Մարտի 16-20-ը Հայաստանի միջին մասնագիտական կրթական հաստատությունների, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները եւ փորձագետները եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ միասին հյուրընկալվեցին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում գտնվող INVOLAS GmbH- Մասնագիտական կրթության, աշխատաշուկայի եւ սոցիալական քաղաքականության ինստիտուտում, որտեղ կայացել է «Էրազմուս+» ծրագրի «Մոկ հավատարմագրման ներդնում՝ աջակցելու հայաստանյան ՄԿՈՒ (մասնագիտական կրթության եւ ուսուցման) հաստատություններում որակի ապահովմանը» (QA4VET) կարողությունների զարգացման նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային աշխատաժողովը: Աշխատաժողովին, բացի Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի աշխատակազմի անդամները:
Aravot.am-ի հետ զրույցում Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրենը նշեց, որ Օֆենբախում հնարավորություն են ստացել ծանոթանալու գերմանական ՄԿՈՒ համակարգին, ուսումնասիրելու որակի կառավարման առաջադեմ մոտեցումները, ինչպես նաև քննարկելու կրթություն-աշխատաշուկա համագործակցության արդյունավետ մոդելները։
«Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի մասնագիտական կրթության համակարգում որակի մշակույթի զարգացման, միջազգային փորձի ներդրման և կրթական գործընթացների արդիականացման ուղղությամբ։ Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում այցելեցինք նաև Philipp-Holzmann-Schule պետական մասնագիտական դպրոց՝ Ֆրանկֆուրտ քաղաքում, որը կրթությունն իրականցնում է դուալ համակարգով։
Այստեղ հիմնականում ուսուցանվում են շինարարական և տեխնիկական մասնագիտություններ՝ համատեղելով տեսական ուսուցումը և աշխատանքային պրակտիկան»,-ընդգծեց նա։
Նաեւ հավելեց, որ այցի ընթացքում ծանոթացել են Philipp-Holzmann-Schule պետական մասնագիտական դպրոցի ուսումնական պայմաններին, լաբորատորիաներին և կրթական գործընթացի կազմակերպման մեթոդներին: Նարա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, այցը Գերմանիա հնարավորություն ստեղծեց փորձի փոխանակման, ՄԿՈՒ ոլորտում կիրառվող ժամանակակից և դուալ համակարգով ուսուցման արդյունավետ կազմակերպման օրինակներից ներշնչվելու, հաջողված փորձը իրենց քոլեջում ներդնելու ուղղությամբ քայլեր կատարելու համար: Նարա Հովհաննիսյանը նշեց, որ տպավորված են Գերմանիա այցից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































