Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ժայռապատկերները»՝ Կարեն Թոխաթյանի բացառիկ աշխատությունը

Մարտ 26,2026 22:30 Share

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի նորատիպ «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության մեջ ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը, բացահայտվում են դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, վերլուծվում՝ ժայռապատկերների խորքային իմաստաբանությունը, համեմատական ուսումնասիրությամբ ցույց են տրվում դրանց կապերը հայ մշակույթի այլ ոլորտների հետ:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանը, խոսելով գրքի կարևորության մասին, նշեց. «Մենք ունենք տարբեր աշխատություններ՝ նվիրված ժայռապատկերներին, բայց Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» համակարգված, ամբողջացված, գրեթե բոլոր տեղեկությունները ընդհանրացրած մեկ աշխատություն է, որն իր մեջ ամփոփում է Թոխաթյանի ավելի քան 30 տարիների քրտնաջան աշխատանքի, տարբեր գիտական արշավների արդյունքը:

Գիրքը նաև յուրահատուկ է նրանով, որ նյութի զգալի մասի գտնողը հենց հեղինակն է, որը 3 տասնամյակ լեռներում, տարբեր հատվածներում, հաճախ բարդ կլիմայական պայմաններում իր տեսախցիկով ֆիքսել է դրանք ու ուսումնասիրության ենթարկել»:

Միքայել Բադալյանն ընդգծեց. «Այս աշխատությունում արծարծված, քննարկված բազմաթիվ տեսակետներ, տեսություններ ուղղակի գիտական նորույթ են: Բազմաթիվ զուգահեռներ կան, որոնք բերվել են հին, այսպես ասած առաջավոր ասիական տարբեր ժայռապատկերների և հետագա շրջանների ժայռապատկերների ուսումնասիրության, քննման համատեքստում: Սա մի աշխատանք է, որի նմանը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում չունենք»:

Հայկական լեռնաշխարհի պատկերագրական ժառանգության հնագույն կոթողները՝ ժայռապատկերները, ըստ Կարեն Թոխաթյանի, պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր են, ունեն գիտաճանաչողական մեծ նշանակություն: Աշխատությունը ներկայացնում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման ու հետազոտման ընդարձակ պատմությունը, դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, սահմանված են «Ժայռապատկերաբանություն» գիտաճյուղի հիմունքները: Համեմատական նյութի ներառմամբ ցույց են տրված ժայռապատկերների և հայ մշակույթի հարակից ոլորտների իմաստաբանական աղերսները, որով վկայվում է դրանց արարողների էթնոմշակութային միասնականությունը և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարակայությունը: Տիեզերաբանական բովանդակության ժայռապատկերների և հնաստղագիտական կառուցվածքների վերլուծությամբ լուսաբանված են կոթողների թվագրման և օրացույցի սկզբնավորման հիմնահարցեր:

Գրքի առաջաբանում հեղինակը նշում է. «Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային արվեստն առանձնակի է հնությամբ ու բազմաժանրությամբ, ճշգրտությամբ ու կիրառական նշանակությամբ: Այն ունի գիտաճանաչողական մեծ արժեք՝ որպես մ.թ.ա. VII–II հազ. պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր: Ինքնատիպ այս մշակութային ոլորտի արգասիքներն ունակ են լուսաբանելու մարդկության պատմության բազմաթիվ ու տարաբնույթ խնդրահարույց էջեր՝ մշտապես պահպանելով ժայռարվեստի ուսումնասիրության արդիականությունը»:

Գրքի առաջաբանում, ի թիվս այլնի, նաև ասվում է, որ Հայաստանի ժայռապատկերների պատմամշակութային յուրահատկությունների վերհանման նպատակով դրանք բնութագրվում են՝ ըստ տեղադրության ու միջավայրի, ժամանակաշրջանի ու գործառույթի, ոճի ու բովանդակության, կատարման ու վիճակի. «Որոշակիացվում են տեսակները, տեղագրական, թեմատիկ և ոճական բաշխումը և, ըստ այդմ՝ մշակվում 365 բնութագիր ու հատկանիշ ընդգրկող դասակարգման համակարգ: Ձևակերպվում են ժայռապատկերաբանություն գիտաճյուղի հիմունքները՝ խնդիրները, հայեցակարգը, դրույթները, մեթոդական կառույցը և հասկացութային հենքը՝ սահմանումները, եզրաբանությունը, չափորոշիչները, նաև հետազոտման կարգը և փուլերը:

Աստղագիտական բնույթի ժայռապատկերները, գտածոները, քարե կոթողներն ու կառուցվածքները դիտարկվում են որպես տիեզերաբանական մտքի առարկայական դրսևորումներ: Համահունչ ու հաճախ նույնիմաստ արտացոլումներ են բացահայտվում մշակույթի մյուս ոլորտներում՝ դիցամտածողության մեջ և պաշտամունքում, կերպարվեստում, բանահյուսության մեջ, բառապաշարում ու միջնադարյան մատենագիր աղբյուրներում: Ժայռապատկերների և հնաստղագիտական ժառանգության համատեղ հետազոտությունը հեռանկարային է պատմամշակութաբանական հիմնարար խնդիրների ծիրում:

