Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար. հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան» -ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ. շարականներ, տաղեր, հոգեւոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագույն երաժշտություն:

«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ, ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։
2026 թվականի յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու հանդիսատեսի համար՝ իր ուրույն ձեռագրով ապահովելով մշակութային հրավառություն:
Կարդացեք նաև
Դե իսկ սկիզբը 1981 թվականին էր, երբ Գրիգոր Դանիելյանը, նույն ինքը՝ Դանիել Երաժիշտը, հիմնեց «Շարական» հնագույն երաժշտության անսամբլը` ղեկավարելով այն մինչեւ 1985 թվականը: Անսամբլի անվանումը հուշել է իր ուսուցիչ` երաժշտագետ Ռոբերտ Աթայանը։ Մաեստրոն առաջնորդվել է այն գաղափարով, որ, եթե 200-300 տարվա մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ, ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն պետք է ունենա իր հնագույն երաժշտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ ներկայացնող եւ ավետող անսամբլ։ 1985 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենում «Շարական» անսամբլի ձայնագրությունը։ 1986 թվականին թողարկվում է «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, խորապես կարեւորելով անսամբլի տեղը եւ դերը, որոշում է կայացնում անսամբլը ընդգրկել եկեղեցական միջոցառումների շարքում, տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմունիստական կուսակցության ղեկավարության առաջարկով հնագույն երաժշտության «Շարական» անսամբլն անվանակոչվել է «Տաղարան», քանի որ անվանումն ուներ կրոնական ու հոգեւոր բնույթ:
«Տաղարան»-ի առաքելությունն ի սկզբանե եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թվականին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թվականին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով նոր շունչ ու որակ: Երվանդ Երկանյանը «Տաղարան»-ի համար մշակել է 350- ից ավելի հայ հոգեւոր, ժողովրդական, ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք առանձնանում են բարձրաճաշակ, երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ Երկանյանի մշակումներն առանձնահատուկ են հայ հոգեւոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:
Այդ տարիներին «Տաղարան»-ը, առաջին անգամ, հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրությունը»-ը, Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» եւ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերաները` համերգային ձեւաչափով։ Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին «Մելոդիա» ֆիրմայի կողմից` Մոսկվայում «Տաղարան»-ը ձայնագրվում ու թողարկում է ձայնասկավառակ։
1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը, այլ նաեւ բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ, որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում եւ տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:
Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունեություն է ծավալում` ներկայացնելով հայ հոգեւոր միջնադարյան երաժշտությունից մինչեւ եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն: Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է նեգրական սպիրիչուելներ, իսպանական, ֆրանսիական, իտալական, գերմանական, չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ:
«Տաղարան»-ը, լինելով միակը` գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով, բարձր վարպետությամբ, մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ, միշտ բարձրակետում է: Այս անսամբլը ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ ճշմարիտ արվեստով կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի, անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է, բայց Ս. Երկանյան մաեստրոն գիտի, որ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ ինքն է իր ուղին հարթում, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` ի շահ «Տաղարան»-ի: Մաեստրոն, հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին, կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած, կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարության եռահատորը: Նա քարտեզագրել, մշակել ու «Տաղարան»-ի երկացանկը հարստացրել է հորովելների, քոչարիների, հայկական խճանկարների, հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով:
Անսամբլը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգությունը եւ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը (կոմպոզիտոր` Դ. Սաքոյան)։
«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլն իր 45 տարիների կարեւոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել` թողարկելով ձայնասկավառակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա եւ ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների։ Անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայացնելով հայկական մշակույթը, բարձր հնչեցնելով Հայաստան անունը:
Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2026


















































