Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք Արցախյան գոյամարտի մասին

Մարտ 28,2026 21:50 Share

2026թ․ Մոսկվայում «Դիալոգ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ լույս է տեսել արցախցի գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Բեգլարյանի «В утробе войны» վիպակների և պատմվածքների ժողովածուն։ Մարտի 27-ին Երևանում՝ «Անի պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։

Ներկա էին «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, գրողներ, հասարակական, մշակութային գործիչներ, արցախցիներ, Ա․ Բեգլարյանի գրչակից ընկերներ։ Մինչ շնորհանդեսի սկսելը՝ Ա․ Բեգլարյանն իր ստորագրությամբ գիրքը նվիրում էր ներկաներին։

Բացելով շնորհանդեսը՝ «Դիալոգ»-ի նախագահ, գրքի հովանավոր Յու․ Նավոյանը ողջունեց ներկաներին, տեղեկացրեց նոր ժողովածուն միջազգային մրցույթների դափնեկիր գրողի 13-րդ գիրքն է։

Անդրադարձավ նոր գրքի կարևորությանը․ վիպակներն ու պատմվածքները պատերազմի ճամփաներով անցած զինվոր-գրողի հուշերն են։ Գրքի հերոսներն Արցախյան բոլոր պատերազմներով անցած մարդիկ են, և նրանք ովքեր բռնի տեղահանվեցին հայրենի Արցախից։ Բոլորն էլ իրական նախատիպեր են, որոնց հանդիպել է հեղինակը և ստեղծել փաստա-գեղարվեստական կերպարներ։

Իր խոսքում Ա․ Բեգլարյանը նշեց՝ ինքը ձգտել է ոչ թե ներկայացնել ժամանակագրություն պատերազմի և հետագա իրադարձությունների մասին, այլ պատերազմում գտնվող մարդու վիճակը, հոգեբանությունը։ Իսկ այժմ շատ է կարևոր, որ արցախցին մնա Հայաստանում, քանի որ շատերի մոտ պահպանվում է տուն դարձի հավատը։  Շնորհանդեսին մասնակից էին նաև «Литературная Армения» հանդեսի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, «Սպուտնիկ Արմենիա»  լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, «Գոլոս Արմենի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, ովքեր իրենց ելույթներում նույնպես կարևորեցին նոր գրքի լույսընծայումը։ Բարձր գնահատեցին հեղինակի աշխատանքը։

Աշոտ Բեգլարյան գրող-հրապարակախոսի, լրագրողի դերը կարևորեցին նաև Ստեփանակերտի Մեսրոպ մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, գրող և բլոգեր Ալբերտ Ոսկանյանը, արցախցի վաստակավոր ուսուցչուհի Վերա Խաչատրյանը, ԱՀ ԿԳՄՍՆ աշխատակից, վաստակավոր ուսուցիչ Ռուբեն Օսիպովը, հնագետ, պ․ գ․ դ․ , պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ուրիշներ։

Բոլորն էլ շնորհակալություն հայտնեցին «Դիալոգ» կազմակերպությանը, նրա նախագահին, ով մեծ տեղ է տալիս Արցախի մշակույթին, հովանավորում է մի շարք կառույցների գործունեությունը, աջակցում արցախցի գրողներին, և կարևորը՝ նաև կամուրջ է հայ-ռուս ժողովրդի բարեկամության համար։ Յու․ Նավոյանը նաև ներկայացրեց իր ղեկավարած կառույցի հովանավորությամբ տպագրված այլ գրքեր, որոնք արդեն ընթերցողի սեղանին են, պատմում են հիմնականում Արցախի, հայ մշակույթի մասին։

Դրանց թվում են Առնո Բաբաջանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորը, ռուս գրող, Արցախի բարեկամ Վիկտոր Կոնոպլյովի «Հայոց երկինք» էսսեների ժողովածուն, Նիկիտա Շագինի Արցախի պատմական հուշարձանների մասին ժողովածուն, Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը», Վերա Շուվաևա-Պետրոսյանի «Արարատյան ժամանակը» և այլն։ Յու․ Նավոյանը տեղեկացրեց՝ նախատեսած է տպագրել Առնո բաբաջանյանի երկերի ժողովածուի 25 հատոր։ Շնորհանդեսի հատուկ հյուրերն էր «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը՝ գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանի գլխավորությամբ։

Արցախցի բալիկները հանդես եկան արցախյան երգերի կատարումով։ «Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ»-ի հովանավորությամբ և մարտի 30-ին Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում կներկայացնի «Ձոն Արցախին» խորագիրը կրող համերգային ծրագիրը։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031