստ էության, Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակների համար։ Եկեք գաղթականի եւ պանդուխտի տրամաբանությունից դուրս գանք, որովհետեւ ՀՀ-ն մեր տունն է, մենք պետք է մեր տանը տեր կանգնենք: Իմ հոգսն այն է, թե ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն ունենա, աշխատանք ունենա, անվտանգություն ունենա, ազատություն ունենա։ Ես դրանով եմ զբաղվում, եւ ես ասում եմ, որ որպես ՀՀ վարչապետ՝ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետեւ ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետեւից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետեւից։ Մենք ինչքան պատմական արդարության հետեւից գնանք, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների»,- հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ Սահմանադրությանը եւ Անկախության հռչակագրին։ «Ես նախկինում խոսել եմ Անկախության հռչակագրի մասին եւ ուզում եմ հստակ ասել, որ էդ քննարկումները, որ մենք ունենանք նոր Սահմանադրություն, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին, դա մեզ է պետք առաջին հերթին։ Դա նշանակում է այս տարածաշրջանում հարատեւ պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Եթե մենք մեր սոցիալ-հոգեբանական մտածողության մեջ դնելու ենք էն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը, գնալու ենք եւ իրագործելու ենք մեր հռչակագրի պատկերացրած Արեւմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ ռազմավարությունները, դա նշանակում է օրակարգ ձեւակերպել Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Եթե հանրաքվեով նոր Սահմանադրությունը չընդունվի, ի՞նչ կանի իշխանությունը, հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նորից կանենք հանրաքվե, կգնանք մեր ժողովրդին կբացատրենք, կհամոզենք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































