«Աշոտ Նավասարդյանը միշտ էլ ինձ հետ է՝ անկախ նրանից՝ ես որտեղ եմ՝ կուսակցությունում, թե՝ ոչ։ Ինքը բացառիկ քաղաքական գործիչ էր, բացառիկ լուսավոր մարդ, ու ՀՀԿ-ի հաջողություններն էապես կապված են այն հիմքի հետ, որ Աշոտ Նավասարդյանի մասնակցությամբ ստեղծել ենք 90-ականներին»,- Եռաբլուր պանթեոնում ՀՀԿ ԳՄ-ի և ակտիվի՝ ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 76-րդ տարեդարձի առթիվ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին անդամ, անկուսակցական Տիգրան Թորոսյանը։
Խոսելով Աշոտ Նավասարդյանի մասին՝ Տիգրան Թորոսյանն ասաց՝ ՀՀ-ի քաղաքական ասպարեզում նա բացառիկ մարդ էր իր տեսակով, հայրենիքին նվիրվածությամբ․ «Պատահական չէ, որ հանուն հայրենիքի, մեր ժողովրդի, ինքը 12 տարի անցկացրել է խորհրդային ճամբարներում, աքսորավայրերում, բանտում։ Նրան երբեք ընկճված չեմ տեսել, միշտ հավատացել է, որ հաջողություն լինելու է»։
Ըստ Տիգրան Թորոսյանի՝ ՀՀ-ի զարգացումը մեծապես կախված է քաղաքական կուսակցություններից, դրանց որակից․ «Անկախ նրանից՝ ինչպես են վերաբերվում ՀՀԿ-ին, մեր նորանկախ պետության երեք տասնամյակների ընթացքում ՀՀ-ի քաղաքական կյանքում ՀՀԿ-ն ունեցել է բացառիկ դերակատարություն։ Չկա որևէ կուսակցություն, որը եղել է և′ ընդդիմություն, և′ իշխանություն։ Իշխանության մեջ, ինչպես ցանկացած քաղաքական ուժի պարագայում, եղել են թերություններ, սխալներ, բայց ակնհայտորեն կարելի է թվարկել հաջողությունները, և դրանք գալիս են 90-ականների սկզբից, ինչի համար շատ մեծ աշխատանք է արվել, որը շատերը չեն տեսել։ Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը եկավ հենց ՀՀԿ և առաջարկեց միասին անցնել հետագա ճանապարհը։ Իսկապես, մեր նորանկախ պետության պատմության ողջ ընթացքում բոլոր հաջողությունները կապված են 90-ականների աշխատանքի հետ, բայց ցավոք, հետագա ընթացքն արժանի չեղավ սկզբնական ընթացքին։ Լիարժեք կուսակցություն լինելու համար պետք է կայանալ։ Տեղից վեր կացող ամեն մեկը կուսակցություն է ստեղծում՝ ընդհանրապես չհասկանալով, թե կուսակցությունը ինչ է։ Կուսակցությունը կառույցները չեն միայն․ բովանդակություն պիտի ունենա, մարդիկ պիտի հասկանան՝ կուսակցությունն ինչ պիտի անի, ինչպես պիտի անի։ 90-ականներին կար ոգևորություն, կար դժվարությամբ հայթայթված գիտելիք, և դա օգնեց այն ժամանակվա դժվարությունները հաղթահարել։ Նոր ժամանակները նոր գիտելիք, փորձառություն են պահանջում։ Տեղից վեր կացող ամեն մեկը, որին չգիտենք էլ, չենք իմանում՝ մեկ օգտակար գործ արել է, թե՝ ոչ, հայտարարում է՝ կուսակցություն ենք ստեղծել։ Այս ձևով ճանապարհ գնալն անհնարին է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































