Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն երկրի յուրաքանչյուր բնակիչ պետք է կարողանա ինտերնետի ծառայություններից օգտվել մայրենի լեզվով. մեկնարկել է «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովը

Մարտ 31,2026 12:44 Share

Երեւանում մեկնարկել է ինտերնետի բազմալեզվությանը եւ թվային ներառմանը, համացանցում հայերենի զարգացմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը: «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» խորագրով համաժողովին ներկա են ինտերնետ կառավարման եւ IT ոլորտի միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ՝ Հայաստանից եւ արտերկրից՝ քննարկելու համացանցի բազմալեզվությանն ուղղված Համընդհանուր ընդունում (Universal Acceptance) շարժման զարգացումներն աշխարհում եւ մեր երկրում։

Օրակարգում ներառված են թեմատիկ քննարկումներն են՝  «Համընդհանուր ընդունման» տեխնիկական եւ գործնական կիրառությունները», «Տարբեր լեզուներ, մեկ ինտերնետ», «Բազմալեզու բովանդակության դերը թվային ներառման մեջ», «Միջազգային համագործակցության նշանակությունը «Համընդհանուր ընդունման» խթանման գործում»:

«Ինտերներտ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, ի թիվս այլնի,  նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել ոլորտի մասնագետներին, կիսվել հաջողություններով եւ միասին ուրվագծել ոլորտի զարգացման ուղիները: Նա ուրախությամբ ընդգծեց, որ մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, որոնք Հայաստանի ապագան են, եւ նրանց ջանքերով է Հայաստանը մեծ տեղ զբաղեցնելու աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջատար երկրների շարքում:

«Կիրառել այս ամենը եւ ստեղծել հայալեզու ինտերնետը, հայալեզու բոլոր վեբ-կայքերը եւ ծառայությունները շատ մեծ նշանակություն ունեն: Աշխարհում կա ավելի քան 10.000 լեզու, եւ դժվար է պահանջել, որ յուրաքանչյուր լեզվի կրողը իմանա մեկ ուրիշ լեզու, ենթադրենք անգլերեն կամ ֆրանսերեն, որպեսզի կարողանա հանգիստ աշխատել ինտերնետում: Նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկրի ամեն բնակիչ կարողանա աշխատել մայրենի լեզվով, օգտվել ինտերնետի բոլոր ծառայություններից իր իսկ լեզվով»,-նշեց Իգոր Մկրտումյանը: Հավելենք, որ պարոն Մկրտումյանը  համացանցում մեր երկրի հասցեն հանդիսացող .am դոմենի եւ Հայաստանում ինտերնետի ստեղծման ու զարգացման գործի ձեռնարկումից մինչեւ այսօր կարևորագույն դերակատարություն ստանձնած անձանցից մեկն է:

Ինչ վերաբերվում է 1995-ին գրանցված «Ինտերնետ հանրությանը», մեր երկիրը ներկայացնող առաջին սեփական դոմենային տիրույթի՝ «.am»-ի ստեղծումը հնարավոր է դարձել INET93 միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունից հետո։ «Ինտերնետ հանրությունը» նաեւ հայկական ինտերնետ թրաֆիկի փոխանակման ARMIX հիմնադրամի  ստեղծողներից մեկն է. որը դյուրացնում է Հայաստանում տեղեկատվական ծառայությունների  մատակարարների միջեւ ինտերնետ-թրաֆիկի փոխանակումը, ապահովում է հայաստանյան ինտերնետ տիրույթի ինքնուրույնությունը, նպաստում՝ միջազգային կապուղիների հետ հաղորդակցությանը:

Հայաստանում Եվրոպական համալսարանի պրոռեկտոր Արման Գրիգորյանն ասաց, որ իրենց համար պատիվ է հյուրընկալել «Ինտերնետ հանրության» կազմակերպած կարեւոր, բազմաբովանդակ եւ նշանակալի միջոցառումը: «Ժամանակակից առաջընթացի, տեխնոլոգիական զարգացումների պարագայում ինտերնետի դերը ոչ միայն կարեւոր է, այլեւ խիստ առանցքային: Այսօր դժվար է պատկերացնել, կրթության, գիտության եւ այլ ոլորտների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը՝ առանց ինտերնետի, ժամանակակից, նորարական  տեխնոլոգիաների կիրառման, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է բազմալեզու բովանդակության ձեւավորմանը, գեներացմանը եւ վերջինիս հասանելիության ապահովմանը»,- նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, կարեւորեց նման կարեւոր միջոցառման կազմակերպումը: Նա փաստեց, որ այս տարի շրջանառել են պետական լեզվական քաղաքականության նոր հայեցակարգ, որի սկզբունքներից երկուսը շատ կարեւոր են՝ ներառականությունը եւ հայերենի թվայնշայնացմանը: «Մի կողմից ինտերնետի միջոցով ուղիղ, անմիջական եւ շատ արագ կարողանում ենք կապվել գլոբալ աշխարհի հետ, բայց մյուս կողմից դա մեծ մարտահրավեր է, եւ ինչպես պարոն Մկրտումյանն է նշում, մենք ունենք սոցիալական խմբեր, որոնց կարող է հասանելի չլինեն արդի տեխնոլոգիաները: Ու եթե Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է պետական կառավարման համակարգի լայն թվանշայնացում եւ թվային ծառայությունների կիրառություն, սա մեծ մարտահրավեր է նաեւ պետական քաղաքակության համար, որովհետեւ գյուղաբնակ վայրերում ապրողների, տարեցների, որոշակի այլ սոցիալական խմբերի համար գուցե եւ մատչելի չլինեն ամբողջ ծառայությունները, որոնք պետությունը փորձում է ներդնել…Կարծում եմ՝ այս միջոցառումը կբերի որոշակի ներդրում այս ուղղությամբ, եւ մեր՝ պետական համակարգին կառաջարկի, թե ինչպես կարող ենք օգտագործել այս հնարավորությունները՝ պետական ծրագրերի լիարժեք ներդրման եւ կիրառման համար»,-հավելեց Դվոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Իգոր Մկրտումյանի լուսանկարը՝  «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031