Կարևոր քայլ դեպի «Հայֆիլմի» վերագործարկում
Երեկ՝ 2026 թվականի մարտի 26-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Այդ կապակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն իր խոսքն է ուղղել կինոգործիչներին․
«Սիրելի կինոգործիչներ,
Կարդացեք նաև
Դեռևս 2025 թվականի հունիսի 16-ին պատիվ եմ ունեցել ՀՀ ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին ներկայացնելու Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը:
Եվ արդեն ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր՝ 2026 թվականի մարտի 26-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Տարիներ շարունակ «Հայֆիլմը» եղել է հայկական կինոյի սիրտը։ Այստեղ են ստեղծվել ֆիլմեր, որոնք ձևավորել են մեր ինքնությունը, մեր կինոյի լեզուն, մեր մշակութային հիշողությունը։ Սակայն երկար ժամանակ կինոստուդիան փաստացի դուրս էր մնացել իր երբեմնի դերակատարությունից, և հայկական կինոյի գլխավոր հենարանը կորցրել էր իր ակտիվ նշանակությունը։
Այսօր ընդունված որոշումը սոսկ կառավարման փոփոխություն չէ։ Սա կարևոր քայլ է դեպի «Հայֆիլմի» վերագործարկում, դեպի հայկական կինոարտադրության համակարգված զարգացում և ազգային կինոժառանգության պահպանման ու արդյունավետ կառավարման նոր փուլ։
Այս գործընթացում հատկապես կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևողական դերակատարությունը։ Անձամբ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի ուշադրությունն ու աջակցությունը նշանակալի են եղել այս որոշման կայացման ճանապարհին։ Տիկին Անդրեասյանը, հանդիսանալով նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մշտապես կարևորել է կինոյի ոլորտի զարգացումը և «Հայֆիլմի» վերակենդանացման անհրաժեշտությունը՝ որպես հայկական կինեմատոգրաֆիայի ապագայի կարևոր բաղադրիչ։
Այս որոշումը նաև վստահության կարևոր ազդակ է կինոհամայնքին՝ ցույց տալու, որ հայկական կինոն կրկին դառնում է պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
«Հայֆիլմի» վերագործարկումը նշանակում է ոչ միայն ժառանգության պահպանում, այլ նաև՝ հայ կինոյի երիտասարդացում և, իհարկե, նոր հնարավորությունների ստեղծում երիտասարդ հեղինակների, պրոդյուսերների, ռեժիսորների ու ողջ կինոհամայնքի համար։ Սա հնարավորություն է վերադառնալու այն տարածք, որտեղ ձևավորվել է հայկական կինոյի պատմությունը, և սկսելու հայկական կինոարտադրության նոր կենսափուլ։
Վստահ եմ՝ այս որոշումը նոր էջ է բացում հայկական և՛ կինոարտադրության, և՛ կինոարվեստի զարգացման համար և կարող է դառնալ ոլորտի համակարգային վերափոխման կարևոր հենասյուներից մեկը։
Սրտանց շնորհավորում եմ»։
Դավիթ Բանուչյան
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն


















































