Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը ⤵️
ℹ️ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը:
💡 Տարեկան հաղորդումն ամփոփում է հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության արդյունքները, ներկայացնում տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները:
Տարեկան հաղորդման համաձայն՝ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում են գտնվում համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների 72 տոկոսը, ինչը վկայում է հաստատության գործունեության բարձր արդյունավետության մասին։
Կարդացեք նաև
ℹ️ Հատկանշական է, որ 2025 թվականին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը:
✅ Այսպես, 2025 թվականին ստացված դիմումների և բողոքների ընդհանուր թիվը 22655 է, ինչը շուրջ 2 900-ով ավելի է 2024 թվականին ստացված դիմում-բողոքների ընդհանուր թվից։ Միաժամանակ, բացի համակարգային լուծումներից, անհատական 1688 գործով Պաշտպանի միջամտությամբ խնդիրը ստացել է դրական լուծում։ 2025 թվականին իրականացվել է 333 այց, ինչը 72-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ 2025 թվականի ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների, մարզային այցելությունների, աշխատանքային հանդիպումների, քննարկումների և այլ ձևաչափերով։
✅ 2025 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, աշխատանքային իրավունքների, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, հանրային տիրույթում ատելության խոսքի բացառման ու կարծիքի արտահայտման ազատության, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հետ կապված, ինչպես նաև մի շարք այլ համակարգային բնույթ ունեցող հարցեր։
✅ Միաժամանակ, հաղորդումն ընդգծում է Պաշտպանի մանդատը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև կանխարգելման ու խթանման ոլորտում։ 2025 թվականին իրականացվել են լայնածավալ իրազեկման, կրթական և վերապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել են քաղաքացիներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնագիտական համայնքներ՝ նպաստելով հանրային իրազեկման բարձրացմանը։ Ավելի քան 1000 երեխա մասնակցել է ՄԻՊ հայտարարած իրազեկման արշավի շրջանակներում կազմակերպված հանդիպումներին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։
➡️ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև միջազգային մեթոդաբանական չափանիշները։
📌 Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը կհրապարակվի առանձին՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման մանդատի շրջանակներում ՄԻՊ հաստատության կողմից իրականացված աշխատանքները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան


















































