Լրահոս
Օրվա լրահոսը

Միջուկային օբյեկտների վրա հարձակումներ, ցամաքային ներխուժման վտանգ

Մարտ 31,2026 11:00 Share

Իրանի դեմ պատերազմից մեկ ամիս անց «միջնորդների» ակտիվություն է նկատվում

Թեհրանը դարձյալ շեշտեց Սյունիքի ռազմավարական կարեւորությունը;

Մեկ ամսից ավելի է, ինչ արդեն ձգվում է հարեւան Իրանի դեմ պատերազմը։ Մարտի 28-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել էին Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումները եւ իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունները, անդրադարձել էին հումանիտար բնույթի հարցերին։ Մարտի 9-ին համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին, հիշեցնենք, Փաշինյանն առաջիններից էր, որը շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավար Մոջթաբա Խամենեիին, որի լեգիտիմությունը ԱՄՆ-ը չի ճանաչում։ «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ։ Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատեւ խաղաղություն»- գրել էր նա։

Հայաստանի իշխանությունները պատերազմի մեկնարկից ի վեր Անվտանգության խորհրդի արդեն մի քանի նիստեր են գումարել։ Օրերս ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Կապան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Հատկանշական է, որ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ընդգծվել էր. «Հանդիպման ընթացքում դեսպանն, ընդգծելով Սյունիքի՝ որպես Իրանից դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի Իրան մուտքի դարպաս ունեցած ռազմավարական կարեւորությունը, Սյունիքը բնութագրել է որպես կայուն, զարգացած եւ հարուստ շրջան, ինչը համահունչ է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությանը»։

ՀՀ կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի, X-ի իր էջում հայատառ գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ», – գրել է նա։

Անկարան մաքսիմալ ակտիվ է, իսկ ըստ Թրամփի՝ Էրդողանը «հիանալի է»

Տարածաշրջանում բարդ իրադրություն է Իրանի դեմ պատերազմի հետեւանքով։ Այս իրավիճակը ե՛ւ հնարավորությունների ստեղծման, ե՛ւ մրցապայքարի լայն դաշտ է ձեւավորել։ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւս հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակման հետեւանքների ֆոնին։ Արաղչին, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի եւ տարածաշրջանի որոշ երկրների ջանքերին՝ ուղղված շարունակվող «պարտադրված պատերազմի» դադարեցմանը, ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններն անվանել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի եւ անվտանգության բացակայության հիմնական պատճառ։ «Հիմնական խնդիրը ամերիկյան կողմի հակասական վարքագիծն ու անհիմն պահանջներն են։

Ամերիկյան կողմի անհետեւողական գործողություններն ու հայտարարությունները մեծ կասկածներ են հարուցում»։

Թուրքիայի ԱԳ նախարարը, հղում անելով պատերազմի դադարեցման հարցում իր երկրի մոտեցմանը եւ պատրաստակամություն հայտնելով կառուցողական դեր խաղալ ներկայիս ճգնաժամի կարգավորման գործում, նշել է. «Մյուս կողմի նկատմամբ Իրանի կասկածամտությունը հասկանալի է, քանի որ Իրանը երկու անգամ հարձակումների եւ ռազմական ագրեսիայի է ենթարկվել հենց բանակցությունների թեժ պահին»։

Առհասարակ, Թուրքիան բավական ակտիվություն է ցուցաբերում Իրանի դեմ պատերազմի առաջին իսկ օրերից։ Անկարայից հնչող հայտարարություններից նկատելի էր, որ Անկարան ձգտում է միջնորդական առաքելություն ստանձնել։

