Լրահոս
Օրվա լրահոսը

«Չչքմեղանաք, էլի, էնքան կասեմ՝ կմնաք տակը»․ լեզվակռիվ Լիլիթ Գալստյանի եւ Ռուբեն Ռուբինյանի միջեւ

Մարտ 26,2026 15:54 Share

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը եւ հրապարակային հայտարարությունը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով իշխանական խմբակցության ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։ Այն դարձավ ընդդիմության եւ իշխանության միջեւ փոխադարձ մեղադրանքների հերթական հարթակը։

Լիլիթ Գալստյանը հիշեցրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությունը, որ Արցախի լուծարման հրամանագիրը համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, այդ փաստաթղթի վրա աշխատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

«Ստում է, չի եղել նման բան, ես ներկա եմ եղել բոլոր խոսակցություններին։ Ես անձամբ եմ ներկա եղել այդ ամեն ինչին, չի եղել ըտենց բան»,-տեղից միջամտեց նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը։

Լիլիթ Գալստյանը հայտարարեց՝ ՔՊ-ն, իբրեւ ՀՀ պաշտոնական իշխանություն, դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, ինչը նաեւ ՀՀ իշխանության սահմանադրական պարտականությունն էր եւ հիմա մեղադրանքի սլաքներն այս ու այն կողմ է ուղղում՝ ասելով, որ Արցախը համալրեց կորսված հայրենիքի շարքը։ Լիլիթ Գալստյանը վստահեցնում է՝ եթե ՔՊ-ն մնա իշխանության, այլ տարածքներ էլ կշարունակեն համալրել կորսված հայրենիքի շարքը։ Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ ՔՊ-ն հայ ժողովրդին գոյաբանական տեռորի է ենթարկում։

«Թող 1920 թվականին Դաշնակցությունը Արարատը չկորցներ, որ հիմա չքննարկեինք՝ մե՞րն, թե՞ մերը չի։ Ի դեպ, այդ կորցնելու ժամանակ, դրան զուգահեռ, Դաշնակցությունը նամակ էր գրում Աթաթուրքին՝ խնդրելով ռազմական օգնություն բոլշեւիկների դեմ։ Դրանից մի երկու տարի առաջ էլ Դաշնակցությունը պատվիրակություն էր ուղարկում սուլթանի մոտ, որտեղ Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը սուլթանին ասում էր, որ Հայաստանն իր գոյությամբ, պետությունը նկատի ուներ, պարտական է Օսմանյան կասրությանը։ Չչքմեղանաք, էլի, էնքան կասեմ՝ կմնաք տակը»,- Լիլիթ Գալստյանի ելույթից հետո ռեպլիկ նետեց Ռուբեն Ռուբինյանը։

Հայկ Կոնջորյանն էլ ի պատասխան Արծվիկ Մինասյանի արձագանքի՝ փաստերով խոսել, հավելեց՝ 1921 թվականի Սիմոն Վրացյանը նամակ էր ուղարկում Անկարա, խոսում էր Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամության անհրաժեշտության մասին, ռազմական աջակցություն էր խնդրում պաշտոնական Անկարային՝ միասնական ճակատով կռվելու միասնական թշնամի բոլշեւիկների դեմ։ Իշխանական պատգամավորը տարակուսած է՝ իրենք այժմ խոսում են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին, ոչ թե բարեկամության, բայց իրենց դավաճան են անվանում։

Անվտանգության եւ խաղաղության երաշխավորների մասին էլ խոսեց Հայկ Կոնջորյանն՝ ասելով․ «Դուք ուզում եք, որ Հայաստանը տանեք դնեք երաշխավորի ոտքերի տակ, որ այդ երաշխավորն իր ուզած օրը, իր շահերի համար, Հայաստանը տանի ու դնի աշխարհաքաղաքական շահերին զոհի, ձեզ էլ ձեր փայը տա, հայ ժողովրդին էլ սարքեք մանրադրամ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031