ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր բողոքի ցույց է անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ իշխանության ներկայացուցիչներին հիշեցնելով իրենց նախկին հայտարարությունները։ ՀՅԴ երիտասարդները կառավարության շենքի մոտ էին բերել իշխանության ներկայացուցիչների՝ Արցախում արված լուսանկարներն ու հիշեցրել նրանց հայտարարություններն Արցախի մասին։
«Խաղաղության անունից խոսում է այն ուժը, ում ղեկավարման 7 տարիների ընթացքում առնվազն 3-4 պատերազմ է եղել։ Հայաստանի իշխանությունները փորձում են խմբագրել կամ գուցե ջնջել մեր հիշողությունը։ Մի՞թե կարելի է հայրենիքի սահմանները որոշել աթոռով կամ մանդատով։ Այսօրվա ակցիայի նպատակն է ցույց տալ, որ այս իշխանություններն իրենց եկած օրվանից արել են ուղիղ հակառակը, ինչ հայտարարել են։ Մեր նպատակն է ցույց տալ այս իշխանություններին, որ մենք հիշում ենք ու հիշելու ենք իրենց հայտարարությունները, լուսանկարները եւ միշտ հիշեցնելու ենք, չենք թողնելու, որ նրանք հանգիստ ապրեն, քանի դեռ արել են հայտարարություններ, որոնցից հետ են կանգնել»,- ասացին ցույցի մասնակիցները։
Կարդացեք նաև
ՀՅԴ երիտասարդները հիշեցնում են, որ այս իշխանություններն Արցախը համարել են իրենց հայրենիքը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», դրանից հետո մեր ժողովրդի գլխին բերել են պատերազմ, զոհեր, ստորագրել են կապիտուլյացիա։
«Դրանից հետո լուռ հետեւել են, թե ոնց է Արցախը հայաթափվում։ Արցախն իրենց հայրենիքը հայտարարելուց հետո հանձնեցին եւ հիմա ասում են, որ սխալվել են։ Հիմա ասում են՝ Հայաստանն է մեր հայրենիքը, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը Հայաստանը նույն կերպ չեն հանձնի թշնամուն։ Ձեր բաղձալի երազանքն այս անգամ իրականություն չի դառնալու, դուք չեք վերընտրվելու, որովհետեւ հայ ժողովուրդն ու ՀՀ-ն ձեզ հետ ապագա չունի, դուք ՀՀ-ում ապագա չունեք այլեւս»,- ասացին երիտասարդները։
«Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնել հանձնման եւ կործանման ճանապարհից»,- ասացին նրանք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































