Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնների «ա՞ճ», թե՞ մանիպուլյացիա. «Հետք»

Մարտ 30,2026 16:01 Share

«Հետք». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է հայկական ծագման ապրանքների արտահանման զգալի աճի մասին, սակայն տվյալների ուսումնասիրությունն այլ պատկեր է ցույց տալիս։ Այդ աճի էական մասը ձևավորվել է ոսկերչական իրերի հաշվին, որոնք որպես հայկական ծագման արտադրանք ներկայացնելը խիստ վիճելի  է։ Այդ ցանկում տեսնում ենք նաև բջջային հեռախոսներ՝ այն դեպքում, երբ Հայաստանում չկա հեռախոսների արտադրություն։ Այս ամենն ուռճացնում է հայկական ծագման արտադրանքի ցուցանիշները և մոլորեցնող պատկեր ստեղծում տնտեսության վիճակի վերաբերյալ։

 Փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.5 մլրդ դոլարի հայկական ծագում ունեցող արտադրանք։ 2024 թվականի համեմատ այն աճել է շուրջ 10%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 72%-ով։

Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման հաշվարկման մեթոբանությունն ինքնին արդեն վիճահարույց է (որի մասին ներքևում կնշենք), սակայն որոշեցինք Էկոնոմիկայի նախարարությունից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։

Պարզվում է՝ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են։

Խնդիրն է այն, որ դա չափազանց մեծ ծավալ է Հայաստանի համար և խիստ կասկածելի է՝ Հայաստանում կա՞ն, արդյոք, բավարար գործարաններ և մասնագետներ՝ այդքան արտադրանք թողարկելու համար։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ռուսական ոսկի է վերաարտահանվում, այդ թվում՝ ոսկերչական իրերի տեսքով։ Այն, որ դա վերաարտահանում է, ապացուցվում է նրանով, որ 2022 թվականից հետո կտրուկ աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկին, և նույնքան կտրուկ աճել է Հայաստանից ԱՄԷ և Հոնկոնգ ոսկու ու ոսկերչական իրերի արտահանումը։

Օրինակ՝ 2021 թվականին, որի հետ համեմատություն է անում նաև Պապոյանը, Հայաստանից արտահանվել են ընդամենը 75 մլն դոլարի ոսկերչական իրեր՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։ Հետևաբար, որքանո՞վ է հավանական այնպիսի «հրաշք» Հայաստանի ոսկերչության ոլորտում, որ չորս տարի անց «տեղական» ոսկերչական իրերի արտահանումը գերազանցի 1 մլրդ դոլարը։

Այդ մասին «Հետք»-ը մի քանի անգամ գրել է։

Ի դեպ, ոսկերչության ոլորտի այս կասկածելի աճի արդյունքում արհեստականորեն ուռճացվել է նաև արդյունաբերության ոլորտի պատկերը։

2025 թվականին «ոսկերչական իրերի» մեծ մասն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մնացածը՝ հիմնականում Հոնկոնգ։

Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման ուռճացված տվյալներ է հրապարակել։ Եվ, եթե բացառենք ոսկերչական իրերն ու ևս մի քանի ապրանքախմբեր, ինչպես, օրինակ՝ բջջային հեռախոսները, կպարզվի, որ տեղական արտադրանքի արտահանման աճը շատ ավելի համեստ է։  

Նույնիսկ, եթե ոսկերչական իրերը համարենք տեղական ծագման արտադրանք, խոսել ընդհանուր աճից ու չներկայացնել, թե որ ապրանքների հաշվին է դա տեղի ունեցել, ևս կարող է մոլորեցնել հանրությանը։

Սեդա Հերգնյան
Լուսանկարը՝ Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից (նախարարն այցելել է «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի ջեռուցման ալյումինե մարտկոցների արտադրության գործարան, 2025 մայիս)
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031