Իսրայելի ազդեցությունն ԱՄՆ քաղաքականության վրա այլեւս դավադրության տեսություն չէ, օրերս նկատել է Թուրքիայի արտգործնախարարը. «Իսրայելի ազդեցությունը ԱՄՆ քաղաքականության վրա գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Այս հարցը լրջորեն քննարկվում է ամերիկյան աջակողմյան շրջանակներում, ինչպես նաեւ հանրության լայն շրջանում։ Այն լուրջ խնդիր է դարձել»։ Ֆիդանի փոխանցմամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը հասել է որոշակի փուլի, ամեն դեպքում, այն սկսվել է։ «Ամերիկացիները դա համակարգում են մեզ հետ։ Կապ է հաստատվել նաեւ Պակիստանի միջոցով՝ հաղորդագրությունների փոխանակմամբ։ Մենք երկար քննարկումներ ենք ունեցել երկու կողմերի, ներառյալ՝ իրանցիների հետ։ Մենք փորձում ենք հասկանալ յուրաքանչյուր կողմի դիրքորոշումը, թե ինչ են նրանք ակնկալում եւ համապատասխան ազդանշաններ փոխանցել։ Ներկայիս դիրքորոշումները անխուսափելիորեն տարբերվում են երկու կողմերի նախապատերազմյան դիրքորոշումներից։ Իրանի դիրքորոշումն ավելի տարբեր կլինի, քանի որ պատերազմից առաջ Իրանը բանակցություններ էր վարում հենց նմանատիպ իրավիճակ կանխելու համար։ Այժմ պատերազմը հասել է նշանակալի փուլի, եւ Իրանը զգալի ավերածություններ է կրել։ Բանակցությունների պահանջները, բնականաբար, տարբեր կլինեն։ Դա որոշ չափով բարդացնում է միջնորդների աշխատանքը։ Սակայն ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք աշխատել»,-նշել է նա։

Ֆիդանն այնուհետեւ հավելել է, թե դժբախտաբար պատերազմը ծավալվում է ամբողջ աշխարհի աչքերի առաջ, եւ այն շատ լուրջ կործանարար հետեւանքներ ունի ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային քաղաքականության վրա։ Նա շեշտել է, որ «պատերազմը, որը սկսվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից՝ միջազգային իրավունքի խախտմամբ, ավելի ու ավելի է բախվում տարածման վտանգի», ապա ընդգծել է, որ առաջնահերթություն է՝ պատերազմի տարածումը կանխելը, ինչպես նաեւ՝ Թուրքիային այս պատերազմից դուրս պահելը։ «Տարածաշրջանը ներքաշվում է Իսրայելի սցենարով մշակված խաղի մեջ։ Իսրայելը ցանկանում է, որ տարածաշրջանի իսլամադավան երկրները մտնեն միմյանց հետ երկարատեւ հակամարտության մեջ։ Մեր խորհուրդն է ե՛ւ Իրանին, ե՛ւ մյուս երկրներին չընկնել Իսրայելի կողմից ծրագրված այս խաղի մեջ»,-ասել է Ֆիդանը։

Այսպիսով, Ֆիդանը հստակ շեշտել է, որ Իրանի դեմ «անօրինական հարվածները» տարածաշրջանը մղում են ավելի մասշտաբային պատերազմի, ինչն «անընդհատ բորբոքվում է Իսրայելի կողմից լարվածության սրմամբ»։ Նրա խոսքով. «Մենք մերժում ենք ցանկացած սցենար, որը տարածաշրջանային պետություններին ներքաշում է կործանարար հակամարտության մեջ»։ Ապա նա պարզաբանել է. «Եկեք հստակություն մտցնենք։ Սա կարող է լինել պատերազմ, որն ընտրում է Իսրայելը, բայց ամբողջ աշխարհն է վճարում դրա գինը»։

