Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատավարձերն ուշանում են. ԿԳՄՍՆ-ը չի հաստատում նախահաշիվը

Մարտ 26,2026 17:32 Share

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների անհատական պայմանագրերով, կոլեկտիվ պայմանագրով որոշված մարտ ամսվա կանխավճարները (ավանսային վճարումներ) ուշացել են, ինչի արդյունքում խախտվում են աշխատողների աշխատանքային իրավունքները։ Կրթահամալիրի կառավարման խորհուրդը սահմանված կարգով հաստատել, մարտի 11-ին ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կրթահամալիրի 2026թ. ծախսերի նախահաշիվը, որի հաստատումը ձգձգվում է:

«2006- 2026թ մեր կրթահամալիրը բոլոր աշխատողների հետ աշխատել է աշխատանքային պայմանագրով, պարզ է, որ վճարման պայմանները աշխատանքային պայմանագրով են կարգավորվում: 20 տարի է, ես այդպիսի ամիս, տարի չեմ հիշում, որ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի վճարման ուշացում լինի: Մեր պատմությունն այդպիսի բան չի հիշում, սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ով է եղել կրթահամալիրի տնօրենը, ուսուցչի, այլ աշխատողի աշխատավարձը համարվել է անձեռնմխելի, եւ մենք բոլոր միջոցներով ապահովել ենք այդ անձեռնմխելիությունը»,- ասուլիսում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը:

«Ցավոք, 2026թ փետրվար ամսից մեզ համար շատ անսովոր վիճակի մեջ հայտնվեցինք, երբ կրթահամալիրի աշխատողների փետրվար ամսվա կանխավճարը (մենք վճարում ենք 2 մասով՝ կանխավճար եւ աշխատավարձ) ուշացավ: Եվ այդ ուշացումն այնպիսին էր, որ կարող էր տեւել օրեր, շաբաթներ, դա գալիս էր անորոշությունից: Վստահ կարող եմ ասել, որ այդ ուշացումը չի եղել գործատուի անգործության պատճառով:

Ընդ որում, որ ասում եմ գործատու, նկատի ունեմ կրթահամալիրի տնօրենին, որը 2 ամիս առաջ եղել է մեր Սուսան Մարկոսյանը: Ընդամենը մեկ ամիս առաջ կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կարգով կրթահամալիրի տնօրեն է ընտրվել Լուսինե Փաշայանը: Այսօր մարտի 26-ն է, եւ աշխատանքային պայմանագրով մինչեւ մարտի 20-ը մեր աշխատողները պետք է կանխավճար ստանային, սակայն այսօրվա դրությամբ այդ կանխավճարը ոչ ոք չի ստացել, եւ էլի անորոշություն է, թե երբ կստանան: Սա նույնպես կրթահամալիրի տնօրենի անգործության հետ որեւէ ձեւով կապված չէ»,-հավելեց Աշոտ Բլեյանը՝ ընդգծելով, որ աջակցություն են ակնկալում կրթական համայնքից, կրթահամալիրում սովորող ավելի քան 4000 սաների ծնողներից:

Նրա խոսքով, կրթահամալիրում գործող բոլոր ուսումնական հաստատությունները ստեղծվել են 1989-91թթ, եւ իրենք նոր հաստատություն չեն ստեղծել, ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է որոշակի քանակով ուսումնական հաստատությունների միավորումից եւ շարունակում է գործել որպես այդպիսին: Հետագայում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերակազմակերպվել է որպես օրենքով սահմանված կրթահամալիր, պետական կազմակերպություն՝ կրթական տարբեր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում:

«Մեր բոլոր ուսումնական հաստատությունները, կրթահամալիրը մինչեւ 2024թ պետական ֆինանսավորում ստացել են հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված կարգով: Մենք ընդհանրապես չենք խոսում ավել գումարի մասին, մենք խոսում ենք կրթահամալիրի, նրա կազմում գործող ուսումնական հաստատությունների եւ հանրակրթական 6 դպրոցների, քոլեջի պետական կառավարման լիազոր մարմնի, կառավարության՝ սահմանած գործող կարգով պետական դրամական միջոցների հատկացման մասին, այսինքն՝ հասանելիքի մասին»,-ասաց նա: Աշոտ Բլեյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը նախահաշիվը չի հաստատում, ինչն արդեն արժանապատվության հարց է:

Ասուլիսին ներկա էին նաեւ կրթահամալիրի աշխատակիցները, կառավարման խորհրդի անդամները, ծնողներ: Վերջիններս պնդում են, որ կրթահամալիրի աշխատողների աշխատանքային պայմանագրերը խախտվում են, իսկ վարչական քաշքշուկների պատճառով իրենց երեխաների կրթության իրավունքն է տուժում: Կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամներն էլ ասացին, որ սպառիչ բացատրություն են ակնկալում, ինչպես նաեւ ֆինանսական վերահաշվարկ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԳՄՍ լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 20-ին այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031