Ծաղկազարդ էր: Հազարավոր ու հազարավոր հայ քրիստոնյաներ գնացել էին եկեղեցիներ՝ Սուրբ պատարագի: Մարդիկ պարզապես գնացել էին եկեղեցի: Չէին պլանավորել, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը պիտի իր թիկնազորով գա ու պատարագի կեսից մխրճվի հավատացյալների բազմության մեջ: Հետևանքը՝ քաշքշոց, հարվածելու փորձ, թիկնապահներից մեկի կողմից հարված ներկաներից մեկի դեմքին, հրմշտոց, վիրավորական բառեր, բերման ենթարկվածներ, երեք ձերբակալված, քրեական վարույթ…
Վստահաբար, շատերը համացանցում, տարբեր սոցցանցային հարթակներում տեսել են Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի ու դրա տարբեր դրվագների մասին տեսանյութերը, հրապարակումները: Բայց նախքան մեր բուն ասելիքին անցնելը, հստակ արձանագրենք հետևյալը. որքան էլ բնական է հասարակության ռեակցիան նման՝ փորձանքաբեր, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը չսպասարկող իշխանությունների հանդեպ, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնությունը, նույնիսկ դրա փորձ անելն անթույլատրելի է: Բացի այդ, դատելով ամենից՝ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները կարծես հենց նման դրսևորումներ «ստանալու» են ձգտում՝ հասարակության դեմ ռեպրեսիաների դիմելու, ոստիկանական «բեսպրեդելի» դիմելու և «արյուն տենչացողների» ֆեյք պատկեր ձևավորելու ուղղությամբ պատրվակներ ունենալու համար:
Լավ, իսկ ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանի արածը: Այստեղ հանրային տիրապետող կարծիքն այն է, որ դա սադրանք էր: Հստակ, գիտակցված, նպատակային սադրանք: Առհասարակ, դեռևս 2021-ի ընտրություններից առաջ, ասենք՝ դրանից հետո էլ շատերն էին նկատում, որ Փաշինյանը կարող է ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել, որպեսզի հանրությանը ներկայանա որպես տուժող: Իսկ ինչո՞ւ են շատերը կատարվածը բնորոշում հենց որպես սադրանք: Կարծում ենք՝ նման գնահատական տալու հատկանշական պարագաներն ակնհայտ են:
Տեսեք. արդեն շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը և նրան ձայնակցող «առաջին շարքի» քպականներն ամենավայրագ եղանակներով ու արտահայտություններով զազրախոսում են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների հասցեին, գործնականում պատերազմ են մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ, հալածում են սիրված ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան հոգևոր հայրերի, կալանավորում են, բանտարկում: Միջանկյալ արձանագրենք, որ, չնայած այդ բոլոր ռեպրեսիաներին ու ճնշումներին, Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավում ակնհայտորեն տապալվել է: Բայց տվյալ պարագայում էականն այն է, որ այդ ամենի խորապատկերում մեկ էլ Նիկոլ Փաշինյանը, թիկնազորով ու «քաղաքացիական հագնված» օպերներով շրջապատված, մեկ էլ ու… մտնում է Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցի, ընդ որում՝ հատուկ այն ժամանակ, երբ Պատարագն արդեն սկսված է, իսկ եկեղեցին՝ լեփ-լեցուն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, հրաշալի իմանալով, որ եկեղեցու ներսում իր քարոզիչների կողմից բերված կամ բեմականացված «ժողովուրդը» չէ, այլ իրական ժողովուրդը, «մտնում» է բազմության մեջ:
Կարդացեք նաև
Մտնում է՝ շատ լավ տեղյակ լինելով, որ հանրության ճնշող մեծամասնությունը, տարբեր հարցումներով՝ 65-70 տոկոսը, ուղղակիորեն չի ընդունում իրեն, եթե չասենք՝ ատում է: Հանրության մեծամասնությունը հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անունը լսելիս ափերից դուրս է գալիս: Այդ դեպքում, էլ ի՞նչ է դա, եթե ոչ՝ ամենաուղիղ սադրանք: Այսինքն, նա ինքը ցանկանում է, որ «մի բան լինի», այլապես ինչու է խցկվում լեփ-լեցուն եկեղեցի՝ իմանալով հայ ժողովրդի մեծ մասի ծայրահեղ բացասական վերաբերմունքն իր հանդեպ:
Ի դեպ, հատկանշական է, թե իշխանական ռեպրեսիվ մարմինները ինչ հոդվածի հատկանիշներով են «գործ» հարուցել: Ստանդարտ դարձած «խուլիգանությունից» բացի (297-րդ հոդվածի 1-ին մաս), մի հատ էլ 452-րդ հոդվածի 3-րդ մասն են հավելել, այն է՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը»: Սա մենք չենք ասում, Փաշինյանի իշխանությանն սպասարկող ՆԳՆ-ն է ասում: Հարց է ծագում. այդ ի՞նչ «օրինական ծառայողական» կամ «քաղաքական գործունեությամբ» էր պայմանավորված Փաշինյանի՝ եկեղեցի մտնելը: Այդ երբվանի՞ց է եկեղեցի գնալը դարձել «քաղաքական գործունեություն»: Ստացվում է, որ հենց փաշինյանական «իրավապահ մարմիններն» են ընդունում ու արձանագրում, որ եկեղեցի գնալը Փաշինյանի դեպքում բացառապես «քաղաքական գործունեություն» է: Մի խոսքով, նույնիսկ Փաշինյանի ՆԳՆ-ն ընդունեց, որ կատարվածը «քաղաքական ակցիա» էր, հասկանալի է՝ իրենց ղեկավարի կողմից:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