Թուրքիայի միջնորդական ջանքերի ֆոնին, սակայն, Թուրքիայից նաեւ Իրանի ուղղությամբ մեղադրական ելույթներ էլ են հնչում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքտայի խոսքով՝ «պարզվում է Իրանից Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հրթիռներ արձակելու հրաման տվողի ինքնությունը»։ «Մենք հաճախ քննարկում ենք այս հարցը Ադրբեջանի հետ։ Իրանից Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հրթիռների արձակումը երբեք չպետք է տեղի ունենար։ Որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներից են, որոնք ամենից վճռականորեն են հայտարարում այս պատերազմի անիմաստության մասին։ Լրջորեն ուսումնասիրվում է նաեւ սադրանքի հնարավորությունը, քանի որ Իրանը որեւէ օգուտ չի ստացել այս երկու երկրների վրա գրոհներից։ Մասուդ Փեզեշքիանը նաեւ հայտարարել է, որ այդ գրոհներն Իրանը չի իրականացրել»։ Ֆուաթ Օքտայը ընդգծել է հրթիռների արձակման հրաման տվողների ինքնությունը պարզելու կարեւորությունը. «Այո, հայտնի է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, եւ հնարավոր է, որ իրանցի է սեղմել կոճակը։ Սակայն ամենակարեւորը պարզելն է, թե ում հրամանով է սեղմվել այդ կոճակը»։

Թե որքանով է հավանական Թուրքիայի՝ որպես անաչառ միջնորդ երկրի դերակատարությունը Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության մեջ, ցույց կտա ժամանակը։ Քանի որ դեռ մեծ հարց է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները որպես այդպիսին ընթանո՞ւմ են։

Ի դեպ, օրերս Թրամփը գովեստի խոսքեր է շռայլել Էրդողանի հասցեին՝ նրան անվանելով «մեծ առաջնորդ», քանի որ Թուրքիան «ղեկավարում է տարածաշրջանային դիվանագիտական արշավ՝ կանխելու ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի ներգրավմամբ ավելի լայն հակամարտությունը»։ Օրերս Մայամիում կայացած «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Թրամփը, նկատի ունենալով Թուրքիային եւ նախագահ Էրդողանին, նշել է. «Նրանք հիանալի էին։ Նրանք հեռու մնացին այն ամենից, ինչից մենք խորհուրդ տվեցինք հեռու մնալ։ Մենք օգնեցինք մեր դաշնակիցներին, տեսանք մեր մյուս դաշնակիցներին։ Տեսանք, որ մյուս դաշնակիցներն այնտեղ չէին։ Մենք նրանց կարիքը չունենք, բայց նրանք չօգնեցին մեզ, երբ մենք նրանց կարիքն ունեինք։ Եվ դա նրանց թանկ կարժենա»։

Հիշեցնենք, որ Էրդողանը վերջերս հակամարտությունն անվանել էր «անիմաստ»՝ նշելով. «Ամբողջ մարդկությունը, ինչպես նաեւ հակամարտության մեջ ներգրավված կողմերը, վճարում են այս անիմաստ, անօրինական եւ ավելորդ պատերազմի գինը, որը խորապես ցնցել է մեր տարածաշրջանը վերջին մեկ ամսվա ընթացքում»։

Փեզեշքիանը շնորհակալ է ՌԴ-ին, իսկ ըստ Ռուբիոյի՝ ՌԴ-ն Իրանի համար ոչինչ չի անում, որը կարող է խոչընդոտել Իրանում ԱՄՆ-ի գործողությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օրերս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները, Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սանձազերծած պատերազմի հետեւանքները։ «Արաղչին Հորմուզի նեղուցում առկա վտանգավոր իրավիճակը ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետեւանք է որակել։ Նա նշել է, որ այլ երկրներին պատկանող նավերի անցումը Հորմուզի նեղուցով իրականացվում է Իրանի իրավասու մարմինների հետ համաձայնեցված։ ՌԴ արտգործնախարարը, կրկին դատապարտելով ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ագրեսիան, ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները պահպանելու անհրաժեշտությունը եւ հայտնել խորհրդակցությունները շարունակելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը եւ անվտանգության ու կայունության վերականգնմանը նպաստելու համար»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով դարձել է անխուսափելի, Վաշինգտոնն ու Թել Ավիվը մոտեցրել են այն՝ իրենց ռազմական գործողությամբ ընդդեմ Թեհրանի։ «Որքան էլ ամերիկացիներն այժմ շատախոսեն Մերձավոր Արեւելքում միջուկային սպառնալիքի վերացման մասին, Վաշինգտոնում եւ Թել Ավիվում, իմ կարծիքով, տեղի ունեցածից հետո այժմ Իսրայելի եւ Իրանի միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով անխուսափելի է։ Որքան էլ տխուր եւ ցավալի է դա արձանագրել։ Այլ կերպ ասած՝ իրենց գործողությամբ ԱՄՆ-ը եւ Իսրայելը չվերացրին նմանատիպ միջուկային հակամարտության պատճառը, այլ մոտեցրին այն»,-նշել է Մեդվեդեւը։

