Լրահոս
Օրվա լրահոսը

Դրախտն իմ ինքնության հասցեն է, իմ դրախտի հասցեն նույնն է՝ Արցախ, Մարտունի, Աշան. արցախցի գրող

Մարտ 28,2026 11:18 Share

44-օրյա պատերազմից ու արցախցիների տեղահանությունից հետո արցախցի գրողի ու ֆրանսիացի լրագրողի նամակագրությունը վերածվել է գրքի: Newmag-ը հրատարակել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» երկլեզու հայերեն-ֆրանսերեն հուշագրութունը։ Հուշագրությունը գրական կամուրջ է երկու աշխարհների՝ արցախցի գրող Հերմինե Ավագյանի եւ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի միջև: Այս զրույցն այն մասին է, թե ինչպես է երկու օտար հոգիների հանդիպումը վերածվում գրքի, որն ապրելու է ժամանակից ու տարածությունից դուրս:

«Նախագիծը սկսվել է 2024-ին, Հայաստանից Արցախ ճանապարհն արդեն փակ էր, Արցախը շրջափակման մեջ էր, ես եկել էի Երեւան, բայց ցավոք չկարողացա վերադառնալ: Ինձ զանգեց Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ու տեղեկացրեց, որ Ֆրանսիայից իրեն զանգահարել է Փարիզում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, որը շատ մտերիմ է ֆրանսիացի փիլիսոփա Պասկալ Բրուկների եւ այլ անվանի գրողների հետ: Նրանք մտածել են, թե ինչպես շրջափակված Արցախի թեմային անդրադառնալ գրականության միջոցով, ու ի վերջո որոշել են իրագործել նամակագրության միջոցով: Ընտրվել է արցախցի գրող, բանաստեղծ Հերմինե Ավագյանը՝ ես, իսկ Ֆրանսիայից՝ լրագրող, գրող, փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հերմինե Ավագյանը:

Արցախցի գրողի խոսքով՝ սկզբում մտածել է ճիշտ չի լինի, որ նամակներն ինքը գրի, քանի որ ֆիզիկապես արդեն Արցախում չէ, բայց Նարինե Աղաբալյանը պնդել է, որ հենց Հերմինեն նամակների միջոցով պետք է ներկայացնի Արցախը ֆրանսիացի լրագրողին:

«Երբ ստացա առաջին նամակը, չհետաքրքրվեցի, նույնիսկ սոցցանցերում չփնտրեցի այդ անուն, ազգանունը՝ տեսնելու, թե ով է գրողը: Ինձ համար ամենակարեւորն Արցախի մասին խոսելն էր, որովհետև թերապիայի էր, տագնապը, կարոտն ու հուզմունքն այնքան էին կուտակվել իմ մեջ, որ խոսելու ցանկություն ունեի: Նա ինձ խնդրեց Արցախի մասին պատմել իմ մանկության պատմությունների միջոցով»,-ասում է մեր զրուցակիցը:

Հերմինեի խոսքով, իր մանկությունն ու Արցախյան առաջին պատերազմը զուգորդվել են, պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել իր ու իր սերնդակիցների մանկության վրա, ու նրանք չեն վայելել այն, բայց ինքը նամակների միջոցով փորձել է ներկայացնել մանկության լուսավոր կողմերը:

«Չէի ուզում միայն մեր ցավի մասին խոսել, գրեցի նրան պատերազմի մասին, բայց առանց լալկանության, առանց հոռետեսության ու որոշեցի իմ մանկության օրինակով պատմել Արցախում ապրող երեխաների այն լուսավոր երազանքների մասին, որ աշխարհում ունեն բոլոր երեխաները՝ ունենալ տիկնիկներ, բակում անհոգ խաղալ և այլն»,-նշեց Հերմինեն, տեղեկացնելով, որ նամակների վերջում միշտ ստորագրել է՝ Արցախ, Մարտունի, Աշան:

Իսկ թե ինչու որոշեցին գիրքը վերնագրել «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա»,այդ մասին էլ հեղինակը նշում է. «Երբ 2023-ին արդեն տեղահանությունը սկսվել էր, ես կարճ բանաստեղծություն գրեցի՝ «Այսօր նամակ ստացա դրախտից, Աստված էր, նա ասաց, որ այնտեղ ոչ ոք չկա», եւ գրքի գլխավոր խմբագիր Վահագն Աթաբեկյանը, տպավորվելով այդ բանաստեղծությունից, առաջարկեց այդ վերնագիրը, որը նաեւ գեղեցիկ հնչում է ֆրանսերեն: Այդ դրախտն իմ ինքնության հասցեն է, իսկ ինքնության հասցեները չեն փոխվում, իմ դրախտի հասցեն նույնն է՝ Արցախ, Մարտունի, Աշան»:

Ինչպե՞ս են ապրում, ի՞նչ է զգում պատերազմից հետո, ինչպե՞ս է Հերմինեն ստեղծագործում ու ի՞նչ է գրում: Այս հարցերն են ամենաշատը հետաքրքրել ֆրանսիացի լրագրող Ուլիս Մանեսին, որն իր լրագրողական գործունեության ընթացքում հետաքրքրվել է Հարավային Կովկասի երկրներով, Վրաստանով, Հայաստանով ու բնականաբար Արցախով։ Բացի դրանից, ֆրանսիացի լրագրողը խոստովանեց, որ Հայաստանի հանդեպ ունի խորը, զգացմունքային կապ:

Հարցին՝ ինչպե՞ս է ինքն ընտրվել որպես նամակագրության կողմ, Ուլիսը պատասխանեց. «Փարիզում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն է «շիշը նետել ծովը», եւ ես գտել եմ այն»: Ուլիսի խոսքով, որպես լրագրող իրեն միշտ հետաքրքրել են փոքր ազգերն ու փոքր երկրների թեման.«Ես մեծացել եմ ծովի ափին, մանկությունս անցել է ծովին նայելով ու նավակներ պատրաստելով, ու իմ մեջ դեռ մանկուց է ծնվել այդ ռոմանտիկ կանչը՝ հեռու ու փոքր երկրների նկատմամբ: Մի տեսակ ջերմ վերաբերմունք եմ միշտ ունեցել գողտրիկ ու փակ աշխարհների հանդեպ, որովհետև իմ ընկալմամբ դրանք մարդու ներքին ազատության երկրներ են: Իսկ «բաց» երկրներում դու ապրում ես մի տեսակ հաշվետու: Փակ աշխարհները մեծ երազանքներ են ծնում, ու միաժամանակ անհանգստացնում իշխանավորներին: Մեծ երկրներն ատում են այդ «ազատատենչ աշխարհները»:

Հավելենք, որ գիրքը խմբագրել է Լիլիթ Բլեյանը, թարգմանել գլխավոր խմբագիր Վահագն Աթաբեկյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031