Եվ այսպես, հայրենասիրության այն մոդելը, որը հայերը դավանում էին մինչեւ Փաշինյանի իշխանության գալը, ձեւավորված է «ստալինյան սապոգի» միջոցով: Միանգամից, իհարկե, հարց է առաջանում՝ իսկ մինչեւ Ստալինը, անցած դարերի ընթացքում հայերն իրենց հայրենիքը չէի՞ն սիրում, թե՞ խորհրդային ղեկավարն ինչ-որ մոգական ձեւով ազդել է նաեւ անցյալի, ասենք, Վարդան Մամիկոնյանի կամ Րաֆֆու վրա:
Բայց ես չէի թերագնահատի նաեւ բուն խորհրդային շրջանը: Խորհրդահայ ամբողջ մշակույթը, օրինակ՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, որի համար 1946 թվականին կոմպոզիտորն արժանացել է Ստալինյան մրցանակի, իր էությամբ ստալինիստակա՞ն գործ է: Թե՞ հայրենասիրական չէ:
Կամ, եթե ավելի ուշ շրջանի օրինակը բերեմ, «Գարուն» ամսագիրը, որտեղ աշխատակցում էին ապագա Երրորդ Հանրապետության հայտնի դեմքերը, հայրենասիրության ստալինիստական մոդե՞լ էր քարոզում: 1992-94 թվականին հանուն Արցախի ազատագրման պատերազմի գնացած մեր հայրենակիցները հանուն «ստալինյան սապոգի՞» էին կռվում:
Վերջերս առիթ եղավ այցելելու Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարան՝ նրա շատ համեստ տունը, որն իր կնոջ ու աղջիկների ջանքերով թանգարանի էր վերածվել: Այնտեղ, բնականաբար, ամեն ինչ խոսում է այդ գործչի հայրենասիրության մասին: Եվ հիմա հարց է առաջանում՝ նրա, Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի, Ռազմիկ Զոհրաբյանի ու մնացած այլախոհների հայրենասիրությունը խորհրդայի՞ն էր: Նրանք ստալինյան գաղափարների համա՞ր են ազատազրկվել, հանուն «սապոգի՞» են զոհաբերել իրենց երիտասարդությունը:
Կարդացեք նաև
Նման անհեթեթ «եզրահանգումների» կարելի է գալ, եթե լսենք այսօրվա վարչապետին եւ նրա գաղափարախոս-քարոզիչներին: Այդպես է լինում, երբ իշխանության է գալիս մի ղեկավար, որը ա/ ծայր աստիճանի տգետ է, բ/ անհավանական աստիճանի ինքնասիրահարված, գ/ ունի որեւէ ձեւով չսահմանափակված իշխանություն: Այդպիսի ղեկավարը կարող է ասել՝ «այն կրոնը, որը դուք 20 դար դավանել եք, սխալ կրոն է» կամ՝ «այն հայրենասիրությունը, որը կար, ստալինյան է»:
Փաշինյանի ժամանակաշրջանը մենք կհիշենք սրտի կսկիծով, բայց նաեւ… ժպտալով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով



















































Պարոն Աբրահամյան, Դուք ամենաշատն եք Նիկոլին քննադատում,բայց Ձեր կայքում, առանց չափազանցության, ամենաշատ ՔՊ ի վճարովի գովազդն է։