Հարկ է նկատել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օրերս ռուսերեն լեզվով շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը եւ ժողովրդին աջակցության համար։ «Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձները եւ ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պատերազմում։ Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը եւ ժողովրդին»,-գրել էր Փեզեշքիանը։

Ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանն Իրանի համար ոչինչ չի անում, որը կարող է որեւէ կերպ խոչընդոտել կամ ազդել Իրանում ԱՄՆ-ի գործողությունների վրա։ Այս մասին պետքարտուղարը նշել էր՝ մեկնաբանելով պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի խորհրդարանականների այցը ԱՄՆ, նշելով, որ այն «նախապես ծրագրված» էր։ «Ռուսաստանը մնում է հզոր միջուկային զենք ունեցող երկիր, եւ կարեւոր է, որ միջուկային տերությունները մասնակցեն կառավարությունների մակարդակով, ինչպես նաեւ դիվանագիտական բանակցություններին»,-ասել էր Ռուբիոն։

Բանակցություններին եւ միջնորդությանն աջակցելու համար Թեհրանը վստահություն է պահանջում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օրերս նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին. «Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը կանխարգելիչ հարվածներ չի հասցնում, բայց մենք վճռական պատասխան հարված կհասցնենք, եթե հարված հասցվի մեր ենթակառուցվածքներին կամ տնտեսական կենտրոններին։ Դիմում եմ տարածաշրջանի երկրներին. եթե ցանկանում եք զարգացում եւ անվտանգություն, թույլ մի՛ տվեք մեր թշնամիներին պատերազմ վարել ձեր հողերում»։

Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հավելել է, որ Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար. «Իսրայելը հարձակվել է Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլական գործարանների, էլեկտրակայանի, ինչպես նաեւ միջուկային օբյեկտների եւ այլ ենթակառուցվածքների վրա։ Իսրայելը պնդում է, որ գործել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։ Այս հարձակումը խախտում է ԱՄՆ նախագահի կողմից սահմանված դիվանագիտության երկարաձգված վերջնաժամկետը։ Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար»։

Ինչպես հայտնի է, միջնորդի դերակատարին հավակնում է նաեւ Պակիստանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին ասել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորման հարցում բանակցություններին եւ միջնորդությանն աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ։ Շարիֆը Փեզեշքիանին տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ Պակիստանի դիվանագիտական շփումների մասին։

Հարկ է նշել, որ անցյալ շաբաթ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնապես պատասխանել է պատերազմի ավարտին ուղղված ԱՄՆ առաջարկներին։ Լրատվականի փոխանցմամբ՝ կարգավորման ամերիկյան պլանը բաղկացած է 15 կետից։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանը բացասական պատասխան է տվել պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։ Այդ առաջարկները գնահատվել են որպես առավելապաշտական եւ լարվածության ավելացման նպատակով խաբկանք, ինչպես եղել է նախորդ երկու դեպքերում։ Միաժամանակ Իրանն ընդգծել է, որ պատերազմը կդադարեցվի այն ժամանակ, երբ կատարվեն իր պայմանները, որոնք են՝ «թշնամու ագրեսիայի դադարեցում, երաշխիք, որ պատերազմն այլեւս չի կրկնվի, վնասի փոխհատուցում, տարածաշրջանի բոլոր ճակատներում եւ դիմադրության խմբերի դեմ պատերազմի դադարեցում, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության կիրառում»։ Առանց այս պայմանների, ըստ իրանական կողմի, բանակցություններ չեն անցկացվելու, եւ պատերազմը շարունակվելու է։

