«Միասնության թեւեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը երեկ ներկայացրել է խաղաղության երաշխավորման իր մոտեցումը, որը ենթադրում է զսպման կարողություն ունեցող բանակի ստեղծում։ Նա ՔՊ կուսակցությունն անվանել էր պատերազմի կուսակցություն եւ հարցադրումներ ուղղել Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ եք 2020 թվականի պատերազմից հետո ձախողել երկրի պաշտպանությունը, երկիրը թողել առանց ինքնապաշտպանության կարողության, որ ով ուզենա, Հայաստանին սպառնա պատերազմով ու դուք էլ այդ վախը տարածելով՝ քվե խնդրեք՝ որպես խաղաղարար»։
Այսօրվա ասուլիսում, «Առավոտ»-ի հարցին ի պատասխան անդրադառնալով Թաթոյանի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք ասում ենք, մեզ ասում են, եւ ժամանակաշրջանը հարմար է, որպեսզի ՀՀ ժողովուրդը գնահատի։ Ի վերջո` ընտրությունը նաեւ բանավեճերը հանգուցալուծելու միջոց է, չէ՞։ Խնդիրը սա է՝ թող մենք ակտիվ հաղորդակցության մեջ լինենք, եւ գնահատվի դա։ Մենք ժողովրդի հետ մեր ունեցածը կիսում ենք եւ մենք հանձնվում ենք ժողովրդի դատին, ինչպես դա արել ենք 2021 թվականին։ Եվ ժողովուրդը մեզ կդատի, ցանկացած որոշում, որը կկայացնի ՀՀ ժողովուրդը, մենք այդ որոշմանը հնազանդ կերպով կենթարկվենք»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց՝ եթե խոսում եք հաստատված խաղաղության մասին, ապա ինչպե՞ս է ստացվելու, որ իշխանության դեպքում պատերազմ կլինի։ «Բա հենց էդ է ամբողջ խնդիրը, որ ասում եմ՝ խաղաղությունը հաստատված է, բայց էն ուժերը, ովքեր հավակնում են, իրենք խոսում են խաղաղությունը ռեւիզիայի ենթարկելու մասին։ Ասում են՝ վերաբանակցելու ենք, այսինքն՝ խաղաղությունը վերաբանակցելու համար պետք է չեղարկել խաղաղությունը։ Այսինքն՝ խաղաղության չեղարկումը բերում է պատերազմի։ Իմ ասած երեք ուժերն էլ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































