Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպում է ունեցել առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող Գյումրու բժշկական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր, գործընթացում ի հայտ եկած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
🖇️Մարզպետը կարևորել է համակարգի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու որակի բարելավմանը։
«Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կարևոր քայլ է առողջապահական համակարգի զարգացման համար։ Մենք պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի դրա իրականացումը լինի սահուն, կանխատեսելի և արդյունավետ՝ ապահովելով թե՛ բնակչության շահը, թե՛ բուժհաստատությունների կայուն գործունեությունը։ Պետք է միասին կարողանանք ապահովել թե՛ ծառայությունների բարձր որակ, թե՛ բուժանձնակազմի աշխատանքի պատշաճ գնահատում»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
🔻Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են դիտարկումները, առաջարկություններ են հնչեցվել կազմակերպչական և ֆինանսական գործընթացների առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում բուժհիմնարկներում ակնկալվող ֆինանսական հոսքերի ավելացմանը։
Կարդացեք նաև
✍️Դավիթ Առուշանյանը նշել է, որ լրացուցիչ միջոցները հնարավորություն կտան էապես թեթևացնել հաստատությունների ֆինանսական բեռը՝ ուղղելով նախորդ տարիներից կուտակված պարտքերի մարմանը։ Մարզպետն ընդգծել է, որ ֆինանսական կայունության բարձրացումը հիմք կստեղծի նաև բուժանձնակազմի աշխատանքի խրախուսման համար, ինչի արդյունքում նախատեսվում է իրականացնել աշխատակիցների պարգևատրում և նպաստել նրանց սոցիալական պայմանների բարելավմանը՝ խթանելով ոլորտում մասնագիտական ներգրավվածությունն ու ծառայությունների որակի բարձրացումը։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ


















