Միեւնույն ժամանակ, Mehr-ը հայտնել է, որ Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն զինվոր՝ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը պատրաստ լինելու համար։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով Կոնգրեսի մի քանի անդամների, հաղորդել էր, որ Իրանի վրա ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում։ Ավելի ուշ հաղորդագրություններ հայտնվեցին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ինքնաթիռը մանեւրներ է անցկացրել ԱՄԷ-ի վրայով, ինչը վկայում է Իրանում ցամաքային գործողության նախապատրաստությունների մասին։

Այս տեղեկություններին զուգահեռ, ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին խստորեն դատապարտել է իրանական նավթագազային օբյեկտների վրա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների վերջին հարձակումները՝ որակելով դրանք միջազգային իրավունքի եւ բնապահպանական նորմերի խախտում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին եւ Անվտանգության խորհրդի նախագահ Մայքլ Վոլցին ուղղված մարտի 27-ի նամակում Իրավանին փոխանցել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի ուղերձը։ Վերջինս մանրամասնել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումների աղետալի հետեւանքները շրջակա միջավայրի, հանրային առողջապահության, պարենային անվտանգության եւ մշակութային ժառանգության վրա։ Նամակում հստակեցվում է, որ 2026 թ. մարտի 7-ին եւ 18-ին Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանի կարեւորագույն նավթաբազաներին, պահեստարաններին եւ գազավերամշակման գործարաններին։ «Այս հարձակումները լուրջ էսկալացիա են՝ ուղղված Իրանի էներգետիկ անվտանգության եւ տնտեսական կայունության դեմ, որոնք հեռահար հետեւանքներ կունենան քաղաքացիական ենթակառուցվածքների եւ հիմնական ծառայությունների համար։ Դրանք հանգեցրել են ոչ միայն Իրանի նավթագազային ենթակառուցվածքների մի մասի ոչնչացմանը եւ էներգետիկ ցանցի վնասմանը, այլեւ աղետալի մարդկային ու բնապահպանական հետեւանքների։ Վառելիքի պահեստարանների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի եւ բնապահպանական բազմակողմ պարտավորությունների ակնհայտ խախտում է եւ համապատասխանում է բնապահպանական հանցագործության, այդ թվում՝ էկոցիդի չափանիշներին։ Նման գործողությունները միջազգային պատասխանատվություն են առաջացնում Իսրայելի վարչակարգի եւ Միացյալ Նահանգների համար՝ որպես այդ հանցագործությունների կատարողներ, եւ լիակատար հաշվետվողականություն են պահանջում համապատասխան միջազգային հարթակներում, ներառյալ՝ պատճառված ողջ նյութական եւ բարոյական վնասի լիարժեք փոխհատուցման պարտավորությունը»,-նամակից մի հատված էր մեջբերել իրանական լրատվամիջոցը։

Իրանն օրերս նաեւ հայտարարել է, որ խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են եւ լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար։ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից նշել են. «Թշնամին երրորդ հարձակումն է կատարել «Բուշեր» ատոմակայանի վրա։ Հրթիռը հարվածել է էլեկտրակայանի տարածքին»։ ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին հայտնել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին։ «Ռեակտորի վնաս եւ ճառագայթման արտանետում չի գրանցվել»,-նշել է գործակալությունը՝ հաստատելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկին հորդորել է զսպվածություն դրսեւորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։

Շարունակությունը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031