Ժայռարվեստի և առնչակից ոլորտների նյութերի համադրական քննությամբ ստացված գիտելիքը կիրառվում է մի շարք բարդագույն խնդիրների՝ կոթողների թվագրման, իմաստավորման, նաև՝ ժայռապատկերաբանության, օրացույցի, արվեստի և գիտության ակունքների պարզաբանման համար: Որոշակի լույս սփռելով պատմական զարգընթացներում՝ ժայռապատկերը ըմբռնելի է դարձնում հնադարի մտածողության ու մշակույթի ծագումնաբանական առանձնահատկությունները՝ վկայելով տեղածին մշակույթի անխզելի ժառանգականությունը և հայոց հարակայությունն իր բնօրրանում: Հետազոտության ժամանակային տիրույթը Հայաստանում ժայռագրության սկզբնավորման շրջանից (մ.թ.ա. VII հազ., գուցեև ավելի վաղ) մինչև ուշ միջնադարն է: Սեպագրական փուլում ու միջնադարում վերապրուկային դրսևորումներ կան՝ ըստ տեսքի, ոճի, արտահայտած իմաստի և կատարման տեխնիկայի:

Տեղագրական առումով ներառված է Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների պատմամշակութային ժառանգությունը: Ժայռապատկերների և քարե կոթողների բաշխումը ներկայացված է ճշգրիտ քարտեզներով: Համադրական նյութ է կիրառված նաև աշխարհի ժայռարվեստի այլ հնավայրերից: Պատմագրական ծավալուն անդրադարձ է արվում հայտնաբերման և ուսումնասիրության ընթացքին: Հայաստանի ժայռապատկերների հետազոտման ընթացքում որոշակի է հինգ փուլ»:

Կարեն Թոխաթյանը գրքի առաջաբանում նշում է նաև, որ Արցախի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի ժայռարվեստային նյութը, մշակույթը և տեղանունները ենթարկվել են ժառանգականության աղավաղման, տեղածին անվանադիր հանրության էթնոլեզվական պատկանելության նենգափոխման. «Թուրքական և ադրբեջանական իշխանությունների հրահանգով շարունակվել է հայրենազրկման քաղաքականության մաս դարձած մշակութակործան եղեռնը՝ հայոց պատմության ու ժողովրդագրության խեղաթյուրումը, մշակույթի բռնազավթումն ու ոչնչացումը, պատմաշխարհագրական ու տեղանվանական ոլորտներում զեղծարարությունը:

Ժայռապատկերային մշակույթը նպաստում է, որ Հայկական լեռնաշխարհը ներկայացվի որպես մեկ ամբողջություն, որի մարդաբանական ու մշակութաբանական պատկերն անընդհատ է՝ ըստ տարածքի (մոտ 400 հազար կմ²) և ժամանակի (տասնյակ հազարավոր տարիներ): Ուստի և առաջնահերթ է այս ժառանգության՝ հայագիտական հայեցակարգով համահավաք ուսումնասիրությունը:

Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում իմ հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք, 2. հրատարակված ժայռապատկերներ, 3. հնագիտական գտածոներ ու հուշարձաններ, 4. լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր, 5. անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր: Այդ ամենը հնարավորինս լրացվում է համացանցային պահուստի հրապարակումներով, եթե դրանցում առկա են աղբյուրագիտական նշյալ հինգ խմբերին առնչվող հավաստի փաստեր՝ հնավայրի, արտեֆակտի բնութագրեր, լուսանկար, կոորդինատ, քարտեզ, սկզբնաղբյուր տեքստ և այլն:

Հետազոտման մեթոդաբանական հիմքը պատմաքննական մոտեցումն է՝ սկզբնաղբյուրների ներկայացմամբ, հաճախ նաև՝ նորովի մեկնաբանմամբ: Աշխատանքն արված է կոթողների դասակարգման, համադրման ու համեմատության, համակողմանի ու քննական վերլուծության սկզբունքներով: Իրականության արտացոլման միջոց, մարդկային հանրույթի աշխարհայացքի կրող ժայռանկարը և հարակից նյութը դիտարկվում են ձևի ու բովանդակության միասնության, կայունության ու փոփոխականության պատմափիլիսոփայական իմաստավորման դիրքերից:

Ժայռապատկերման ոլորտի պատմական զարգընթացի ուսումնասիրությունը լրացվում է բնական գիտությունների և հարակից գիտաճյուղերի վերլուծական սկզբունքներով ու գիտական կառույցներով. մի շարք խնդիրներ են լուծվում դրանց մեթոդների և փաստերի համատեղ կիրառմամբ: Մեթոդաբանությունը զարգացվում է դասակարգման հիմունքների և, մասնավորապես՝ թվագրման աստղագիտական եղանակների մշակմամբ և արդյունքների կիրառման հեռանկարների գնահատմամբ»:

Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031