Լրահոս
Օրվա լրահոսը

Հովնանյանները պահանջում էին «Միջազգային որակյալ դպրոցներ»-ից «սխալմամբ փոխանցված գույքը»

Մարտ 27,2026 13:30 Share

Մարտի 20-ին հրապարակվեց գրավոր ընթացակարգով քննված «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Միջազգային որակյալ դպրոցներ» հիմնադրամի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու եւ այդ հիմքով Հիմնադրամի սեփականության իրավունքը դադարեցնելու մասին գործով որոշումը:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. հոկտեմբերի 15-ի վճռով հայցը բավարարվել էր:

Նշեմ, որ այս գործով դատարանն արտագնա նիստ է արել վիճարկվող տարածքում, տեղատեսության ժամանակ ընկերության ներկայացուցիչը ցույց էր տվել վիճելի տարածքը. «Այդ տարածքի մի կողմը պատսպարված էր բետոնե ցանկապատով, իսկ երկրորդ կողմը`մետաղյա ճաղավանդակով: Մնացած մասն ազատ տարածք էր եւ մնացած հողատարածքներից առանձնացվում էր հողե ճանապարհով…Կողմերը հայտարարեցին, որ բետոնյա պարիսպը եղել է ավելի վաղ, նույնիսկ խորհրդային տարիներին, իսկ մետաղյա պարիսպը կառուցվել է 2006-2007-ին»:

Երեւանի Վահագնի թաղամասի համար 12 հողամասում գտնվող անշարժ գույքի, այդ թվում, 2.694125 հա հողակտորի նկատմամբ դեռեւս 2011թ. դեկտեմբերի 7-ին գրանցվել էր հիմնադրամի սեփականության իրավունքը: Մինչ այդ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության եւ «Միջազգային որակյալ դպրոցներ» հիմնադրամի միջեւ կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որի կետերից մեկի համաձայն՝ «քարտեզը ստանալուց հետո մոտավորապես 1210 քմ հողատարածքը պետք է վաճառվի Ընկերությանն անհատույց կերպով ծառայությունների մատուցման համար»: Խոսքը 2.694125 հա-ից դուրս մնացած 1210 քմ հողատարածքի մասին էր, իսկ ծառայություններ ասելով ընկերությունը նկատի ուներ դպրոցի շինարարության ընթացքում ցուցաբերած անվճար օգնությունը:

Սակայն Հիմնադրամը, ըստ ընկերության, որեւէ գործողություն չէր ձեռնարկել նշված տարածքը, տնակը, սպառված հոսաքի, ջրի գումարը Հովնանյաններին վերադարձնելու համար: Հովնանյանները գրություն են ուղարկել Դպրոցին, որ 1210 քմ չի ներառվել դպրոցի վերջնական հաստատված նախագծում:

Ի դեպ, հողակտորը տասը եւ ավելի տարի առաջ էր չափագրվել, առանձնացվել, ցանկապատվել:

Դպրոց-Հիմնադրամն էլ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հովնանյանների եւ «Պատրիոտ Սեքյուրիթի Սերվիս» ընկերության հետ կնքվել է պահնորդական ծառայություների մատուցման պայմանագիր, ինչը վկայում է այն մասին, որ ընկերությունը ձեռնարկել է գործողություններ, այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ, որի մասին տեղյակ էին իրենք: Այսինքն, հիմնադրամը որեւէ կերպ չի խոչընդոտել հայցվոր ընկերության կողմից հողատարածքի տիրապետմանը: Վճռաբեկ դատարանը բավարարեց Դպրոց-Հիմնադրամի բողոքը, բեկանեց, փոփոխեց ՀՀ քաղաքացիական դատարանի որոշումը, Հիմնադրամի սեփականության իրավունքը դադարեցնելու մասով պահանջը մերժեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031